Կյանքը de factoՀասարակություն

Տեղի ունեցավ «Անանիա Շիրակացի» համալսարանի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դեմ դատական գործով հերթական նիստը

3.2kviews

Սույն թվականի մարտի 19-ին, ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների  համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանի՝ «Ատամնաբուժություն և Բուժական գործ» մասնագիտությամբ լիցենզիա ստանալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մերժման դեմ գործով հերթական դատական նիստը: Պարտավորեցման հայցով՝ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հայցվորին տրամադրել 20.05.2020 թվականի հայտի հիման վրա պահանջված համապատասխան լիցենզիաները (համապատասխան փաստաթղթերը), այն է՝ բակալավրի կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման 5 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 15-ական տեղերով՝ 091101.00.7- «Ստոմատոլոգիա» և առկա ուսուցմամբ, ուսուցման 6 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 100-ական տեղերով՝ 091201.00.7-«Բուժական գործ» մասնագիտությունների գծով գործունեության թույլտվության ներդիրները:

«Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարան ՍՊԸ տնօրեն Վաղարշակ Մադոյանը 10.06.2020թ. դիմումով խնդրել  է ԿԳՄՍ նախարարությանը ժամանակավորապես դադարեցնել լիցենզավորման գործընթացը՝ իր հիվանդության պատճառով՝ մինչև առողջանալը, այնուհետև 24.06.2020թ.-ի դիմումով հայտնել, որ ապաքինվել է՝ խնդրելով շարունակել լիցենզավորման գործընթացը: Նախարարության կողմից սա դիտարկվել է որպես երկրորդ հայտ, դիմում և վերոնշյալ մասնագիտությունների գծով գործունեության թույլտվություն ստանալու հայտը, նախարարի հրամանով,  մերժվել է՝ 23.07.2020թ.-ին: Սրա հիման վրա Վ.Մադոյանը 28.07.2020թ.-ին ներկայացրել է վարչական բողոք, որի կապակցությամբ, օրենքով սահմանված ժամկետում, որոշում չի կայացվել: Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմի փաստաբանը ներկայացրեց իրենց պահանջը հիմնավորող մի շարք փաստարկներ, համաձայն որոնց, առաջին հերթին, ընկերության գնահատմամբ, տվյալ դեպքում վարչական բողոքի քննության արդյունքում, օրենքով սահմանված ժամկետում որոշում չկայացնելը հանգեցրել է այդ վարչական ակտն ընդունված համարելուն: Այնուհետև, ըստ լիցենզավորման մասին օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, լիցենզիա տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ: Այս դեպքում, օրենքով նախատեսված ժամկետում՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում հայտը չի մերժվել, ինչը նշանակում է, որ համալասարանը դրան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը համարվում է լիցենզավորված՝ տվյալ մասնագիտության գծով, բացի դրանից, ըստ հայցվոր կողմի փաստաբանի, ընկերության կողմից ներկայացված հայտը և փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ուստի առկա են  ներկայացրած հայտը բավարարելու հիմքերը:

Ինչ վերաբերում է, ԿԳՄՍ նախարարի հրամանին, նախ ընկերության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթն արդեն իսկ եզրափակվել էր վարչական ակտի ընդունմամբ, ուստի, ըստ հայցվոր կողմի, անհասկանալի է, թե ինչպես է նախարարությունը քննարկել ընկերության հայտը և այն մերժել այն դեպքում, երբ այդ հայտն, օրենքի ուժով, արդեն իսկ համարվում էր բավարարված: Նման պայմաններում հայտը մերժելու լիազորություն այլևս չի ունեցել: Ավելին, հայտը մերժելու մասին որոշումը չի պարունակում հիմնավորումներն այն մասին, թե ներկայացված հայտը կոնկրետ ինչ պահանջների չի համապատասխանում, որն, ըստ հայցվոր կողմի, նշանակում է, որ  մի կողմից՝ այդ հրամանը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ պահանջներին, մյուս կողմից՝ ևս մեկ անգամ հիմնավորվում է ընկերության այն դիրքորոշումը, որ ներկայացված  հայտն ու փաստաթղթերը համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Հայցվոր կողմից ներկայացված  վերոնշյալ փաստարկներին ի պատասխան, լիցենզիա տրամադրելու ԿԳՄՍ նախարարի մերժման հրամանի վերաբերյալ պատասխանող կողմը ևս ներկայացրեց իրենց հիմնավորումները:

Հավելենք, որ սույն գործով հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 9-ին:

 

Leave a Response