Հազարամյակների պատմություն ունեցող Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղն ամբողջությամբ գարնանային իր առօրյայի մեջ է: 650 տնտեսություն ունեցող համայնքում արդեն սկսվել են հողամշակման աշխատանքները, որն այսօրվա դրությամբ գյուղացու եկամտի եթե ոչ միակ, ապա գոնե հիմնական արդյունքն է:
Նշենք, որ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»-ում Աղավնատուն անունը կապված է Նոյ Նահապետի աղավնի արձակելու առասպելի հետ:
Համայնքի առօրյայի, խնդիրների, կատարված և կատարվելիք աշխատանքների մասին զրուցում ենք գյուղապետ Աշոտ Գրիգորյանի հետ (պաշտոնը ստանձնել է 2012թ.-ի հուլիսի 14ից):
Պարոն Գրիգորյան, ինչո՞վ է այսօր զբաղված Աղավնատան բնակիչը, ի՞նչ աշխատատեղեր կան համայնքում:
Ասեմ, որ Աղավնատուն համայնքն ունի 1135հա հողատարածք, որից 135-ը միայն բնակավայրն է կազմում, ունենք 650 տնտեսություն՝ 3557 բնակչով: Այս տարի բնակչության թիվը ավելացավ մոտ կրկնակի՝ 24 մահվան դիմաց ունեցանք մոտ 48 ծնունդ, որը վերջին տարիների համեմատությամբ շատ դրական ցուցանիշ է;
Ինչո՞վ պետք է զբաղված լինի գյուղի մարդը. գարունը նոր է սկսվում, պարզ է, որ գյուղացին սպասում է այսօրվան, որպեսզի կարողանա երկարատև հանգստից հետո վերջապես դուրս գա դաշտ, զբաղվի իր եկամտի միակ աղբյուրով՝ հողերի մշակմամբ: Այս տարի բնության պայմանները բարենպաստ են, չենք կարող ասել որքանով լավ կամ վատ, ամեն դեպքում այս տարի ձյուն, ձյունածածկույթ չունեցանք; Սա, իհարկե, ինչ որ կերպ իր ազդեցությունը կունենա հացահատիկային կուլտուրաների վրա, բայց այգիները առայժմ լավ վիճակում են: Այժմ վեգետացիոն շրջան է, գյուղացին սկսել է այգեբացը: Նույնիսկ կան մարդիկ, որ այգի էտն էլ են սկսել, լայն թափով իրականացվում են ծառի պտղի էտման աշխատանքները:
Համայնքում հիմնականում զբաղվում են բանջարաբուծությամբ, մասնավորապես՝ ավելի շատ ելակագործությամբ և թարխունագործությամբ:
Պոլիէթիլենային թաղանթներով ջերմոցներ ունենք, որոնց քանակը տարեցտարի ավելանում է:
Գարնան սկզբի միակ եկամտաբեր աղբյուրը թարխունագործությունն է:
Գյուղացին ինքն է ստեղծում իր աշխատատեղը՝ մշակելով իր հողը, ուրիշ աշխատատեղ, որպես այդպիսին, չունենք: Չունենք գործող ոչ մի արտադրամաս: Ունենք քարհանքեր, որոնք արդեն երկար տարիներ է չեն շահագործվում: Նախկինում այստեղ 50-100 մարդ էր աշխատում:
Մեր հիմնական առօրյան սա է. թարխունից հետո կսկսվի ելակի մշակությունն ու վաճառքը, որից հետո կարտոֆիլը, պոմիդորը և այլն:
Ի՞նչ կասեք ժամանցային վայրերի մասին. հանգստի ի՞նչ տարբերակներ կան Աղավնատուն համայնքում:
Ինչ վերաբերվում է գյուղի սոցիալ-մշակութային վիճակին, ժողովրդի կազմակերպման հարցերին, ասեմ, որ Մշակույթի տանը հանգստի սենյակ ենք հատկացրել, որտեղ այս ձմեռային ամիսներին գյուղացին զբաղված էր շախմատ, դամա, նարդի, թղթախաղ և նմանատիպ այլ ժամանցային խաղերով:
Մշակույթի տանը ունենք 7 խմբակներ՝ երկուսը պարի՝ ժողովրդական և լատինոամերիկյան, ասեղնագործության, նկարչության, ֆուրշեթի, գոբելենի: Մոտավորապես 100-ից ավելի երեխա զբաղված է այս խմբակներում:
Ունենք լավ հարդարված գրադարան, փոստային բաժանմունք, որի շենքում այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, այդ իսկ պատճառով էլ ողջ աշխատակազմն այսօր աշխատում է գյուղապետարանի՝ մեր կողմից հատկացված սենյակում:
Գյուղում որքանո՞վ են լուծված ասֆալտապատման, խմելու և ոռոգման ջրերի, փողոցային լուսավորության հարցերը:
Մենք ունենք ասֆալտապատման խնդիր, որի համար բազմիցս դիմել ենք համապատասխան տեղեր, որպեսզի կարողանանք Հովտամեջ-Աղավնատուն հատվածը (7կմ) ասֆալտապատենք:
Անցած տարի աշնանը գյուղացիներն իրենց ուժերով գումար հավաքեցին և փոսալցում, հողալցում արեցին գոնե: Սա նրանց նախաձեռնությունն է եղել և ոչ ոք ոչնչով չի օգնել նրանց:
Գյուղամիջյան ճանապարհները վատթար վիճակում են, քանի որ մեզ մոտ Ասիական զարգացման բանկի միջոցներով նոր ջրագծերի տեղադրման աշխատանքներն են կատարվում: Երբ դրանք ավարտվեն և շահագործման հանձնվեն՝ այդ ժամանակ նոր կկարողանանք ճանապարհները վերակառուցել: Մենք ավագանու հետ միասին բյուջեով նախատեսել ենք այդ ներհամայնքային աշխատանքները, որն անպայման ավարտին կհասցնենք:
Խմելու և ոռոգման ջրի խնդիր, կարելի է ասել, չունենք:
Ինչ վերաբերվում է փողոցային լուսավորությանը, ասեմ, որ երևի ուրիշ ոչ մի գյուղում այդքան լուսավորություն չտեսնեք, ինչպիսին մերն է, հարյուր տոկոսով և նույնիսկ ավելին լուսավորված են բոլոր փողոցները:
Հոսանքի խնդիրն է մեզ մոտ, նաև մի քանի այլ գյուղերում ևս գերակա այժմ. թեթև քամուց գյուղն ամբողջովին հոսանքազրկվում է : Սա շարքից և շահագործումից դուրս եկած, փտած լարերի ու հենասյուների արդյունքն է: Սրանք վաթսուանական թվականներից անցկացված գծեր են և այսօր էլ հենասյուները վթարային վիճակում են: Այս առիթով բազմիցս դիմել ենք համապատասխան պատկան մարմիններին՝ ստանալով պատասխան, որ միջոցներ չկան և անպայման այս հարցը մինևչ 2017թ.-ի ծրագրում կընդգրկեն :
Հոսանքալալերի այս խնդիրը այսօրվա դրությամբ Աղավնատուն համայնքի միակ ամենահուզիչ հարցն է, մնացած բոլոր խնդիրները ինչ որ տեղ քիչ-քիչ մեր միջոցներով կարող ենք լուծել, բայց սա մեծ գումարների հետ է կապված՝ վեր մեր ուժերից:
Կարելի՞ է ասել, որ համայնքում կատարված աշխատանքների մեծ մասը կատարվել են Ձեր նախագահության, գյուղապետության տարիներին:
Ես չեմ կարող ինձ համար ինչ որ բան ասել, դա միայն գյուղացիները կարող են անել: Կարող եք ցանկացածից հարցնել՝ այդպիսով կարծիք կազմելով իմ և կատարած աշխատանքներիս մասին:
Կառավարության կողմից հրատապ ծրագրերի շրջանակներում որևէ գործընթաց իրականացվում է գյուղում:
Հենց հիմա Կառավարության կողմից տրամադրված պարարտանյութերն են (ազոտական, կալիումական, ֆոսֆորական, դիզվառելիքային և այլն) սուբսիդավորմամբ տրամադրվում գյուղացիներին: Բաժանորդագրությունը ընթանում է լայն թափով, դա շատ ճիշտ գործընթաց է՝ ի օգուտ գյուղացու. այս բացարձակ ճշմարտությունը ես կարող եմ շատ վստահ ասել:
Կա՞ որևէ բան, որի մասին հարց չտրվեց, բայց կցանկանայիք խոսել:
Միայն կհավելեմ, որ արդեն երրորդ տարին է աշխատում եմ, որոնց ընթացքում նոր աշխատանքներ են կատարվել գյուղում; Այն ինչ չի եղել, պակասը, թերությունները փորձել եմ հնարավորինս լրացնել, սակայն երեք տարին շատ քիչ է էական արդյունքի հասնելու համար:
Հուսով եմ այս մեկ տարվա ընթացքում (հաջորդ ընտրություններին դեռ մեկ տարի կա) կհասցնեմ անհրաժեշտ, կարևորագույն գործերն անել գյուղացու համար:
Զրուցեց Մերի Եղիազարյանը