ԳլխավորՔո էջը

Սոցիալական աշխատանքի կարևոր դերը հասարակությունում

299.5kviews

Սոցիալական աշխատանք, մասնագիտական գործունեություն, որն օգնում է անհատներին, խմբերին և համայնքներին լուծելու իրենց սոցիալական հիմնախնդիրները՝ այդ նպատակով օգտագործելով առկա միջոցներն ու հնարավորությունները կամ ստեղծելով նորերը։

Բազմիցս մասնագիտական գրականության մեջ հանդիպում ենք սոցիալական աշխատանքի այս սահմանմանը, սակայն սոցիալական աշխատանքի և սոցիալական աշխատողի դերը հասարակության մեջ իր բնույթով ավելին է։ Սոցիալական աշխատանքը լոկ մասնագիտություն չէ, այն համարվում է հասարակության բարեկեցության հիմքը։ Սոցիալական աշխատողի մասնագիտությունը կյանքի խնդիր է դառնում միայն նրանց համար, ովքեր պատրաստ են անձնուրաց աշխատել այն մարդկանց համար, ովքեր կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառով չեն կարողանում լիարժեք ինտեգրվել հասարակության մեջ և սոցիալական աշխատողները հաճախ դառնում են ամենամոտ, ամենաթանկ, համարյա ընտանիքի անդամները նրանց համար։ Սոցիալական աշխատողը ձգտում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդիկ երջանիկ, գոհ լինեն իրենց կյանքից: Ամեն մարդ չէ, որ կարող է դա կատարել: Սա պահանջում է մարդասիրություն, բարություն, ուշադրություն և զգայունություն: Երբեմն ակտիվ կյանք վարելով՝ ծերության մեջ մարդը միայնակ է, և նրա համար արտաքին աշխարհի հետ միակ կապող թելը սոցիալական աշխատողն է:

Սոցիալական աշխատանքը միտված է մարդուն օգնելու իր ընտանիքում, սոցիալական միջավայրում, իր միջանձնային հարաբերությունների և ներանձնային կարգավիճակի շտկման մեջ: Այն կենտրոնանում է հիմնախնդիրների լուծման և փոփոխությունների իրականացման վրա, փոփոխություններ, որոնք ուղղված են հասարակությունում առկա խոչընդոտների, անհավասարության և անարդարության վերացմանը՝ մի կողմից և, մյուս կողմից, արձագանքում են ճգնաժամային իրա-վիճակներին, մարդկանց անձնական կյանքում առաջ եկող այն սոցիալական խնդիրներին, որոնք խոչընդոտում են նրանց առօրյա կյանքի կազմակերպմանը։

Սոցիալական աշխատանքը, որպես մասնագիտական գործունեություն կարևոր դեր ունի հասարակության մեջ, սակայն կա անհրաժեշտություն իրականացնել տարաբնույթ միջոցառումներ ուղղված մասնագիտական դերի բարձրացմանը։ Ներկայումս մասնագիտությունը լայն տարածում է գտել քաղաքային շրջաններում, որտեղ կան բազմաթիվ սոցիալական ինստիտուտներ, ի տարբերություն գյուղական շրջանների, որտեղ շատ քիչ են մասնագիտության մասին պատկերացումները ։ Գյուղական համայնքներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն բարձրաձայնվում և չեն լուծվում մասնագետին չվստահելու և նրանից աջակցություն չընդունելու պատճառով։ Այդ խնդիրներից կնշեմ մի քանիսը։ Օրինակ ընտանեկան բռնությունը, որը համարվում է կնոջ և ամուսնու միջև ընտանեկան կոնֆլիկտների և կարգավորման տարածված եղանակներից մեկը։ Հայ ընտանիքներում այժմ մեծ թիվ են կազմում հոգեբանական և ֆիզիկական բռնությունները, որը պայմանավորված է ընտանիքի անապահով վիճակով: Ընտանիքում տեղի ունեցող բռնությունները հատկապես վատ ներգործություն են ունենում երեխաների վրա` խոչընդոտելով նրանց սոցիալականացմանը: Հաջորդ խնդիրը, որ հանդիպում է գյուղական համայնքներում, դա հատուկ պաշտպանության կարիք ունեցող անձանց մեկուսացումն է հասարակությունից։ Շատ ընտանիքներ չեն ասում, որ իրենց ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձ կա, քանի որ ամաչում են այդ փաստից և թաքցնում են նրանց միջավայրից։ Դա հիմնականում նկատվում է այն ընտանիքնրում, որտեղ չամուսնացած երիտասարդներ կան և ծնողները վախենում են, որ իրենց մեկ երեխայի մոտ եղած խնդիրը կարող է ճակատագրական լինել միուսների համար։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար լուրջ խնդիր է համարվում առողջապահական ծառայությունների անհասանելիությունը։ Իսկ տարեցները հասնելով տարեց հասակի մեկուսանում են հասարակությունից, դրա պատճառը զբաղվածության բացակայությունն է, բացի դրանից նրանք այս տարիքում չեն ընդունում ներկա սերունդի արժեքային փոփոխությունները և դա կոնֆլիկտ է ստեղծում երիտասարդների և տարեցների մեջ։

Վերը նշված խնդիրները և բազմաթիվ այլ խնդիրներ խաթարում են ընտանիքի կայունությունը և հենց այստեղ է, որ սոցիալական աշխատանքը պետք է գա ընտանիքին օգնության և աջակցի հաղթահարել դժվարությունները և պահպանել կայունություն ընտանիքում, իսկ այդ ամենը հնարավոր է միայն համայնքներում մասնագիտական դերի բարձրացման միջոցով։

Սոցիալական աշխատանքը կայուն պետության հիմքն է:

 

gmpress.am-ի փոստից

Սվետլանա Հարությունյան

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, մագիստրատուրա, հոգեբանություն 1-ին կուրս

Leave a Response