Կյանքը de factoՀասարակություն

Կարսում անցկացվելիք թուրք-ադրբեջանական զորավարժությունը ցույց է տալիս՝ պատերազմից հետո իրենք որևէ մտադրություն չունեն թուլացնել կամ դադարեցնել ռազմատեխնիկական համագործակցությունը․ ադրբեջանագետ

3.7kviews

Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության դեպքում վտանգ միանշանակ կա, չի կարող վտանգ չլինել, երբ այդ երկու պետություններն էլ թշնամաբար են տրամադրված մեր նկատմամբ։ Թե այդ վտանգը ինչպես և որ պահին կդրսևորվի, դժվար է այս պահին հստակ ասել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են պատերազմից կարճ ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում համատեղ զորավարժություններ անցկացնել։

Նրա խոսքով՝ այդ երկու երկրների համատեղ ցանկացած ռազմական, ռազմատեխնիկական գործողություն առհասարակ չի կարող ՀՀ-ին չվերաբերել։

«Այդ երկու երկրները առնվազն 2014-ից յուրաքանչյուր տարի համատեղ վարժանքներ են իրականացնում։ Կարող է լինել մի կարծիք, որ որևէ նոր բան չկա զորավարժությունների մեջ, բայց հենց այդ նույն կարծիքն էլ կարող է բերել հաջորդ պնդմանը, որ պատերազմի արդյունքները, պատերազմից հետո իրականացվող զարգացումները առայժմ որևէ փոփոխություն չեն մտցրել թուրք-ադրբեջանական ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության և ագրեսիվ հռետորաբանության հարցում։ Այսինքն՝ ինչպես պատերազմից առաջ էին մի քանի տարի համատեղ վարժանքներ իրականացնում, այնպես էլ պատերազմից հետո որևէ երևացող կանխատրամադրվածություն, մտադրություն չկա նրանց կողմից, որ պատրաստվում են թուլացնել կամ դադարեցնել իրենց ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը»,-ասաց նա։

Հովհաննիսյանն ընդգծեց, որ չնայած նաև ռուսական կողմի հայտարարություններին՝ Ադրբեջանը հրաժարվում է հետագա բանակցություններից, այդ թվում՝ որևէ ձևաչափով Արցախի կարգավիճակի հարցը քննարկելուց։ «Խնդիրն այն է, թե որքանով է Ադրբեջանի նախատեսվող քաղաքականությունը համապատասխանում իր ներկայիս հռետորաբանությանը։ Առնվազն, եթե այդպես հայտարարում է, իր համար դաշտ է ստեղծում։ Կարծում եմ, որ եթե արտաքին գործոնները լուրջ ազդեցություն չունենան, ապա հեշտ չի լինելու Ադրբեջանի հետ առաջիկա տարիներին հարաբերվել, որովհետև վերջինիս ղեկավարությունը շարունակելու է իր ագրեսիվ քայլերն ու հռետորաբանությունը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը, Հովհաննիսյանն ասաց, թե այն շարունակում է կոշտանալ, իրենց իշխանություններն էլ այնպես են իրենց հռետորաբանությունը կառուցում, որ ակնհայտ հավակնություններ են հայտնում Արցախի մնացած չօկուպացված հատվածների նկատմամբ։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանում իշխանության ներսում կտրուկ զարգացումներ դեռևս չեն ակնկալվում։ «Այս պահին իշխանությունների դեմ դիսկուրսն ապահովում է հակառուսական թեզերի միջոցով, առաջին հերթին, թե ինչու չեն «վերադարձրել» Արցախի մնացած մասը ևս, ինչու են այդտեղ տեղակայված ռուս խաղաղապահները։ Ընդդիմության դժգոհությունները հիմնականում գեներացվում են նշված դիսկուրսի շուրջ, բայց չենք կարող ասել, թե սա շատ լայն տարածում ունի։ 2000-ականներից այս կողմ ընդդիմությունը շատ թույլ է Ադրբեջանում, իսկ իշխանությունների ձեռքին կուտակված է մեծ ռեսուրս, և ընդդիմությունը այն տեսքով, որով այս պահին գոյություն ունի Ադրբեջանում, շատ քիչ շանսեր ունի իշխանությունների դեմ ինչ-որ լուրջ պայքար ծավալելու»,-ասաց ադրբեջանագետը։

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի հանրության շրջանում որոշակի դժգոհություններ նկատվում են պատերազմի հետևանքով առաջացող սոցիալական խնդիրների պատճառով, սակայն դրանք իրենց զգացնել կտան միայն ժամանակի ընթացքում։

«Բավականին վաղ է խոսել, թե այս դժգոհությունները կանդրադառնան իշխանությունների ռեյտինգի վրա կամ իշխանությունը պահելու վրա։ Այս պահին իշխանությունները կարողանում են օգտագործել հաղթանակը, հասարակությանը մատուցում են նմանատիպ իրականություն, և կարծում եմ, որ այս պահին կարողանում են ուժային, քարոզչական և ֆինանսական քաղաքականության արդյունքում բալանսն ապահովել ու ամուր պահել իրենց դիրքերը»,-ասաց նա։

Leave a Response