Կյանքը de factoՀասարակություն

Տեղի ունեցածը նիկոլական սցենար էր՝ ոստիկաններին հանել ժողովրդի դեմ և մարդկանց արդար պահանջները արյամբ խեղդել․ Աբրահամյան

525views

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանություն ձևակերպումն ակնհայտ խառնում է «քուչի խփոցու» հետ։

Ոստիկանության առանձին ծառայողներ «ռազբոռկեք», «լավ տղու բազառներ» և «խուժան կռվի» ցուցանմուշներ են։

Ասում ես՝ ինչի եք մարդկանց քրֆում, հարվածում, ասում են՝ իրենք էլ մեզ են քրֆում։

Սրանց իրենց պարտականություններն ով է՞ հրահանգավորում, ի՞նչ օրենսդրությամբ են առաջնորդում։ Համատարած տգիտություն, բթամտություն, քառակուսի դեմքեր, ովքեր համազգեստ կրելու իրավունք չունեն։

Ոստիկանության տարբեր խմբեր՝ որպես բութ գործիք, լարել էին մարդկանց վրա։

Իրավիճակն այնպես էր վերահսկողությունից դուրս եկել, որ ոստիկանության աշխատակիցների մի մասը հավաքի վայրից քաշքշելով իրենց գործընկերներին էր հանում, բերաններն էին փակում, որ քֆուր չհնչեցնեին։

Հատուկ միջոցներ կիրառողը(ները) ակնհայտորեն չէին տիրապետում իրենց ամրակցված միջոցին։

Դա ավելի շատ փորձարկում էր, որի առաջին կրակից տուժեցին կառավարական ամառանոցի առաջին շարքում կանգնած ոստիկանները։

Մի խոսքով, նիկոլական սցենար՝ ոստիկանությանը ժողովրդի դեմ հանելու և մարդկանց արդար պահանջները արյամբ խեղդելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել են այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: 4 ժամը լրացել է ժամը 20։00–ին։

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

«Որեւէ մեկը շենք մտնելու փորձ չանի: Կառավարության բոլոր 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ էստեղ, մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ: Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հայտարարել էր Սաղաթելյանը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

«Եկել ենք այստեղ մեկ պահանջով՝ դուրս արի եւ պատասխանիր ժողովրդի հարցերին։ Եթե ռիսկ չես անում դուրս գաս, ասա քեզ հարմար տեղ ու ժամ։ Դու պետք է պատասխանես այս հարցերին։ Եթե ոչ, րոպե առաջ պետք է հեռանաս։ Այսպես փախնելով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ»,- առանձնատան դիմաց հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման ենթարկեցին բազմաթիվ ցուցարարների։ Նրանք նաեւ հատուկ միջոցներ կիրառեցին, մասնավորապես՝ ծխարձակող, լուսաձայնային նռնակներ։ Բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, այդ թվում՝ մեկ ոստիկանի։ Երկու տասնյակ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

Leave a Response