ԱռողջապահությունԳլխավոր

COVID-19-ի առանձնահատկությունները տարեց հիվանդների մոտ

15.4kviews

Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը, անդրադառնալով տարեց հիվանդների մոտ COVID-19 առանձնահատկություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. <<COVID-19 տառապող տարեց հիվանդները կարող են ունենալ ատիպիկ (ոչ բնորոշ) ախտանիշներ, ինչը դժվարացնում է կորոնավիրուսային վարակի վաղ ախտորոշումը: COVID-19- ի բնորոշ ախտանիշներն են` մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, չոր և անարդյունավետ հազը, դժվարացած շնչառությունը, հևոցը: Այնուամենայնիվ, տարեց հիվանդները կարող են չունենալ այդ ախտանիշները և դրսևորել տարօրինակ վարքագիծ: Նրանք կարող են ավելի շատ քնել կամ հրաժարվել ուտելուց, անսովոր անտարբեր կամ քնկոտ թվալ, ապակողմնորոշվել ծանոթ շրջապատում: Բացի այդ, կարող են ունենալ գլխապտույտ և արտահայտված հոգնածության և թուլության զգացում, որոնց պատճատով կարող են հաճախակի վայր ընկնել և ստանալ տարբեր վնասվածքներ՝ առաջացնելով վախեր, դեպրեսիաներ, նվազեցնելով կյանքի որակը։ Նշեմ, որ մարմնի ջերմաստիճանի կենտրոնական կարգավորումը տարիքի հետ նվազում է, ուստի տարեցների մոտ վարակները կարող են ընթանալ առանց ջերմության բարձրացման: Բացի այդ, նրանց մոտ առկա քրոնիկ հիվանդությունները կարող են նաև քողարկել վարակի ախտանիշները: Անհրաժեշտ է նաև իմանալ, որ նյարդաբանական հիվանդություններ ունեցող տարեցների մոտ, օրինակ, գլխուղեղի անոթների կաթվածից հետո հազի ռեֆլեքսը կարող է խանգարվել: Ինչպեդ նաև տարեց մարդիկ կարող են ունենալ ճանաչողական խանգարումներ, ինչը նրանց համար դժվարացնում է ներկայացնել իրենց ախտանիշները հարազատներին կամ բուժաշխատողին: Բժշկագիտությունն արդեն նկարագրել է կորոնավիրուսային վարակի ոչ տիպիկ ընթացքի դեպքերը: Օրինակ ՝ սրտի հիվանդություն, շաքարային դիաբետ, թույլ ճանաչողական խանգարում ունեցող 80-ամյա մի տղամարդ դադարել է քայլել, նրա մոտ զարգացել է անմիզապահություն և արտահայտված քնկոտություն: Հիվանդը հոսպիտալացվել է, որտեղ և COVID-19 թեստը դրական արդյունք է տվել : Նաև նկարագրվում է տարեց հիվանդների ընկնելուց հետո ստացած վնասվածքների մի քանի դեպքեր, ովքեր նույնպես COVID-19 թեստի դրական արդյունք են ունեցել: Հիվանդները թույլ էին և ջրազրկված: Տարեց հիվանդների մոտ կորոնավիրուսային վարակի այլ ատիպիկ ախտանիշներն են սրտխառնոցը, փսխումը, լուծը, զառանցանքը, ցածր արյան ճնշումը, կոկորդի ցավը կլման ակտի ժամանակ։

Եղեք ավելի ուշադիր ձեր հարազատների և շրջապատի տարեցների ու ծերերի նկատմամբ։ Ցանկացած տարօրինակ վարքագիծ և անսովոր պահվածք պետք է անհանգստացնի մեզ։ Հիմա ավելի, քան երբևէ, նրանք մեր խնամքի ու հոգատարության կարիքն ունեն։ Եղեք առողջ և սրտացավ>>։

Leave a Response