Նոյեմբերի 29-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել արցախցիներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը, հաղորդում է ՌԴ ՊՆ էջը։
Նշվում է, որ նախօրեին ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1699 մարդ: Շարասյան երթևեկությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։
«Ռուս զինծառայողներն ապահովել են շփման գծով անցնող ավտոբուսների անվտանգությունը՝ խաղաղ բնակիչներին Ստեփանակերտում գտնվող իրենց տներն ուղեկցելու համար»,- ասված է հաղորդարության մեջ։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար մարդ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: