Միջազգային

Ղազախստանի նախագահը հրամայել է առանց զգուշացման կրակել ահաբեկիչների ուղղությամբ

165views

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու մասին հրաման է արձակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ղազախստանի նախագահը նշել է բնակիչներին ուղղված իր ուղերձում:

Երկրի ղեկավարի խոսքով՝ ավազակային խմբերը շարունակում են վնասել հանրապետության ունեցվածքը և զենք կիրառել քաղաքացիների դեմ։

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ և վերածվեցին անկարգությունների:  Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը. մինչ այդ Ղազախստանի անվտանգության խորհուրդը ղեկավարում էր երկրի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը:

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

Leave a Response