Կյանքը de facto

«Կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն». մանրամասներ՝ Արզական–Քանաքեռ–Զովունի ջրատարի վթարի մասին

56views

 

«Վեոլիա ջուր» ընկերությունը մանրամասներ է հայտնել երեկ՝ սեպտեմբերի 23–ին Արզական–Քանաքեռ–Զովունի ջրատարի վթարի մասին։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան վթարվել է Արզական–Քանաքեռ–Զովունի ջրատարը։ Վթարի հայտնաբերումից անմիջապես հետո ջրատարից սնվող տարածքներում ջրամատակարարումը դադարեցվել է։

Նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Ջրի որակի վերահսկողությունը շարունակվել է նաև վթարի ընթացքում։ Ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։

Սակայն այս պահին առավել խնդրահարույց է ջրատարի տեխնիկական վիճակը։ Ստեղծված իրավիճակը պահանջում է լրացուցիչ մասնագիտական լուծումներ։ Ամբողջ գիշեր Վեոլիա Ջուր ընկերության մասնագետները լուսարձակների ներքո աշխատել են 6 մետր խորությամբ վթարի վայրում։

Թեպետ այս պահին ընկերությունը տեխնիկական և ինժեներական հնարավոր բոլոր լուծումներով փորձում է բնակավայրերում ջրամատակարարում ապահովել այլ տարածքներից, սակայն հաշվի առնելով վթարի բարդությունն ու ջրատարի տեխնիկական վիճակը՝ որոշ բնակավայրերում ջրամատակարարման խնդիրները, ցավոք, հնարավոր չէ բացառել։

Ընկերությունը հնարավորինս օպերատիվ կերպով կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես սպառողներին, այնպես էլ լրատվամիջոցներին։

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված բարդ իրավիճակին և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը»։

Leave a Response