ԱրժեքներԳլխավոր

Գիտության և կրթության խաչմերուկում․ զրույց՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի հետ

1.2kviews
Յուրաքանչյուր երկրի հզորության և զարգացման հենքը կրթությունն ու գիտությունն են։ Այս իրողությունն առավել քան արդիական է այսօր, երբ աշխարհը զարգանում է նորարարության, բարձր տեխնոլոգիաների և գիտական մտքի ինտենսիվ առաջընթացի ուղղությամբ։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունեն այն հաստատությունները, որոնք միավորում են գիտական ներուժը, կրթական ռեսուրսներն ու միջազգային համագործակցության հնարավորությունները։

Հաշվի առնելով վերնոշյալը՝ զրուցել ենք ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ՝ հասկանալու կենտրոնի դերը ժամանակակից կրթական ու գիտական միջավայրում։ Հարցազրույցի ընթացքում անդրադարձել ենք ընդունելության գործընթացներին, առավել նախընտրելի մասնագիտություններին, հեռավար կրթության հնարավորություններին, պրոֆեսորադասախոսական կազմի ներուժին, կենտրոնի ռազմավարական ուղղություններին ու միջազգային համագործակցություններին։

Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք 2024-2025 ուսումնական տարվա արդյունքներն ու կրթական գործընթացի կազմակերպումը Կենտրոնում։

2024–2025 ուսումնական տարին մեր կենտրոնում անցավ կազմակերպական բարձր մակարդակով։ Կրթական գործընթացը շարունակեց զարգանալ՝ ներառելով թե՛ ավանդական ակադեմիական մեթոդներ, թե՛ թվային ու հեռավար տեխնոլոգիաներ։ Մենք շարունակել ենք հատուկ ուշադրություն դարձնել ուսանողի անհատական առաջընթացին, գործնական հմտությունների զարգացմանը և միջազգային կրթական փորձին։
Կենտրոնն ապահովում է ոչ միայն բարձրորակ կրթություն, այլև ստեղծում է միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է իրացնել իր գիտական ու մասնագիտական ներուժը։

Քանի՞ ուսանող է ավարտում այս տարի, և ի՞նչ հիմնական միտումներ են նկատվում ուսանողների թվաքանակի ու մասնագիտությունների նախապատվությունների մեջ։

Այս տարի մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերն ավարտում են շուրջ 200 ուսանող։ Ուսանողների հետաքրքրությունը հիմնականում կենտրոնացած է հասարակագիտական և հումանիտար ոլորտների վրա։ Այնուամենայնիվ, կարևորում ենք նաև բնագիտական ուղղություններով ուսանողների ներգրավվածությունը, որը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության և տեխնոլոգիական առաջընթացի տեսանկյունից։

Որո՞նք են այն մասնագիտությունները, որ այս տարի ամենամեծ պահանջարկն են ունեցել Կենտրոնում։

Մագիստրատուրայի ընդունելությունը դեռ նոր է մեկնարկել, սակայն հաշվի առնելով անցած տարվա միտումները՝ մեծ պահանջարկ ունեն «Իրավագիտություն», «Հոգեբանություն», «Բիզնեսի կառավարում», «Ավիատիեզերական սարքաշինություն», «Տեղեկատվական համակարգերի մշակում» կրթական ծրագրերը։
Կենտրոնը առաջարկում է շուրջ 30 կրթական ծրագիր, որ հնարավորություն են տալիս ուսանողներին ստանալու արդիական և մրցունակ գիտելիքներ ու կարողություններ՝ ոչ միայն տեղական, այլև միջազգային աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունն արդեն սկսվել է ի՞նչ հետաքրքիր միտումներ կամ թվեր կարող եք նշել այս պահի դրությամբ։

Մագիստրատուրայի ընդունելությունը նոր է մեկնարկել, ուստի դեռ վաղ է խոսել հստակ թվերի մասին։ Սակայն արդեն իսկ նկատվում է բարձր հետաքրքրվածություն ինչպես առկա, այնպես էլ հեռակա ձևաչափով ուսումնառության նկատմամբ։ Դիմորդներին հետաքրքրում են հատկապես այն կրթական ծրագրերը, որոնք, հիմնարար գիտելիքներից և հմտություններից բացի, ապահովում են նաև միջազգային գիտակրթական փորձառություն։ Կենտրոնը իրականացնում է բազմաթիվ փոխանակման ծրագրեր եվրոպական առաջատար բուհերի հետ։

Ընդունելության քանի՞  անվճար տեղ է սահմանված այս տարի՝ մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերի համար։

Մագիստրատուրայի համար այս տարի առկա ուսուցմամբ սահմանված անվճար տեղերի քանակը 15 է, որ ներառում է թե՛ հումանիտար-հասարակագիտական և թե՛ բնագիտական ոլորտները։  ԳԱԱ կազմակերպություններում ասպիրանտուրայի համար սահմանված անվճար առկա ուսուցմամբ տեղերը 46-ն են , իսկ հեռակա ուսուցմամբ՝ 11՝ ներառելով գիտության տարբեր բնագավառները:  Ընդունելության գործընթացը իրականացվում է ինչպես անվճար (պետպատվեր), այնպես էլ վճարովի հիմունքներով:

Որո՞նք են Կենտրոնում գործող հիմնական բաժինները, և ի՞նչ նոր մասնագիտություններ կամ ուղղություններ են ավելացել վերջերս։

Ինչպես նշեցի, Կենտրոնի մագիստրատուրայի շուրջ 20 մասնագիտական ամբիոններում գործում է մոտ 30 կրթական ծրագիր՝ առկա և հեռակա ուսուցմամբ, տարբեր մասնագիտություններով, մասնավորապես՝ իրավագիտության, միջազգային հարաբերությունների, արևելագիտության, կառավարման, զբոսաշրջության, բնապահպանության, կենսաբազմազանության, հոգեբանության, ավիատեզարական սարքաշինության, ինֆորմատիկայի և այլ ուղղություններով։
Բացի այդ՝ Կենտրոնը առաջարկում է հեռավար կրթություն՝ «Գործարար վարչարարություն» (MBA) ծրագրով։ Այս տարի մեկնարկում է նաև կրկնակի դիպլոմով ծրագիր Իտալիայի Տուշայի համալսարանի հետ՝ «Շուկայագիտություն» (մարքեթինգ) մասնագիտությամբ։

Հեռավար ուսուցումը կենտրոնում ի՞նչ տեխնիկական ու կրթական հնարավորություններ է ապահովում։

Դեռ 2017 թվականից ԳԿՄԿ-ում իրականացվում է հեռավար ուսուցում՝ «Գործարար վարչարարություն» մագիստրոսական ծրագրով։ Կենտրոնը ապահովված է բոլոր անհրաժեշտ ուսումնամեթոդական և տեխնիկական հնարավորություններով՝ հեռավար կրթությունը որակյալ կազմակերպելու համար։ Ծրագրում դասավանդում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք վերապատրաստվել են հենց հեռավար ուսուցման կազմակերպման ուղղությամբ։ Գործում է հեռավար ուսուցման հարթակ և տեսակոնֆերանսների դահլիճ։

Այս ծրագիրը հատկապես գրավիչ է աշխատող կամ մարզերից դիմող ուսանողների համար՝ նրանց ընձեռելով կրթություն ստանալու հնարավորություն ճկուն գրաֆիկով։

Ի՞նչ հնարավորություններ կամ աջակցող ծրագրեր եք առաջարկում երիտասարդ գիտնականներին։

Կենտրոնը, համագործակցելով ԳԱԱ գիտական կազմակերպությունների հետ,  ապահովում է ԳԱԱ ասպիրանտական կրթության կազմակերպումը։ ԳԱԱ գիտական կազմակերպությունները երիտասարդ հետազոտողների համար ստեղծում են բարենպաստ պայմաններ՝ իրենց գիտական առաջընթացի համար։ Ասպիրանտները հնարավորություն են ստանում սովորելու ոչ միայն միջազգային բարձր հեղինակություն ունեցող գիտնականներից, այլև օգտվելու ԳԿՄԿ և ԳԱԱ գիտական կազմակերպությունների հարուստ նյութատեխնիկակական բազայից և լաբորատորիաներից։ Ուսմանը զուգահեռ ասպիրանտները ներգրավվում են գիտական տարբեր նախագծերում և հնարավորություն ստանում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրերի՝ արտերկրի գործընկեր հաստատություններում։  Մեր նպատակն է պատրաստել այնպիսի երիտասարդ մասնագետներ, ովքեր կդառնան գիտության շարժիչ ուժը Հայաստանում։

 

 ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ակադեմիական ներուժը միշտ էլ ուշադրության կենտրոնում է եղել. ովքե՞ր են այսօր կրթական միջավայրի շարժիչ ուժերը, և ինչպես՞ է ընդլայնվում պրոֆեսորադասախոսական կազմը:

Մեր կենտրոնի ուժն այսօր մեր անձնակազմն է։ Պրոֆեսորադասախոսկան անձնակազմը ներառում է ոչ միայն միջազգային հեղինակություն ունեցող առաջատար գիտնականներ ԳԱԱ ինստիտուտներից, այլև տվյալ ոլորտի փորձառու և պրակտիկ մասնագետներ, որոնք ուսանողներին փոխանցում են ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ ու հմտություններ։ Տարբեր գիտակրթական նախաձեռնությունների շրջանակներում Կենտրոնում դասախոսություններով հանդես են գալիս նաև արտերկրի բուհերի դասախոսներ։

Ի՞նչ համագործակցություններ կան ԳԱԱ ինստիտուտների, տեղական և միջազգային գործընկերների հետ։

Կենտրոնը սերտ համագործակցում է ՀՀ ԳԱԱ գրեթե բոլոր ինստիտուտների հետ՝ ապահովելով ուսանողների համար գիտահեն կրթական ծրագրեր։ Ուսանողները հենց առաջին իսկ տարվանից ընգգրկվում են գիտական տարբեր ծրագրերում, սովորում գործող գիտնականներից, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու ուսանողի սահուն անցումը կրթությունից դեպի գիտական գործունեություն։ Համագործակցում ենք նաև մի շարք եվրոպական համալսարանների հետ, այդ թվում՝ Erasmus+, DAAD ծրագրերի շրջանակներում։ Այս համագործակցությունները ոչ միայն նպաստում են կրթության որակի բարձրացմանը, այլև բացում են նոր հնարավորություններ՝ համատեղ միջազգային ծրագրերի ու նախագծերի համար։

Ռազմավարական ի՞նչ ծրագրեր կամ բարեփոխումներ են նախատեսվում առաջիկա ուսումնական տարում՝ կրթության և գիտության զարգացման ուղղությամբ։

Համաձայն 2024–2028 ռազմավարական ծրագրի՝ Կենտրոնն իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ գիտակրթական գործունեության խթանման և զարգացման ուղղությամբ,  մասնավորապես՝

  • կրթական ծրագրերի արդիականացում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան,
  • նորարարական գործունեության խթանում կրթական և գիտական գործընթացներում՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաների հնարավորությունները՝ մրցունակ կրթություն տրամադրելու նպատակով,
  • տեղական և միջազգային գործընկերների հետ համատեղ նախագծերի, գիտաժողովների, համատեղ մագիստրոսական ծրագրերի կազմակերպում՝ ընդլայնելով միջազգային համագործակցությունը և ապահովելով ուսանողների ու դասախոսների միջազգային շարժունությունը,
  • գիտական գործունեության խթանմանը նպաստող կառուցակարգերի մշակման և ներդրման ուղղությամբ աշխատանքներ,
  • ենթակառուցվածքների զարգացում և ընդլայնում, գիտահեն կրթական ծրագրերի ներդրման նպատակով ԳԱԱ ինստիտուտներում նոր ամբիոնների հիմնադրման աշխատանքներ,
  • գործատուների հետ կապերի ամրապնդում՝ ուսանողների գործնական կարողությունների զարգացման նպատակով։

Սրանք միայն մի մասն են այն քայլերի, որոնք ուղղված են Կենտրոնում գիտական, ստեղծարար միջավայր ձևավորելուն և կրթության որակի շարունակական բարձրացմանը։ Մեր նպատակը պարզ է՝ ստեղծել կրթական միջավայր, որտեղ ուսանողը միայն սովորող չէ, այլև ապագա հետազոտող և մրցունակ մասնագետ։

Այս զրույցը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը ոչ միայն կրթության ու գիտության խաչմերուկ է, այլև մեր երկրի գիտակրթական ոլորտի զարգացման գործում գլխավոր ուժերից մեկը։ Կենտրոնի ռազմավարական մոտեցումները և բազմազան ծրագրերը նպատակ ունեն պատրաստել նոր սերնդի գիտնականներ ու մասնագետներ, ովքեր ոչ միայն գիտելիք ու նորարարություն կբերեն, այլև կպատասխանեն միջազգային մակարդակի մարտահրավերներին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը գիտական ու կրթական ասպարեզում։

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response