«Կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշներն աշխարհում նվազում են 3-րդ շաբաթն անընդմեջ». ԱՀԿ
Կորոնավիրուսով վարակման և մահացության նոր դեպքերի թիվն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ, սակայն համաճարակաբանական իրավիճակը դեռևս շարունակում է «խոցելի» լինել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը:
«Ուրախ ենք, որ երեք շաբաթվա ընթացքում անընդմեջ հիվանդացության և մահացության ցուցանիշի նվազում ենք նկատում, սակայն համաշխարհային մակարդակով մենք շարունակում ենք խոցելի իրավիճակում գտնվել»,- ասել է Ղեբրեյեուսը` ելույթ ունենալով Առողջապահության 74-րդ համաշխարհային ասամբլեայում:
Վերջինս հայտնել է, որ ներկա պահին աշխարհում չեն հայտնաբերվել կորոնավիրուսի նոր տեսակներ, որոնք «լրջորեն խախտում են պատվաստանյութերի և դեղամիջոցների արդյունավետությունը»:
Մայիսի 23-ի դրությամբ ԱՀԿ տեղեկություն է ստացվել վարակման 166 346 635 և մահվան 3 449 117 դեպքի մասին: