Առողջապահություն

Կայացավ Ներքին և ընտանեկան բժշկության կոնգրեսը

725views

Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի (ՆՀԲՀԱ) և Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման (ԸԲԱՄ) համատեղ ջանքերով Երևանում ս/թ հոկտեմբերի 15-ին և 16-ին անցկացվեց Ներքին և ընտանեկան բժշկության երկօրյա կոնգրես` նվիրված Թերապևտի միջազգային օրվան:

Միջոցառման շրջանակում կայացան Ընտանեկան բժշկության 8-րդ գիտաժողովը և Ներքին բժշկության 5-րդ կոնֆերանսը:

Գիտական միջոցառմանը զեկույցով հանդես եկան ՀՀ առողջապահության և ԵՊԲՀ առաջատար մասնագետներ ու փորձագետներ, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Վրաստանի և այլ երկրների բժշկագիտության ոլորտի անվանի բժիշկներ:

Կոնգրեսին մասնակցել են ավելի քան 300 ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, թերապևտներ և նեղ թերապևտիկ մասնագետներ` թոքաբաններ, սրտաբաններ, գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ, նյարդաբաններ:

ՆՀԲՀԱ նախագահ, ԵԹԱ Հայաստանի տարածաշրջանի համակարգող և պատվավոր անդամ, «Քանաքեռ Զեյթուն» ԲԿ հետքովիդյան վերականգնողական ծառայության ղեկավար Լամարա Մանուկյանը համոզված է, որ բարձր գիտական արժեք ունեցող նման միջոցառումները կնպաստեն Հայաստանում ընդհանուր պրակտիկայի բժիշկների հետագա մասնագիտական աճին և կդառնան կրթական բաղադրիչ` փորձի փոխանակման, բժշկության առաջադեմ նվաճումների և տեղեկատվության տրամադրման գործընթացոմ:

—  Մեզ համար այս միջոցառումը կարևոր է նրանով, որ միավորվեցին երկու բժշկական խոշոր հասարակական կազմակերպություն։ Խոսքը Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի (ՆՀԲՀԱ) և Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորման (ԸԲԱՄ) մասին է, որոնց համատեղ ջանքերով կազմակերպվեց միջազգային կոնգրեսը։

Միջոցառումը միտված էր նպաստելու առողջության առաջնային պահպանման օղակի և ընտանեկան բժիշկների, թերապևտների գիտելիքների և մասնագիտական հմտությունների բարձրացմանը՝ ապացուցողական բժշկության միջազգային չափորոշիչների և ուղեցույցների համաձայն։

Այսօր աշխարհում հենց ընտանեկան բժշկի ուսերին են դրված համակցված ախտանիշներով հիվանդերի երկարաժամկետ վարումը, այլ ոչ միայն բուժումը, քանի որ այս պարագայում տեղին չէ օգտագործել «բուժում» բառը։

Ընտանեկան բժիշկը պետք է լինի գրագետ, անկաշկանդ ու պատրաստ՝ դիմակայելու 21-րդ դարի բոլոր մարտահրավերներին։ Նրա գործառույթներից են` բարձրացնել հիվանդի կյանքի որակը, այդ գործընթացում ներգրավել ընտանիքի անդամներին` միտված հիվանդին առավել ճիշտ խնամելուն և հոգ տանելուն։ Դա թիմային մեծ աշխատանք է՝ բուժառու, ընտանիքի անդամներ, բժիշկ, կարիքի դեպքում` նեղ մասնագետներ, և արդյունքում` մեծ հաջողություն։

Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում ՀԿ համանախագահ Մարինա Օհանյան«Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ համանախագահ Մարինա Օհանյանը խոսել է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ ստեղծման պատմության մասին:

—  Արդեն տասնհինգ տարի է, ինչ շարունակական մասնագիտական, կրթական և զարգացման ծրագրերի վրա մեծ աշխատանքներ ենք տանում։ Փորձում ենք աջակցել ընտանեկան բժիշկներին տարբեր հարցերում` և՛ կազմակերպչական, և՛ կրթական։ Ի դեպ, վստահ կարող եմ նշել, որ Հայաստանի մարզերում վստահում են ընտանեկան բժիշկներին։ Իրավամբ, մարզերում ունենք բանիմաց մասնագետներ։ Ուրախությամբ փաստում եմ` նրանց հաջողվում է 70- 80 տոկոս դեպքերում՝ առանց նեղ մասնագետի օգնության, կարգավորել առաջացած խնդիրը։

Պետք է ճիշտ քայլեր ձեռնարկել՝ հատկապես համավարակի պայմաններում։ Եվ միայն այս դեպքում կհասնենք հաջողության, ինչն այս միջոցառման բուն նպատակն է։

Մենք ուսումնասիրել ենք արտերկրի գործընկերների փորձը, Հայաստան հրավիրել ոլորտի լավագույն մասնագետներին` լսելու նրանց կողմից կատարված արդյունավետ աշխատանքների հաջողության գաղտնիքը։

 

 Ոգևորիչ է, որ մեր կողմից կազմակերպված միջոցառման մասնակցությունը բավականին բարձր էր։ Մեր գործունեությանն ու ձեռագրին ծանոթ գործընկերները գիտեն, որ մենք տալիս ենք առօրյա պրակտիկայում անհրաժեշտ հստակ գիտելիքներ, նորություններ։ Սա թվով ութերորդ ամենամյա կոնֆերանսն է` սկսած 2013-ից (բացառությամբ 2020 թվականի)։

«Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ համանախագահ Միքայել Նարիմանյանը փաստեց, որ Հայաստանում Ընտանեկան բժշկությունը հիմնադրվել 1995 թվականից և նպատակ ունի կրթել ուսանողներին՝ հենց ընտանեկան բժիշկ մասնագիտացմամբ, ովքեր պետք է իրականացնեն որակյալ առաջնային բուժօգնություն՝ անկախ սեռից ու տարիքից։

Որպես օրինակ. կոնֆերանսին ներկայացրեցի «Ձգձգվող և քրոնիկ հազն` ընտանեկան բժշկի պրակտիկայում» թեման, ինչը հաճախ հանդիպող խնդիր է և չունի տարիքային սահմանափակում։ Պատճառները բազմաթիվ են։ Խնդրի վերացումը դրված է պացիենտի և բժշկի ուսերին, որոնք դեմ առ դեմ հանդիպում են ու բացառում բոլոր այն հիվանդությունները, որոնք պետք է բուժի նեղ մասնագետն ու հաջորդիվ` գտնվի լուծումը։

ԹՊՀ թոքաբանության դեպարտամենտի ղեկավար, Վրաստանի տուբերկուլոզի և թոքերի հիվանդությունների կենտրոնի բաժնի վարիչ, Վրաստանի Ռեսպիրատոր ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր, թոքաբան Կախա Վաճարաձեն, կարևորելով միջոցառումը, նշեց.

— Այս գիտաժողովը, որ փայլուն էր ընթանում, մեկ անգամ ևս փաստում է նման միջոցառումների հաճախակի կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Բժիշկները ուշի-ուշով հետևում էին իրենց գործընկերների կողմից կատարած աշխատանքներին։

Ինքս երկու զեկույց եմ ներկայացրել. ինտերվենցիոն թոքաբանության մասին, որը նոր խոսք է բժշկագիտության մեջ և աշխարհում զարգանում է օր-օրի, և Քովիդ-19-ի ու իմունոմոդուլյացիայի, սեզոնային վիրուսային վարակների ու դրանց բարդությունների կանխարգելման մասին։ Ուզում էի գործընկերներիս հետ կիսվել փորձով, պատմել այն ամենի մասին, ինչ կատարվում է ինտերվենցիոն թոքաբանությունում:

Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, վարակային հիվանդությունների ազգային կենտրոնի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար,  ընդգծեց.

— Առաջին հերթին, ուզում եմ շնորհավորել կազմակերպիչներին, որ այս համավարակի պայմաններում այսպիսի մեծ միջոցառում են կազմակերպել։ Դա իսկապես դժվար գործ է։ Ծրագրում ընդգրկված էին բժշկության բոլոր ոլորտները` մի քանի երկրներից ընդգրկված դասախոսական կազմով, ինչն արժանի է գովեստի։

Կոնգրեսին ներկայացրել եմ «Լյարդի ախտահարումը տարբեր դեղորայքի օգտագործման ֆոնի վրա» զեկույցը, որը հրատապ թեմա է։

Աղեստամոքսաբան, բ.գ.թ., դոցենտ Նարինե ՓաշինյանԱղեստամոքսաբան, բ.գ.թ., դոցենտ Նարինե Փաշինյանը կարծում է, որ միջոցառումը կարևոր իրադարձություն էր Հայաստանի բժիշկների համար։

— Նախ, գովեստի խոսքեր շռայլեմ կազմակերպիչներին` կատարած պտղաբեր աշխատանքի համար և, որ հետագայում նման միջոցառումներ հաճախակի կազմակերպեն՝ հատկապես այս ժամանակաշրջանում, երբ առավել հրատապ են փորձի փոխանակումները:

Կոնգրեսին ներկայացրեցի «Քրոնիկական պանկրեատիտ։ Ենթաստամոքսային գեղձի ցավային համախտանիշի և էկզոկրին անբավարարության ախտորոշման ու բուժման արդի ասպեկտները» թեման։ Խնդիրը հաճախ հանդիպող է, ախտորոշումը` բարդ, բուժումը` նույնքան բարդ, ուստի բժիշկների համար բավականին լուրջ թեմա է։ Աշխատեցի գործընկերներիս փոխանցել բոլոր այն նորությունները, որոնք հասու էին ինձ։

Դիաբետիկ ոտնաթաթի թերապևտիկ և վիրաբուժական բուժման բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր, ներզատաբան Գագիկ ԳալստյանՌԴ ԱՆ Ներզատաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի, Դիաբետիկ ոտնաթաթի թերապևտիկ և վիրաբուժական բուժման բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր, ներզատաբան Գագիկ Գալստյանը նշեց, որ պանդեմիայի պայմաններում մարդիկ զրկված էին միմյանց հետ շփվելու հնարավորությունից, և նման ձևաչափով շփումները կարևոր են բժիշկների համար։

— Որևէ առցանց ձևաչափ չի կարող փոխարինել կենդանի շփմանը` հատկապես բժշկական ոլորտում։ Գիտական հանդիպումները հնարավորություն են ո՛չ միայն գիտելիքի, փորձի, տեղեկատվության փոխանակման համար, այլ նաև գործընկերների հետագա առավել արդյունավետ աշխատանք կազմակերպելու մոտիվացման համար։

Անգամ խիստ մեկուսացումների օրերին բժիշկների գործունեությունը սահմանափակված չէր։ Ավելին, նրանք կատարում էին մասնագիտական պարտքը՝ ռիսկի տակ դնելով սեփական առողջությունը։ Համընդհանուր առկա բացասական լիցքերը, մասնագիտական առումով, կարող են սպառել բժշկին: Իսկ նման միջոցառումները և կազմակերպչական ձևաչափը բժշկին ապրեցնում, մոտիվացնում են։

Գովելի է, որ միջոցառմանը մասնակցում էին մարդիկ, որոնք առողջապահական ոլորտից չէին, սակայն կարևորված են` Մարդու իրավունքների պաշտպանը, հոգևորականը և այլն։

Կարծում եմ, եթե Ռուսաստանի իմ գործընկերները հնարավորություն ունենային միանալու այս համաժողովին, նրանց համար նույնքան տեղեկատվական ու հետաքրքիր կլիներ։

Իմ զեկույցը շաքարային դիաբետի բարդությունների մասին էր, որի հետևանքով մարդը կարող է զրկվել վերջույթից։ Տեղի է ունենում անդամահատում, և, ցավոք, նրանց կյանքի տևողության կանխատեսումը բարեհաջող չէ, ինչը ողբերգություն է ընտանիքի համար, և ո՛չ միայն` նաև հասարակության համար։ Զեկույցի ընթացքում բարձրաձայնել եմ բուժման ժամանակակից միջոցների մասին։ Կարևորել եմ, որ այս խնդրով զբաղվող կլինիկաները պետք է լինեն մուլտիդիսցիպլինար, ինչը ենթադրում է մի քանի մասնագետների առկայություն` մեկ հարկի տակ։ Դա կհեշտացնի և՛ պացիենտի, և՛ բժշկի հոգսերը։

Leave a Response