ԱռողջապահությունԳլխավոր

«Եթե վնասը վերանա՝ մարդն առողջ կլինի». Հ. Հարությունյան

5.5kviews

Երևանի № 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանի հետ զրուցում ենք ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների և առհասարակ առողջապահական համակարգի սպասարկման, խնդիրների, նորությունների, հեռանկարների և ոլորտին վերաբերող այլ հարցերի շուրջ:

Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ն է թիվ 15 պոլիկլինիկայի այսօրը, ի՞նչ ծավալներով եք աշխատում, մոտավորապես որքա՞ն բնակչության եք սպասարկում:

Պոլիկլինիկան սպասարկում է 18 տարեկան և բարձր տարիքի ՀՀ քաղաքացիներին: Սպասարկվող բնակչության թիվը 32.500 է, այս տարի էլ 400 անձով կավելանա, որը կապված է 18 տարեկանը լրացածների թվաքանակով: Տարեվերջին և, իհարկե, մյուս տարեսկզբին արդեն կսպասարկենք մոտ 33.000 մարդու:

Վերջերս, ինչպես տեսնում ենք, վերանորոգում է կատարվել այստեղ, էլ ի՞նչ փոփոխություններ են եղել վերջին մեկ տարվա ընթացքում և ինչպե՞ս են դրանք անդրադարձել բուժսպասարկման որակի վրա:

Պոլիկլինիկայում այս տարի շարունակվել են վերանորոգման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանի միջոցներով հին պատուհանները փոխարինվել են եվրպատուհաններով: Ինչպես տեսնում եք, պոլիկլինիկայի տեսքն ամբողջությամբ փոխվել է, ջեռուցվում է, որը ևս կատարվել է քաղաքապետարանի միջոցներով՝ նախանցած տարի: Աշխատանքային պայմանները ևս զգալի բարելավվել են.  վերոնշյալից բացի ավելացել են նաև այս վերջին տարիներին ստացած նոր սարքավորումները՝ (ևս քաղաքապետարանի Առողջապահության վարչության նախաձեռնությամբ) էլեկտրասրտագրման սարքը, սոնոգրաֆիկ սարքը՝ կարդիոտվիչով՝ սրտի դուպլեքս հետազոտություն իրականացնելու համար, ակնաբուժական կաբինետում տեղադրվել է ճեղքային լամպը, որն ավելի արդյունավետ հետազոտություններ իրականացնելու հնարավորություն է տալիս, տարբեր անալիզատորներն ու համապատասխան այլ սարքավորումները: Բիոքիմիական լաբորատորիան լավագույնս կահավորված է՝ վերազինված նոր տեխնիկայով (նախարարության աջակցությամբ՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորման շնորհիվ), որը սկրինինգային հետազոտություններ է իրականացնում ՝ հիմնականում կանանց համար: Դա հատուկ ծրագիր է՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով, որը երեք տարի պետք է իրականցվի, և որի համար առանձին ֆինանսավորում է տրվում: Վերջին ժամանակներս մի փոքր ուսումնասիրեցինք այդ սարքավորումներով կատարված աշխատանքները և, պատկերացրեք, բավականին հաջող պատկեր ստացվեց` թե կատարված հետազտությունների թվով, և թե հիվանդությունների վաղ հայտնաբերման ու կանխարգելման առումով: Պետք է ասեմ, որ նաև մարդկանց վստահությունն է բարձրացել պոլիկլինիկայի նկատմամբ, դրա ապացույցն է նաև կատարված լաբորատոր-գործիքային հետազոտությունների թվաքանակի ավելացումը:

Եթե հաջողություն և մի քիչ էլ հնարավորություն լինի՝ եկող տարի պլանավորվում է նոր լաբորատոր բաժանմունքի կառուցումը և ռենտգեն ախտորոշման կաբինետի կահավորումն ու պայմանների բարելավումը:

Ինչո՞վ է առանձնանում այս պոլիկլինիկան մայրաքաղաքի նույնատիպ հաստատություններից: Կա՞ բաժանմունք կամ կաբինետ, որը հատկապես կուզենայիք առանձնացնել՝ նաև հաշվի առնելով մարդկանց կարծիքն ու գոհունակության աստիճանը:

Բոլոր բաժանմունքներն էլ յուրահատուկ են ու բարձրակարգ՝ իրականացնելով յուրովի բարձրակարգ բուժօգնություն, բայց օրինակի համար կառանձնացնեմ ակնաբուժական կաբինետը, որտեղ բավականին բարձր է ընդունելությունը, աշխատում է երիտասարդ բժշկուհի, ով գիտությունների թեկնածուի կոչում ունի: Բավականին հաջող ընդունելություն է կատարվում նաև քիթ-կոկորդ-ականջ-ի կաբինետում, ընդ որում՝ բժշկուհին այս տարվա սկզբին է ընդունվել աշխատանքի և հենց առաջին իսկ օրվանից մասնագիտական պրոֆեսիոնալիզմի արդյունքում ընդունելությունը շատ բարձր է:

Լաբորատոր-գործիքային հետազոտություններն են շատ բարձր մակարդակով իրականացվում, որը պայմանավորված է ինչպես մասնագետների պրոֆեսիոնալիզմով և տեխնիկական վերազինմամբ, այնպես էլ ազգաբնակչության վերաբերմունքի փոփոխությամբ, որն, իր հերթին, շատ կարևոր նշանակություն ունի:

Մանավոր հիմնարկներում հատկապես լաբորատոր հետազոտությունները բավականին թանկ են, իսկ պոլիկլինիկայում հիմնականում անվճար է իրականացվում ՝ եթե կա  բժշկական ցուցում: Վճարովի ծառայությունները կիրառվում են այն դեպքերում, եթե քաղաքացին առանց ցուցման, իր ցանկությամբ է ուզում դա անել: Գների էական տարբերություն կա, հիվանդը չի հավատում, որ այստեղ կարելի է նույն հետազոտությունը կատարել անվճար, իսկ նույնը մեկ այլ տեղում 5-10 հազար դրամ է, հետևաբար, արդյունքներին էլ չի վստահում: Նախկինում լինում էին դեպքեր, երբ գալիս էին այստեղ և հետազոտությունից հետո նաև կրկնակի ստուգում անցկացնում մասնավոր կլինիկաներում: Հիմա նման բան գոյություն չունի, որովհետև քաղաքացին տեսնում է, որ այստեղ բարձրակարգ ու ստույգ բուժսպասարկում է իրականացվում և հենց իր աչքի առաջ: Վստահության գործոնն էլ, իր հերթին, հաճախումների հաճախականությունն է ավելացնում:

Պոլիկլինիկաները սոցիալապես անապահով և առանձին հիվանդությունների գծով հաշվառվածներին անվճար դեղորայք են տրամադրում, ինչի կապակցությամբ ոչ միանշանակ արձագանք կա քաղաքացիների տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների կողմից, մասնավորապես՝ ոչ բոլորին են դրանք հասնում և կամ ժամկետային խնդիրներ կան. ի՞նչ կասեք այս առումով:

Կառավարության հատուկ որոշմամբ սահմանվում է անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստացողների ու հիվանդների ցանկերը, որտեղ ընդգրկված հիվանդներին դեղերը տրվում է անվճար, 50 և 30 տոկոս զեղչերով. օրինակ՝ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող խմբերին տրվում են անվճար, երրորդին՝ 50 տոկոս զեղչով: Բացի դրանից՝ տրամադրում ենք նաև մարդասիրական օգնությամբ և կենտրոնացված կարգով (ըստ հիվանդությունների) ձեռք բերված դեղորայք, որը տրվում է բոլորին: Գոյություն ունի ՀՀ Առողջապահության նախարարի կողմից հաստատված հիմնական դեղերի ցանկ, որը առնվազն տարեկան մեկ անգամ վերանայվում է և բոլոր պոլիկլինիկաները ‹‹Գնումների մասին›› օրենքի համաձայն, մրցութային կարգով դեղորայք են ձեռք բերում և հատկացնում հիվանդներին՝ ուղղորդվելով ՀՀ ԱՆ կողմից հաստատված հրամանով (հրաման 74):

Մենք հարյուր տոկոսով ապահովում ենք վերոնշյալ կարգով դեղերի տրամադրումը և անհնար է, որ դեղորայքը ժամկետի մեջ չլինի, ընդհակառակը, դրա ձեռքբերման համար պայման գոյություն ունի, համաձայն որի՝ դեղորայքը նվազագույնը 2-2.5 տարի պետք է ժամկետի մեջ լինի, հակառակ դեպքում չենք գնի:

Բնակչության այն խումբը, որն անվճար է ստանում դեղորայքը՝ ստանում է պոլիկլինկայից, իսկ 30 կամ 50 տոկոս զեղչով ստացողները՝ դեղատներից: Մեզ սպասարկում է երկու՝ նախկինում պետական դեղատներ՝ պոլիկլինիկայի երկու կողմերում գտնվող՝ համապատասխանաբար 300-400 մետր հեռավորության վրա: Եթե կա էլ բողոք, ապա ասեմ բանն ինչումն է. գնումների մասին օրենքը մեզ պարտադրում է, որ ձեռք բերենք դեղորայք այն կազմակերպությունից, որն ամենաէժանն է տրամադրում և ճանաչվում մրցույթի հաղթող, ընդ որում, դեղորայքի ձեռքբերումն իրականացվում է «Ջեներիկ» անվանումով՝ ազդող նյութով: Այստեղ արդեն մի քիչ պրոբլեմի առաջ ենք կանգնում, որովհետև, բնականաբար, եթե գինը բարձր է, ուրեմն որակն էլ բարձր պետք է լինի և հակառակը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացին արդյունք չտեսնելով դժգոհում է. հենց սա է պատճառը, թե չէ դեղորայքը կա և տրամադրվում է սահմանված կարգով: Լինում են նաև դեպքեր, երբ հիվանդն առհասարակ հրաժարվում է դրանք ստանալուց: Սպասում է այնքան ժամանակ, մինչև մրցույթի ժամանակ ձեռք կբերենք ֆիրմային դեղամիջոց: Սա շատ լուրջ հարց է, որին պետք է բոլորն ուշադրություն դարձնեն, որովհետև գործ ունենք առողջության հետ և գումարների հետևից ընկնելով ու էժան դեղամիջոց ձեռք բերելով չենք օգնում հիվանդներին. եթե տալիս ենք, ավելի լավ է մի քիչ թանկ լինի, բայց արդյունավետ:

Իսկ հումանիտար ճանապարհով ստացված դեղորայքը բավականին բարձր մակարդակի է, նախարարությունն այսօր չտեսնված մաքուր և լավ ազդող դեղորայք է գնում հենց ֆիրմաներից՝ գործարանային գներով, ճիշտ է, նորից մրցութային կարգով, բայց,փառք Աստծո, օրինակ դիաբետիկներին տրամադրվող դեղորայքը արդեն վերջին տարիներին բարձր որակի է և համարյա բողոքներ չկան, որովհետև հիվանդները շատ բավարարված են:

Պոլիկլինիկայում գործո՞ւմ է հիվանդներին ստացիոնար ուղեգրելու գործընթացը և, եթե տարեկան ամփոփում կատարենք, ապա կարո՞ղ եք վիճակագրական տվյալներ ներկայացնել՝ վերոնշյալ գործընթացից օգտվողների քանակի հետ կապված:

Ստացիոնար ուղեգրման գործընթացը կատարվում է սահմանված կարգով: Դրանք հիմնականում այն դեպքերն են, երբ պարզապես հնարավոր չէ ամբուլատոր պայմաններում բուժել: Առողջապահության մեջ սահմանափակումներ չկան. եթե հիվանդը օգտվում է անվճար բուժօգնության սահմանված արտոնություններից և ունի ստացիոնար բուժման անհրաժեշտություն, ուրեմն տրվում է համապատասխան ուղեգիր՝ համաձայն Կառավարության հատուկ որոշման: Ֆոնդի սահմանափակում չկա, ինչքան որ անհրաժեշտություն կա բուժման, այնքան ուղեգիր է տրվում:

Ստացիոնար բուժումից բացի կան նաև դժվարամատչելի հետազոտություններ (օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիկ (շերտագրման), խիստ բարդ հետազոտություններ և այլն)՝ կրկին Կառավարության որոշման համաձայն, որոնց համար ևս տրվում է ուղեգիր:

Այսօրվա դրությամբ ստացիոնար բուժման ենք ուղեգրել 953 հոգու, 1050-ով, թերևս, կփակենք տարին: Անցած տարի ունեցել ենք 52618 ամբուլատոր այց, դրան եթե գումարենք 2335 տնային կանչերը, ապա կստացվի ընդամենը 54953. սրանք վիճակագրական տվյալներն են, որն այս տարի ևս մի փոքր ավելացումով կլինի:

Ասեմ նաև, որ այսօր ստացիոնար ուղեգրման գորընթացը մի քիչ բարդացել է, որովհետև հիվնադն ինքը չի ուզում գնալ հիվանդանոց (տարբեր պատճառներով), նրան ավելի ձեռնատու է բուժումը տնային պայմաններում ստանալը: Այս դեպքում պոլիկլինիկայի բժշկի ծանրաբեռնվածությունն ավելանում է, որովհետև երբ նշանակում ես տնային պայմաններում բուժում՝ դա նաև պետք է հսկել, այսինքն՝ բժիշկը և պետք է ամբուլատր այց կատարի և հսկողություն պետք է սահմանվի հիվանդի բուժման նկատմամբ:

Պետք է նկատել, որ բարձրացել է նաև դժվարամատչելի հետազոտությունների ուղեգրվածների  թիվը:

Ընդհանուր ամփոփում կատարելով՝ կհստակեցնե՞ք՝ կոնկրետ ի՞նչ խնդիր ունի թիվ 15 պոլիկլինիկան և ոլորտն առհասարակ:

Շատ բարդ հարց է, որի մասին կարելի է երկար խոսել՝ սկսած ֆինանսավորման ու դրա չափի փոփոխություններից: Ֆինանսավորումը լավ կլիներ, որ մի քիչ ավել լիներ, բայց այդ ամենն անելու համար պետությունն էլ պետք է մի քիչ հնարավորություն ունենա, ամեն

դեպքում, մենք այսօր պետք է ‹‹ոտքերը մեր վերմակի չափով պարզենք››: Եթե համեմատում ենք այն գումար, որ տրվում է այլ երկրների առողջապահության ոլորտին, բնականաբար, մեծ տարբերություն կա: Ցածր ֆինանսավորման մեր այս պայմաններում բժիշկների աշխատանքը կարելի է հերոսություն անվանել: Հատկապես հերոսական է ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների աշխատանքը, քանզի այսօրվա սոցիալական պայմաններում ապրող ազգաբնակչության առողջապահության կազմակերպումը, մարդկանց առողջության պահպանումը հենվում է ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկների վրա: Եթե պոլիկլինիկան հնարավորություն ունենար ավելի շուտ հայտնաբերեր հիվանդությունը, այսինքն՝ կանխարգելիչ բժշկությունը զարգանար այստեղ, բնականաբար, հիվանդն արդեն չէր գնա ստացիոնար բուժման, հիվանդությունը կհայտնաբերվեր վաղ շրջանում և համապատասխան բուժում կիրականացվեր: Այսինքն՝ պրոֆիլակտիկայի համար էլ է գումար պետք. այս մի քանի ծրագրերը, որ արդեն նշեցի, հենց դրա համար ենք իրականացնում: Եթե ոլորտի ֆինանսավորումը բարձրանա, և մենք կարողանանք զարգացնել կանխարգելիչ բժշկությունը, բնականաբար, ստացիոնար ծառայություններից օգտվողների թիվն էլ կպակասի: Բնակչության առողջապահական միջոցառումների կազմակերպումը, առողջության պահպանումը հիմնականում դրված է ամբուլատոր պոլիկլինիկական հիմնարկների վրա: Եթե այս հիմնարկները կարողանան հզորանալ, բնական է, որ առողջության մակարդակը բնակչության մեջ ևս կփոխվի. Մարդիկ ավելի առողջ կլինեն:

Մեր հարցերն այսքանն էին, ինչի՞ մասին ինքներդ կուզենայիք խոսել, բայց հարց չտրվեց, կամ գուցե Ձեր մասնագիտական մաղթա՞նքն՝ ուղղված բնակչությանը:

Տարբեր միջոցաոռւմների ժամանակ բոլորս էլ միշտ, առաջնահերթ առողջության կենացն ենք խմում, բայց կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են, որ մարդն առողջ չլինի և դրանք հիվանդությունները չեն բնավ: Ես առաջնահերթ կուզեմ, որ այդ վատացմանը նպաստող հանգամանքներն ու գործոնները  չլինեն: Եթե վնասը վերանա՝ մարդն առողջ կլինի, և այդ ժամանակ, թերևս մարդուն առողջություն ցանկանալու կարիք էլ չի լինի:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response