Առողջապահություն

Կորոնավիրուսի՝ բրիտանական շտամի վտանգավորությունն ու վարակելիության հավանականությունն ավելի բարձր է, քան բնօրինակի դեպքում. համաճարակաբան

726views

Շտամը, որն առկա է հայաստանյան վարակակիրների մոտ, «COVID 19»-ի մուտացված տարբերակն է, որը ըստ վերջին տեղեկությունների՝ ավելի վտանգավոր է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը:

«Ըստ վերջին տեղեկությունների՝ «բրիտանական շտամ» կոչվածն առաջնային, այսինքն` բնօրինակ վիրուսի մուտացված տարբերակն է և իր վարակելիությունը գնահատվում է բարձր, այսինքն` բրիտանական շտամով վարակված մեկ հիվանդն ավելի արագ է վարակում մեկ ուրիշին, քան, օրինակ, բնօրինակով վարակված հիվանդը»,- ասաց Ռուբեն Հովհաննիսյանը:

Համաճարակաբանն ընդգծեց՝ սկզբնական շրջանում մուտացված վարակի մասին տեղեկություններն այլ էին, բայց վերջին ժամանակահատվածի հետազոտությունները ցույց են տալիս, որ բրիտանական շտամի պաթոգենությունը, հիվանդություն առաջացնելու ունակությունն ավելի բարձր է, քան «COVID 19»-ի պարագայում:

«Սկզբնական շրջանում նշում էին, որ մահաբերությունը և վարակի այլ բացասական ազդեցությունները օրգանիզմի վրա առանձնապես չէին տարբերվում բնօրինակից, սակայն վերջերս հրապարակումներ կային, որ պաթոգենությունն ավելի բարձր է, քան բնօրինակը, այսինքն` վտանգն ավելի բարձր է»,- նշեց համաճարակաբանը:

Նա նաև ասաց, որ այս պահի դրությամբ ինքնամեկուսացման ժամկետները բրիտանական շտամի դեպքում նույնն են, ինչ բնօրինակ վիրուսի, այսինքն՝ 14 օր:

Հիշեցնենք՝ ապրիլի 2-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել է «COVID 19»-ի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք:

Leave a Response