Կլինիկական մահը օրգանիզմի վիճակ է, որը բնորոշվում է կյանքի արտաքին նշանների բացակայությամբ։ Կլինիկական մահի ժամանակ մարում են կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, տեղի է ունենում գիտակցության կորուստ, ինքնաբուխ շնչառության և սրտի գործունեության բացակայություն, աչքերի բիբերի առավելագույն լայնացում, սակայն հյուսվածքներում որոշ ժամանակ պահպանվում են փոխանակության պրոցեսները։ Սովորական ջերմաստիճանի պայմաններում՝ կլինիկական մահը տևում է 4–6 րոպե, որից հետո անհնարին է դառնում վերականգնել կենտրոնական նյարդային համակարգի բնականոն գործունեությունը։
Երբևէ մտածե՞լ եք, թե մահվան ճիրաններից փրկված մարդիկ ի՞նչ առաքելությամբ են հետ գալիս կյանք, ի՞նչ են զգում այդ պահին, ի՞նչ են հասկանում, ի՞նչ պտուղներ են քաղում և ինչպե՞ս են շարունակում իրենց կյանքն ապրել:
gmpress.am-ի փոստից ստորև ներկայացնում ենք մի կնոջ պատմություն, ով կլինիկական մահ է տարել և այսօր ցանկանում է կիսվել մեզ հետ իր տեսածով ու ապրածով:
«Հոսանքահարման հետևանքով ես 2 օր կոմայում եմ եղել և այդ ընթացքում կլինիկական մահ եմ տարել՝ գրեթե 5 րոպե տևողությամբ….,Հիշում եմ, որ հիվանդանոցի միջանցքում տեսնում էի ինձ, հորս, ով գլուխն ափերի մեջ առած նստած էր կողքիս, լաց լինող մորս… հոգեհանգիստ լիներ կարծես: Ես անցա բոլորի կողքով ու քայլեցի երկար միջանցքով: Քայլերս արագացրեցի դեպի հեռվում երևացող լույսը: Երբ մոտեցա դրան՝ շփոթվեցի. աչք ծակող լուսավորություն ուներ ու անվերջանալի էր կարծես , իսկ միջանցքի աջից եւ ձախից դռներ էին՝ ինչպես հիվանդանոցներում։ Որոշեցի բացել դռներից մեկը …… բացեցի ինձանից ձախ գտնվող դուռը: Ներսում բազմաթիվ կանայք էին՝ կիսամերկ, հարբած և լկտի ծիծաղով: Շփոթված փակեցի և մի քանի քայլ գցելուց հետո նորից որոշեցի բացել որևիցէ այլ դուռ: Մոտեցա հերթական դռանը… լռություն էր, կամաց բացեցի այն ու տեսա ինձ համար անհասկանալի դարակներ՝ մեջը լիքը ապակե տարաներ: Արագ փակեցի ու շարունակեցի քայլել: Աղմուկ լսվեց, մոտեցա դռներից մեկին ,բացեցի ու…. հրաշք…մեկը մեկից գեղեցիկ պստոները խաղում էին ,ուրախ էին, իսկ ի հակադրություն դրան՝ կողքի սենյակից հարբած մարդիկ վիճում էին: Քայլեցի առաջ ու նկատեցի, որ մորաքույրս բարկացած հայացքով, արագ քայլերով դեպի ինձ էր գալիս: Շատ ուրախացա ,որ գոնե գտա մեկին, ով կասի՝ ու՞ր եմ, ի՞նչ է կատարվում, ի դեպ, ես չգիտեի, որ հենց հոսանքահարվելուս օրը մորաքույրս մահացել էր։ Նա հասավ ինձ ու ասաց, որ շուտ հեռանամ այդտեղից, որ դա իմ տեղը չի: Ես ասեցի, որ ինքս էլ չգիտեմ՝ ոնց հայտնվեցի այդտեղ, մոլորվել եմ։ Նա էլ ասաց, որ մի փոքր էլ որ քայլեմ՝ կհասնեմ։ Թողնելով մորաքրոջս միջանցքի մեջտեղում, ով հետևում էր ինձ, որ անպայման հետ գնամ, քայլեցի առաջ։ Հասա միջանցքի վերջը և ես տեսա, որ կանգնած եմ մի շատ բարձր տեղում, իսկ այդ միջանցքը կարծես վերածվել էր կլոր առաստաղով թունելի: Մտածեցի ցատկել, բայց ներքև նայելով կանգնեցի և այդ ժամանակ լսեցի, թե ինչպես են ինձ ձայն տալիս: Շրջվեցի և տեսա մի շաաաաաաատ գեղեցիկ հրեշտակ։ Մարմնովս դող անցավ։ Հրեշտակն ինձ ասաց, որ պետք է հետ վերադառնամ, բայց ճանապարհն ինքս պետք է ընտրեմ: Նա ասաց, որ պետք է չվախենամ և թռչեմ ցած՝ կամ աջ կամ ձախ։: Նայեցի՝ աջ կողմում շաաատ փափուկ սպիտակ բարձեր էին ու ճանապարհը չէր երևում, ձախ կողմում սարսափելի փշեր, գետ, ճահիճ, մթություն, բայց որի վերջում երևում էր կանաչ ,լուսավոր ,արևոտ ճանապարհ։ Մտածեցի թռչել այդ փշերի վրա. այյդտեղ գոնե վերջում երևում է՝ ուր եմ գնում: Մինչև իջնելը հարցրեցի հրեշտակին, թե ինչու էին դռների ետևում կիսամերկ կանայք, երեխաներ, հարբած մարդիկ և ինչ էին խորհրդանշում այդ տարաները։ Հրեշտակն ինձ ասաց ,որ մահացածները մինչև Աստծո դատաստանը՝ մտնում են իրենց կենսակերպին համապատասխան դռնով՝ անբարո կանայք մի տեղում են, հարբեցողները՝ մի,երեխաները մեկ այլ տեղում, իսկ տարաներում նույնպես երեխաներ են, պարզապես ծնողները չեն թողել, որ լիարժեք ձևավորվեն, սպանել են նրանց , իսկ երեխաներին որ տեսա՝ այդ չծնված երեխաների հոգիներն էին, որոնց մարմինները այդպես էլ չձևավորվեցին…. Ես քարացել էի, պապանձվել… որոշեցի արագ հեռանալ: Փշերի միջով, ոտաբոբիկ, քերծվածքներով, արյունլվա ընկա ճանապարհ։
Բացեցի աչքերս… տեսա բոլորը վազում են, գոռում, լաց լինում, մայրս գիտակցությունն էր կորցրել… մի խոսքով ահավոր տեսարան էր։ Օրեր անց պատմեցի ամեն բան ու հատկապես այն, որ չհասկացա, թե մորաքույրս ինչ գործ ուներ այնտեղ: Մայրս ասաց, որ նա հենց նույնն օրն է մահացել ….Ես ամեն բան հասկացա:
Կյանքիս ընթացքում հասկացա՝ ինչ էին այդ փշերը , ճահիճը …….. Դժվար ու փորձություններով կյանք ունեցա։ Բաժանվեցի ամուսնուցս , երկու երեխաներիս հետ ապրեցի վարձով, աշխատում էի գիշեր-ցերեկ….սարսափելի վատ ու դժվար օրեր ,որոնք չեմ կարող նույնիսկ բառերով արտահայտել:
Դրանից հետո՝ 4 տարի անց, ամուսնացա մի մարդու հետ ,ով սիրեց ու ընդունեց իմ երեխաներին, կյանքս գունավորվեց: Ես հասել եմ այդ ճանապարհի լուսավոր, կանաչ ու արևոտ հատվածում. այսօր մենք համատեղ մի փոքրիկ հրաշք ունենք, ապրում ենք մեր՝ միասին ձեռք բերած բնակարանում՝ իրական ու լիարժեք ընտանիքում։
Շնորհակալ եմ Տեր Աստված»,- կիսվեց մեզ հետ մեր այսօրվա հերոսուհին: