«Կրթությունը սահմաններ չունի». մեկնարկեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը: Այն կազմակերպվել է Եվրամիության կողմից՝ TAIEX ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի նպատակն է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման և հետազոտական աշխատանքների կազմակերպման, շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փորձի փոխանակումը: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ, այդ թվում՝ Էստոնիայի ակադեմիական փոխճանաչման տեղեկատվական կենտրոնի ղեկավար Գուննար Վահտը, Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Ադրիան Իորդաչեն, Խորվաթիայի Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության զարգացման բաժնի ղեկավար Անա Գորշիչը:
Աշխատաժողովի պաշտոնական մեկնարկը տրվեց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանի ելույթով, ով ողջունելով ներկաներին՝ մանրամասն ներկայացրեց ՀՀ-ում գիտական աստիճանների շնորհման կարգը:
gmpress.am-ի հետ զրուցում Ատոմ Մխիթարյանը խոսելով աշխատաժողովի կարևորության, ասպիրանտների, երիտասարդ գիտնականների մտահոգությունների, հարցերի մասին, ասաց, որ այսօր կրթությունն, ըստ էության, դարձել է առանց սահմանների. «Մարդը կարող է կրթություն ստանալ, շարունակել այն և աշխատել բոլորովին տարբեր երկրներում …այստեղ հարց է առաջանում, թե ինչպես պետք է ճանաչվեն ստացած կոչումները և աստիճանները: Այստեղ համապատասխանեցնելու խնդիր է առաջանում և այդ մտահոգությունների վերաբերյալ էլ հենց իրականացնում ենք այս աշխատաժողովը, որտեղ բացի փորձի փոխանակումից , քննարկվում են հարցեր նաև այն մասին, թե ինչպես պետք է ճանաչվեն մեր կրթական կամ գիտական աստիճանները տարբեր երկրներում: Կյանքը առաջ է գնում, հատկապես կրթության ոլորտ շատ արագ է զարգանում և, ես լիահույս եմ, որ այս աշխատաժողովը կծառայի այն նպատակին, որ ամրագրվեն այնպիսի կարգավորումներ, որոնք պետք է զարգացնեն մեր կրթական ու գիտական համակարգը» :
Մեր այն մտահոգությանը, թե արդյոք այստեղ ուղեղների արտահոսքի վտանգ չկա և կամ այն վերահսկող մեխանիզմներ մշակվե՞լ են, որ մեր երիտասարդները վերադառնան և իրենց ավանդը ներդնեն սեփական երկրի զարգացման գործում՝ պարոն Մխիթարյանն ասաց. « Եթե մենք մեր կրթական ու գիտական աստիճանաշնորհման համակարգը համապատասխանեցնենք եվրոպական ստանդարտներին, կարող ենք նաև ուսանողներ «ներմուծել», այսինքն՝ մարդիկ կարող են գալ և այստեղ կրթություն ստանալ, որը շատ ավելի կարևոր է: Կրկին ասեմ, որ կրթությունը սահմաններ չունի և ես մտավախություն չունեմ, թե մարդը ֆիզիկապես ո՞րտեղ է գտնվում, որովհետև ժամանակն այնպիսինն է, որ ֆիզիկապես կարող ես լինել մի տեղում, բայց աշխատել բոլորովին այլ տեղի համար: Այնպես որ, մտավախություն չկա, առաջանցիկ քայլերով պետք է կարողանանք բարելավել մեր կրթական քայլերն ու համապատասխանեցնել աշխարհին»:
Նշենք նաև, որ աշխատաժողովին հրավիրված է շուրջ 80 մասնակից՝ ԳԱԱ համակարգի գիտնականներ, բուհերի դասախոսներ, վարչական աշխատողներ, երիտասարդ գիտնականներ ու ասպիրանտներ և այլոք:
Աշխատաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը՝ հոկտեմբերի 18-ին:
Հեղինակ՝ Մերի Եղիազարյան