ԱրժեքներԳլխավոր

Կայացավ ‹‹Հանուն հավերժության›› խորագրով ամփոփիչ միջոցառումը

23.6kviews

 

Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմը, ցավոք, շատ բան տարավ մեզնից, շատերին…. տարավ, որ մենք ապրենք, որ հավերժության մեջ՝ հավերժություն պարգևեն մեզ՝ երկրային կյանքում հայրենիք ունենալու, արարելու և նրանց գործը շարունակելու համար: Հավերժության գաղափարով էլ, սույն թվականի դեկտեմբերի 27-ին, Էլիտ Պլազայում կայացավ ‹‹Հանուն հավերժության››՝ նորի սկիզբը ազդարարող ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքի անդամները,  տարբեր ոլորոտների ներկայացուցիչներ՝ հոգեբույժ, բ.գ.թ. Արմեն Սողոյանը, Վրեժ Շահրամանյանը, հոգեբան Իրինա Ծատուրյանը, բժշիկ-թերապևտ Լամարա Մանուկյանը, ՇՊՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը, ՊՆ ներկայացուցչությունը, ինչպես նաև՝ Լուիզա Ներսիսյանը, Վիկա Մարտիրոսյանը, Գարիկ Պապոյանը, Ռաֆայել Երանոսյանը և այլոք:

Միջոցառման բացումն ազդարարվեց Ժեստ հոգեբանական կենտրոնի տնօրեն, իրավաբանական հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Մարիամ Մեհրաբյանի ելույթով. «Այսօր մեկնարկում է «Հանուն հավերժության» առաջին փուլը … սեպտեմբերի 27-ից  դեկտեմբերի 27-ը, ոչ պատահական ամսաթվով, ուզում ենք  միասին տալ հավերժության այն  մեկնարկը, որը սկսվեց ձեր ընտանիքից….  բոլորս մեկ ընտանիք ենք և հենց այս գաղափարախոսությամբ էլ սեպտեմբերի 27-ից  միասին ենք: Շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք և բոլոր ոլորտների ներկայացուցիչներով միասին էլ կսկսենք այն կարևոր գործընթացը, որը պարտությունից հետո օգնելու է առաջ շարժվել: Եվ այսպես, հազարավոր հերոսների ընտանիքների հետ ծանոթացումը սկսվեց համագործակցությունից, հատուկ ուզում եմ ընդգծել ՊՆ-ի համապատասխան աշխատակիցների դերակատարումը, ովքեր իրենց գործունեության շրջանակներում ընդգրկելով հոգեբանության ոլորտը, ունեցան ծրագիր, որ հենց առաջին օրվանից պետք է ճանաչենք նրանց….և նաև նրանց, ովքեր դուք եք՝ մեր բժիշկները, լրագրողները, արտիստները, բոլորը միևնույնի մասին էին խոսում, մեկ ուղղությամբ էին նայում, հավատացե՛ք,  ոչինչ չի փոխվել և չի կարող փոխվել: Այսօր կփորձենք ամեն ինչ ամփոփել այնպես, որ ամփոփումը ինքնին լինի նորի սկիզբը»:

Ինչպես նշեց տիկին Մեհրաբյանը, հերոսների ընտրությունը սկզբունք ուներ. նրանք այն տղաներն են, ովքեր չեն նահանջել ոչ մի վայրկյան և, ինչպես իրենց ընտանիքի անդամներն են ասել՝ տխուր չեն գնացել:  Հերոսների անունները հատ-հատ հնչեցնելուց և նրանց հերոսական ուղուց, սխրագործություններից ու կյանքից դրվագներ պատմելուց հետո՝ ընտանիքի անդամներին էին հանձնվում նրանց մասին գրված գիրքը՝ հյուրերից մեկի կամ էլ տվյալ հերոսի սիրելի արտիստի ձեռքից՝ վերջիններից լսելով սփոփիչ, մարտական ու շնորհակալական խոսքեր: Պետք է նշել մի շատ կարևոր ու առանցքային ցանկություն, կոչ, հորդոր, որ արեց հոգեբան Իրինա Ծատուրյանը, որ հենց շարունակականության ու հավերժության համար պետք է գիտակցել՝  ամեն ինչ վերջացած չէ, պետք է երեխաներ ունենալ և հատկապես երիտասարդ որդեկորույս մայրերը, ովքեր, եթե իրենց մեջ ուժ գտնեն և էլի զավակներ պարգևեն մեզ՝ իսկական հրաշք կլինի:

 

«Այսքան երիտասարդ տղաները, որ այդքան քիչ տարիներ են ապրել, ավելի շատ տարիներ են ունեցել այս կյանքում, քան մենք, այնքան կյանք են ունեցել, որ դա հերիքել է և՛ հայրենիքին տալու  և՛ անմահանալու համար: Մեր հերոս տղերքը մահանալը դարձրեցին այնքան հեշտ ու պատվաբեր, որ շատերս մի պահ ամաչում ենք, որ ողջ ենք»,- իր խոսքում նշեց հաղորդավար, երաժիշտ Գարիկ Պապոյանը:

Ի դեպ, մարտական գործողությունների ընթացքում զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին հոգեբանական  աջակցություն ցուցաբերելու համար ՊՆ-ի կողմից Մարիամ և Արկադի Մեհրաբյաններին պատվոգրեր շնորհվեցին:

 

 

gmpress.am-ի հետ զրույցում հոգեբան-փորձագետ Արկադի Մեհրաբյանը մարդկանց կոչ արեց  չհանձնվել և ուժերը հավաքելը, որովհետև, իրականում, միասնականության, թիմային հոգեբանության լուրջ պակաս ունենք, ինչպես նաև՝ պետք է  զինվել ռազմական կրթության գաղափարներով, որը պետք է օրակարգային խնդիր լինի. «Եթե մեր երկրի բնակչության  80 տոկոսը մարտիկ չէ, ուրեմն դատապարտված ենք պարտության ցանկացած ժամանակ, անգամ սեռը կապ չունի, բոլորը պետք է պատրաստ լինեն մարտնչելու, մեր միակ զենքը մարդն է, առողջ ու միասնական հասարակությունը»,-նշեց պարոն Մեհրաբյանը:

Միջոցառման վերջում տիկին Մեհրաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ հավաստելով դա շնորհակալագրերով:

‹‹Հանուն հավերժության››՝ նորի սկիզբը ազդարարող միջոցառումն ավարտվեց «Նոր Հայաստան» ստեղծագործությամբ:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response