‹‹Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մեզ մոտ անցավ արդար, թափանցիկ, կարելի է ասել՝ մի քայլ առաջ: Քվեարկության ամբողջ ընթացքը նկարահանավել է: Առավոտյան ժամը 8-ից մինչև 11-12-ը Եվրոպայի խորհրդի դիտորդները մեր տեղամասում են եղել՝ հետևելով ողջ ընթացքին, այնուհետև նույնը նաև միջազգային և տեղական դիտորդները: Ամբողջ ընտրական պրոցեսում որևէ խախտում չի արձանագրվել, ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը քվեարկելու է ‹‹այո›› ››,- մեզ հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ասաց Արարատի մարզի Խաչփառ համայնքի ղեկավար Ղ.Մարտիրոսյանը: Իսկ թե ինչ աստիճանում էր գտնվում ժողովրդի տեղեկացվածությունը սպասվող փոփոխությունների վերաբերյալ և արդյոք մարդիկ քաջատեղյակ էին, թե ինչի համար են քվեարկում՝ համայնքի ղեկավարը հպարտությամբ ընդգծեց այն հանգամանքը, թե ոնց կարող են մեր երկրում մարդիկ տեղեկացված չլինեն. ‹‹Նրանք հստակ գիտեին, որ 1995թ.-ին ընդունվել է Սահմանադրություն՝ երկրի կառավարման նախագահական համակարգով, 2005թ.-ին փոփոխություն է եղել՝ անցում կատարելով կիսանախագահականի, իսկ նոր Սահմանադրությամբ արդեն կառավարման համակարգը փոխվում է պառլամենտականի: Ժողովուրդը ինֆորմացված էր, գիտեր և, իմ կարծիքով, հաշվի է առել նաև ստեղծված իրավիճակը, համայնքում կատարված աշխատանքները, այդ ամենը ևս մեծ նշանակություն է ունեցել հանրաքվեի ‹‹այո››- ‹‹ոչ›› –ի վրա››:
‹‹Ես անկեղծ ասեմ, համեմատական կարգով, իհարկե, մեր գյուղում պրոբլեմները շատ քիչ են.Գյուղն ապահովված է ոռոգման ջրով, խմելու ջրով՝ 24 ժամյա գրաֆիկով, գազաֆիկացված է, ունի մանկապարտեզ, որ նորմալ գործում է, ունի խաղահրապարակներ: Խաչփառում մշակույթի և սպորտի բնագավառում Եվրոպայի չեմպիոններ էլ ունենք՝ Գևորգ Ղարիբյան և այլոք: Տրանսպորտի խնդիր ընդհանրապես չկա. քաղաքային ավտոբուսի վերջին կանգառը հենց մեր գյուղում է: Բնակչության կողմից հիմնականում դժգոհություններ չկան, որն էլ իր հերթին ավելի շատ կախված է տեղական իշխանությունից և ինքնակառավարման մարմիններից: Վերջինս մի ծառայություն է, որի ճիշտ մատուցմամբ էլ պայմանավորված է ժողովրդի բարօրությունը: Ճիշտ ծառայություն մատուցեցիր՝ բողոք չի լինի ու նաև հակառակը. երկրի իշխանությունների նկատմամբ բողոքի մեծ մասն էլ առհասարակ հենց պայմանավորված է տեղերում իշխանությունների՝ գյուղապետեր, քաղաքապետեր, թաղապետեր և այլն ոչ ճիշտ աշխատելուց: Ժողովուրդը վերաբերմունք է ուզում, ուզում է, որ իր ‹‹մատից փուշ հանեն››, այնքան խնդիրներ կան, որ պետք է լուծվեն, և եթե ճիշտ սպասարկում իրականացնենք, բարեխիղճ ծառայություն մատուցենք, իմ կարծիքով, բողոքները քիչ կլինեն: Իսկ ինչ վերաբերվում է երկրի ընդհանուր վիճակին՝ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ Շվեյցարիայում չենք գտնվում, մենք պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ենք ապրում և շատ բաներ գալիս է հենց դրանից››,- շարունակելով թեման հավելեց գյուղապետը:
Մեր վերջին զրույցից անցել է մեկ տարի և մի փոքր էլ ավել. թե այս ընթացքում ինչ է փոխվել Խաչփառում՝ կապված յուրաքանչյուր համայնքի համար գերխնդիր համարվող հարցերին՝ խմելու, ոռոգման ջուր, ասֆալտապատում և այլն՝ համայնքի ղեկավարը նկատեց. ‹‹Ամեն օր այստեղ աշխատանք է կատարվում, եթե մի օր չարվի՝ նույնն է, որ առավոտյան արթնանաս և նախաճաշելու փոխարեն հացադուլ հայտարարես, որն, իհարկե, անհնար է. նույն էլ այս պարագայում է: Այս տարվա ընթացքում հանդիսությունների սրահ է բացվել գյուղապետարանի միջոցներով, որը հնարավորություն է տալիս ժողովրդին անցկացնելու ուրախության, և Աստված մի արասցե, տխրության արարողությունները: Դպրոցի դահլիճն ամբողջությամբ վերանորոգվել է, պատուհաններն են փոխվում, ջեռուցման խնդիրն է լուծվել: Ոռոոգման համակարգում ևս նկատելի ու զգալի աշխատանք է իրականացվել. խողովակաշարերի մոտավորապես 160 մետրը փոխվել է երկաթբետոնե խողովակներով, որը հնարավորություն է տվել ևս 3-4 փողոցների նորմալ ջուր ստանալուն: Խմելու ջուրը նախկինում ստացել ենք ‹‹Մասին ՋՕԸ››–ից, հիմա` ‹‹Երևան Ջուր›› ՓԲԸ-ից՝ 24 ժամյա գրաֆիկով. սա գյուղի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից մեկն է, որն այլևս ստացել է իր լուծումը: Փողոցային լուսավորության աշխատանքներն ըստ պահանջի կատարված է, կենտրոնական փողոցները լուսավորված են 100 տոկոսով: Երկրորդական ճանապարհները խճապատված են: Բուժամբուլատորիան ևս գործում է: Աղբահանությունը կատարվում է շաբաթական 2-3 անգամ››:
Ինչպես փաստում է համայնքի ղեկավար Ղ. Մարտիրոսյանը, քառամյա ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները՝ կապված վերոնշյալ թվարկածների հետ՝ կատարվել են: Եվ ոչ միայն ծրագրով նախատեսվածները, այլև գյուղապետի խոսքով՝ գյուղում ամեն օր հազարավոր խնդիրներին լուծում է տրվում: Արդյունքում՝ գյուղացին ըստ պահանջի ապահովված է հողով, իսկ ով հող ունի՝ ապահովված է ամեն ինչով. ոռոգման ջուրը կա, հետևաբար պարապ մնալու խնդիր չկա: Ստեղծված են ապրելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Քանի որ Խաչփառը քաղաքամերձ գյուղ է՝ մի մասը աշխատում են նաև քաղաքում, որոշներն էլ արտադրական ձեռնարկություններում: Այս ամենի հետևանքով համայնքում բնակչության քանակն ավելանում է, արտագաղթը՝ նվազում:
Այսքան դրական կողմերով հանդերձ գյուղում, բնականաբար, խնդիրներ ևս կան. ‹‹Եթե ասեմ խնդիրներ չկան, սուտ կլինի. Մշակույթի տունը վերանորոգման կարիք ունի, առաջիկայում փորձում ենք միջոցներ գտնել, որ այդ հարցը կարգավորենք: Մնացածը մանր մունր խնդիրներ են, կլինի էլի, գյուղ է, որևէ գլոբալ հարց, համենայնդեպս, Խաչփառում չկա: Լավ կլիներ նաև պետական ֆինանսավորումը մի քիչ բարձր լիներ, որ կարողանայինք ոչ թե խճապատման, այլ ասֆալտապատման ամբողջական աշխատանքներ իրականացնեինք: Ամեն դեպքում ֆինանսը միշտ չի բավարարում, շատ լինելու դեպքում հազարավոր խնդիրներ կարող ենք լուծել, բայց, այդուհանդերձ, ելնելով մեր ֆինանսական վիճակից՝ քչով բավարարվում ենք, տեղավորվում, կարողանում ենք որևէ բան անել››:
Վերջում համայնքի ղեկավարն ավարտեց զրույցը անկեղծ ցանկությամբ. ‹‹Կուզեմ, ամենակարևորը, երկրում խաղաղություն լինի: Դրա պարագայում մնացած հարցերը հայ ժողովուրդը ի վիճակի է ստեղծելու, չեղած տեղը ‹‹քարից հաց ենք քամում››, միայն խաղաղ լինի, մարդկային զոհեր չունենանք՝ մնացած ամեն ինչը կանենք: Պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք՝ մեր միակ ցանկությունը դա է:
Գյուղն էլ մի ընտանիք է. այն գյուղը, որտեղ խաղաղ է, միասնական է՝ խնդիրները շատ հեշտ են լուծվում››:
Մերի Եղիազարյան