Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) նշվում է 2000-ից ի վեր՝ ամեն տարվա փետրվարի 21-ից, լեզվական և մշակութային բազմազանությանն ու բազմալեզվությանը նպաստելու նպատակով: Օրը, 1999թ. նոյեմբերի 17-ին, սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը:
Իր հերթին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր բանաձևում 2008 թվականը հռչակել էր Լեզուների միջազգային տարի, իսկ 2010-ը՝ Հանուն մշակույթների մերձեցման տարի:
Լեզուները մարդկության նյութական և հոգևոր ժառանգության պահպանման և զարգացման ամենահզոր գործիքն են: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ աշխարհի 6 հազ. լեզուների կեսը մոտ ապագայում կարող է կորցնել վերջին կրողներին:
Մայրենի լեզուների տարածման ուղղությամբ կատարված աշխատանքն ամրապնդում է համերաշխությունն ազգերի միջև, որը հիմնված է փոխըմբռնման, հանդուրժողականության և երկխոսության վրա: