ԱռողջապահությունԳլխավոր

Երևանի թիվ 19 պոլիկլինիկան հանրապետությունում խոշորագույններից մեկն է

4.4kviews

Շարունակելով  ստացիոնար բուժհաստատությունների  և, առհասարակ, առողջապահական համակարգի սպասարկման, խնդիրների, նորությունների, հեռանկարների ու ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ մեր զրույցների շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք հանրապետությունում խոշորագույններից մեկի՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ մեր բազմաբովանդակ  և ճշգրիտ տեղեկատվությամբ հագեցած հարզացրույցը:

Պարոն Սարգսյան, ինչպիսի՞ն է Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի այսօրը, ինչ ծավալներով եք աշխատում և տարիքային ո՞ր խմբերին եք սպասարկում :

Ինչպես յուրաքանչյուր օրը, այնպես էլ այսօր պոլիկլինիկայի համար լուսավոր է և հագեցած աշխատանքային հոգսերով: Երևանի թիվ 19 պոլիկլինիկան սպասարկում է շուրջ 84.000 բնակչության: Այն իր բնակչության թվով և սպասարկման անձնակազմով համարվում է հանրապետության խոշորագույն պոլիկլինիկաներից մեկը: Այստեղ բարձրակարգ սպասարկում է իրականացվում տարիքային բոլոր խմբերի՝ 0-18 և 18-ից բարձր տարիք ունեցող բնակչության համար: Ամեն օր բուժհիմնարկություն է հաճախում շուրջ 700-ից 800 բնակիչ:

Այսօր պոլիկլինիկայում գործու՞մ է հիվանդներին ստացիոնար ուղեգրելու գործընթացը և արդյո՞ք սահմանափակումներ կան:

Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին ստացիոնար ուղեգրումը համապատասխան հիվանդության առկայության դեպքում անսահմանափակ է, որը կազմակերպվում է համապատասխան բուժօգնություն ցուցաբերող տեղամասային թերապևտի, մանկաբույժի միջոցով, անհրաժեշտ հիվանդությունների պարագայում ՝ նեղ մասնագիտական խորհրդատվությունից հետո՝ նեղ մասնագետի կողմից:

Բժշկական ոլորտում ստացիոնար բուժհաստատությունների հետ կապված տարածված դժգոհություն կա՝ մասնավորապես թղթարարության, գրագրության, նյութատեխնիկական բազայի ոչ պատշաճ հագեցվածության պարագայում հիվանդները խորացնում են խնդիրները և հետո միայն դիմում իրենց. ի՞նչ կասեք այս առիթով:

Հիվանդանոցային բուժօգնություն ստանալու նպատակով բնակչին ուղեգրի տրամադրումը ամբուլատոր պոլիկլինիկաներում չի ընթանում ավելորդ թղթարարությամբ և քաշքշուքներով: Յուրաքանչյուր բնակիչ պայմանագրային հիմունքներով բուժսպասարկում և օգնություն է ստանում տեղամասային թերապևտի ու մանկաբույժի կողմից և ցանկացած գանգատների դեպքում անսահմանափակ կարող է դիմել իրեն սպասարկող բժշկին: Ախտորոշման ճշգրտման և հաստատման նպատակով իրականացվում են նաև մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, նեղ մասնագիտական խորհրդատվություններ, որից հետո, հիվանդանոցային բուժօգնության կարիքի դեպքում, պացիենտին անմիջապես լրացվում և տրամադրվում է ուղեգիր: Հաճախ պոլիկլինիկաների մասնագետները և տնօրինությունը առնչվում են մի փոքր այլ խնդրի հետ, երբ բնակչի ազգականը ներկայանում է պոլիկլինիկա և հայտնում, որ արդեն իր հարազատը գտնվում է որևէ ստացիոնար բժշկական կազմակերպությունում, որի համար իրեն հարկավոր է ուղեգիր: Ե՛վ տնօրինությունը և՛ մասնագետները բացատրում են տվյալ հիվանդի հարազատներին, որ այդ դեպքերում ՀՀ Առողջապահության նախարարի և պետության կողմից հաստատված և երաշխավորված է անվճար բժշկական օգնության ու սպասարկման չափորոշիչներին համապատասխան՝ հիվանդանոցներին տրված է հնարավորությունը՝ իրենց մոտ գնահատելու հիվանդի առողջական վիճակը և անհետաձգելի ու հրատապ իրավիճակներում կազմակերպել հիվանդանոցային բուժօգնություն: Հակառակ դեպքում՝ առանց բնակչի ներկայության որևէ մասնագետ չի կարող գնահատել հիվանդի առողջական վիճակը և դնել հիմնավոր ախտորոշում՝ հիվանդանոցային բուժօգնության ուղեգիր տրամադրելու համար:

Պոլիկլինիկաները սոցիալապես անապահով և առանձին հիվանդությունների գծով հաշվառվածներին անվճար դեղորայք են տրամադրում. կոնկրետ ի՞նչ դեղորայք և որքա՞ն հաճախականությամբ:

Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչությանը պոլիկլինիկայում դեղորայքի տրամադրման գործընթացը իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների համաձայն: Բնակչությանը դեղորայք տրամադրվում է գերազանցապես ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղամիջոցներից, իսկ որոշ հիվանդությունների դեպքում՝ ընկերությունում գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Հիվանդին տրամադրվում է վերոնշյալ ցանկից դուրս անհրաժեշտ դեղորայք: Բնակչի՝ դեղորայքի դուրս գրումը իրականացնում են տեղամասային մանկաբույժները և թերապևտները, իսկ որոշ հիվանդությունների առկայության դեպքում՝ դեղատոմսային ձևաթղթերը դուրս են գրվում նեղ մասնագետների կողմից:

Պարոն Սարգսյան, արդյո՞ք մրցակցություն պոլիկլինիկաների միջև կան, և եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:

Քանի որ յուրաքանչյուր պոլիկլինիկա իրականացնում է հիմնականում իրեն կցագրված բնակչության բուժօգնությունը և սպասարկումը, ուստի քիչ հավանական է իրարից զգալի հեռավորության վրա գտնվող պոլիկլինիկաների միջև լուրջ մրցակցությունը:Սակայն մյուս կողմից փաստ է նաև, որ բնակիչը իրավունք ունի վարչական շրջանի տարածքում ընտրել իրեն սպասարկող պոլիկլինիկան և այն մասնագետին, որին վստահում է: Համոզված կարող եմ ասել, որ քաղաքացին ընտրությունը կկանգնեցնի բարեկարգ, ժամանակակից գործիք-սարքավորումներով հագեցված որակյալ ու կիրթ մասնագետներ ունեցող բժշկական կազմակերպության վրա: Ելնելով այդ հանգամանքից թիվ 19 պոլիկլինիկայում շուրջ 2-3 տարի է, ինչ իրականացվում են բազմածավալ հիմնանորոգման աշխատանքներ, արդիականացվում են բժշկական գործիք-սարքավորումները: Բացվել են մի շարք նոր բժշկական ծառայություններ, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձվում մասնագետների վերապատրաստման հարցին:

Մեր հարցերն այսքանն էին, ինչի՞ մասին կուզենայիք ինքներդ խոսել, բայց հարց չտրվեց:

Կցանկանայի, որ առողջապահական ոլորտը մշտապես լինի պետական հոգածության և ուշադրության կենտրոնում, իսկ հնարավորության դեպքում նաև ավելանա ազգաբնակչության առողջության պահպանումը անձնվիրաբար և պրոֆեսիոնալ կերպով իրականցնող բուժանձնակազմի վարձատրությունը:

Վերջում պարոն Սարգսյանը մեզ հետ իր հագեցված և բովանդակալից զրույցն ամփոփեց ամանորյա մաղթանքով՝ ուղղված համայն հայությանը. <<Մաղթում եմ բոլորին ամենալավն ու բարին. թող 2016 թվականը սիրո, առողջության և համերաշխության տարի լինի>>:

Զրուցեց՝  Լ.Եղիազարյանը

Leave a Response