Կյանքը de factoՀասարակություն

Արհեստական հավաքներ չենք կազմակերպել, գիտենք մեր անելիքը. Արմենուհի Հայրապետյան

851views

Հայաստանում նախընտրական քարոզարշավը մոտեցավ իր ավարտին: Մի քանի կուսակցություններ և դաշինքներ ամփոփիչ հանրահավաքներ իրականացրեցին՝ ցույց տալու համար իրենց արդյունքներն ու ակնկալիքները: Նման հանրահավաք, սակայն, չիրականացրեց «Ազատական» կուսակցությունը:

gmpress.am –ը այս առիթով զրուցել է «Ազատական» կուսակցության ընտրացուցակի  առաջին քսանյակում ընդգրկված լրագրող, լեզվաբան Արմենուհի Հայրապետյանի հետ: Պատգամավորության թեկնածուի խոսքերով՝ իրենք արհեստական հավաքներ չեն կազմակերպել՝ գիտենալով՝ մարդիկ գիտակցաբար են գնում ընտրության՝ հասկանալով, որ երկրի փրկությունն առաջնային է, քանզի առանց անառիկ սահմանների ու անվտանգության, հզոր բանակի՝ մնացած բոլոր հարցերի մասին խոսելն անիմաստ է, իսկ դրա իրագործումը վստահում են մարտական գործողությունների մասնակցած, հաղթած գեներալին. «Մարդիկ հավատում են, որ նրա շնորհիվ շատ կարճ ժամանակում մենք կրկին հզոր բանակ կունենանք: Առանց բանակի, անվտանգության ապահովման՝ մնացած բոլոր հարցերը իրատեսական չեն: Կուսակցություննը շեշտը դրել է հենց անվտանգության, հզոր բանակ ունենալու վրա, և չկա ոչ մի կուսակցություն, որի լիդերը կամ խորհրդի անդամը լինի նույնքան ռազմագետ, որքան Սամվել Բաբայանն է: Նրա անձն ու մարտական ուղին մեզ համար գնահատելի է,  վառ օրինակ, թե ոնց պետք է անել, որ թուրքը մեզանից վախենա»,-նշեց Ա.Հայրապետյանը:

Անդրադառնալով երեկ՝ Սամվել Բաբայանի Մեղրի կատարած այցին՝ տիկին Հայրապետյանն ասաց, որ նրան Մեղրիում շատ լավ դիմավորեցին:  Գրասենյակային գործնական հանդիպումից հետո շրջել ենք քաղաքում, մարդիկ մոտեցել են, զրուցել: Ինչպես նշում է պատգամավորության թեկնածուն՝ իրենք նախօրոք պլանավորած արհեստական շոու չեն կազմակերպել, չեն վերցրել մեծ դահլիճ կամ փակ տարածք, պարզապես ցանկացել են մարդկանց հետ կենդանի, իրական շփում ունենալ՝ առանց անվանարկելու, մեղադրելու կամ սպառնալու մյուս կուսակցություններին. «Մենք շատ վայրեր, նույնիսկ,  գնացել ենք առանց զգուշացնելու և այնքան հաճելի էր, երբ արժանանում էինք մարդկանց լավ վերաբերմունքին ու իրական հետաքրքրությանը: Հարկ եմ համարում նշել, որ ողջ քարոզարշավի ընթացքում շատ կոռեկտ ենք եղել՝ պահպանելով էթիկայի բոլոր կանոնները: Երբ տեղի լրատվամիջոցից ինձ հարց տվեցին, թե ինչ կասեմ մյուս ուժերին՝ մաղթեցի, որ վերջիններս կարողանան իրենց որդեգրած ուղին ծառայեցնել, բացառապես, ի նպաստ հայ ժողովրդի ու հայրենիքի: Ես և մեր կուսակիցները մշտապես ասել ենք, որ վարչապետի աթոռին չենք հավակնում, մեր միակ ցանկությունը պաշտպանության ոլորտը պարոն Բաբայանին վստահելն է, ով, ինչպես ինքն էր ասում, 4 օրում կարող է «ամեն ինչ իր տեղը գցել»:

Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մենք բոլոր շանսերն ունեք լավագույնների մեջ լինելու, որովհետև ժողովուրդը գնում է գիտակցական ընտրություն կատարելու, քանզի գիտի,  որ առանց ապահով ու անվտանգ հայրենիքի՝ ոչինչ հնարավոր չի անել, իսկ մեր թիմն՝ ի դեմս Սամվել Բաբայանի դա կարող է անել: Բավականին համեստ ծախսերով ու վարքագծով մեր գործն ենք անում՝ գիտենալով, որ գալու ենք երկրի սահմաններն անառիկ դարձնելու, կրթությունը, առողջապահությունը՝ մատչելի, գիտենք, թե ոնց զարգացնել տնտեսությունը, հստակ գիտակցում ենք մեր անելիքները՝ երբեք չխաբելով մարդկանց, թե կբարձրացնենք նպաստներն ու թոշակները, որովհետև եթե երկիրը լինի ամուր, առանց պատերազմների, զարգացող ՝ մնացած ամեն ինչը,  ինքնըստինքյան,  կլինի:

Յուրաքանչյուրս խցիկում մենակ ենք մնալու և ճիշտը  կլինի՝ մեր անձը հարգելով  ընտրություն կատարելը: Վերլուծելով, ամփոփելով մեր քարոզարշավն ու մարդկանց վերաբերմունքը՝ եկել եմ այն եզրահանգման, որ նրանք գիտեն ճիշտ ընտրություն կատարելու բոլոր մեխանիզմները՝ ունենալով ապահով ու անվտանգ հայրենիքում ապրելու սեփական պատկերացումներն ու նախընտրելի քաղաքական ուժը»,- ամփոփելով քարոզարշավն ու ընտրություններում «Ազատական» կուսակցության հաղթանակի վերաբերյալ ակնկալիքներն՝ ասաց կուսակցության ընտրացուցակի  առաջին քսանյակում ընդգրկված լրագրող, լեզվաբան, պատգամավորության թեկնածու Արմենուհի Հայրապետյանը:

Leave a Response