Արժեքներ

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը շատ արագ արձագանքեց նոր մարտահրավերին. Արմեն Սարգսյան

368.2kviews

Ամբողջ աշխարհին պատուհասած համավարակը՝ կորոնավիրուսը կամ Covid19-ը  չշրջանցեց նաև Հայաստանը՝ անհարմարությունների և դժվարությունների հետ մեկտեղ իր հետ բերելով նաև որոշակի մարտահրավերներ ու փոփոխություններ՝  հասարակական-քաղաքական գրեթե բոլոր ոլորտներում: Այս առումով, ինչպես գիտենք, առավել խոցելի դարձավ կրթության ոլորտը, որի արդյունքում սույն թվականի մարտ ամսից  սկսած ՀՀ բոլոր կրթական հաստատություններն անցում կատարեցին հեռավար ուսուցման համակարգին:

Ստորև ներկայացնում ենք հեռավար կրթության արդյունավետության, դրական ու բացասական կողմերի, արձագանքների, խնդիրների և նմանատիպ այլ հարցերի շուրջ gmpress.am-ի պատրաստած հարցազրույցը՝  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Սարգսյանի հետ:

Պարոն Սարգսյան, որո՞նք են հեռավար կրթության դրական և բացասական կողմերը:

Դրական կողմերից կարելի է նշել կրթության հասանելիությունը, ճկունությունը, ժամանակի և գումարի տնտեսումը, նորարարական և արդիական գիտելիք ստանալը: Ուսանողը կարողանում է ցանկացած վայրից ստանալ կրթություն, մասնակցել տարբեր դասընթացների՝ խնայելով գումար և ընտրելով ուսուցման համար իրեն հարմար ժամանակահատվածը: Բացի այդ՝ հնարավորություն է ստանում ձեռք բերելու ժամանակակից և արդիական գիտելիք:

Ինչպես և ցանկացած կրթաձև, հեռավար կրթությունն ունի նաև որոշ թերություններ: Մասնավորապես, կարելի է նշել կենդանի շփման բացակայությունը: Չնայած այդ բացը փորձ է արվում լրացնել առցանց հանդիպումների՝ վեբինարների միջոցով, այնուամենայնիվ դա ամբողջությամբ չի փոխարինում կենդանի շփմանը: Թերություններից է նաև  գործնական աշխատանքներ կատարելու սահմանափակ հնարավորությունը, քանզի կան առարկաներ, որոնք պահանջում են լաբորատոր հետազոտությունների իրականացում: Շատ կարևոր է նաև լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների մշակումը՝ կրթության պատշաճ մակարդակն ապահովելու համար:

Ի՞նչ արձագանքներ եղան դասախոսների և ուսանողների կողմից:

Հաշվի առնելով այն, որ պրոֆեսորադասախոսական կազմը վերջին տարիների ընթացքում մասնակցել էր Կենտրոնի կողմից կազմակերպված հեռավար ուսուցման վերապատրաստումներին՝ Կենտրոնը կարողացավ շատ արագ արձագանքել նոր մարտահրավերին՝ կազմակերպել  հեռավար ձևաչափով ուսուցում գրեթե բոլոր մասնագիտացումներով սովորող ուսանողների համար: Ի տարբերություն որոշ այլ բուհերի՝ Կենտրոնի հեռավար ուսուցման հարթակում ուսուցումը կազմակերպվեց ոչ միայն հեռավար հարթակի մի առանձին բաղադրիչի՝ վեբինարների կիրառմամբ, այլև օգտագործվեցին հեռավար հարթակում կիրառվող տարբեր գործիքներ՝ հանձնարարություններ, թեստային առաջադրանքներ, նախագծեր, ֆորումներ, տեսադասախոսություններ, ինտերակտիվ տարբեր  նյութեր, պաշարներ և այլն: Այս բազմաբաղադրիչ դասընթացները ուսանողին հնարավորություն տվեցին աստիճանաբար յուրացնելու տվյալ առարկան՝ ստանալով ոչ միայն տեսական գիտելիք, այլև գործնական հմտություններ: Ինչ վերաբերում է ուսանողներին, պետք է նշել, որ նրանք նույնպես կարողացան արագորեն ինտեգրվել այս ձևաչափով ուսուցման գործընթացին և համավարակի ընթացքում շարունակել իրենց ուսումը՝ բավական մեծ հետաքրքրություն ցուցաբերելով հեռավար ուսուցման նկատմամբ:

Ծրագրային և տեխնիկական թերություններ լինու՞մ էին, և եթե այոապա արդյո՞ք դրանք չէին խանգարում դասապրոցեսի բնականոն ընթացքին:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում հեռավար ուսուցումը երկար տարիների պատմություն ունի: Այն ներդրվել է Կենտրոնում դեռևս 2010 թվականին: 2014 թ. մեկնարկեց հեռավար ձևաչափով լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը՝ հասարակական որոշակի խմբերի համար: Այդ ընթացքում Հայաստանի և արտերկրի մեր հայրենակիցներից ավելի քան 700 հոգի մասնակցեցին այդ դասընթացներին, նրանցից մոտ 250-ը, հաղթահարելով գնահատման սահմանված շեմը, ստացան հավաստագրեր: Այս տարիների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ վերապատրաստումներ՝ արտերկրի և տեղի փորձագետների մասնակցությամբ: Վերապատրաստմանը մասնակցել են մեր դասախոսները, վարչական ու տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները: Հեռավար ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով ձեռք բերվեցին ժամանակակից տեխնիկական միջոցներ և համակարգեր, ինչպես նաև՝ գործարկվեց գիտաժողովներ կազմակերպելու համար նախատեսված առցանց գիտաժողովների դահլիճը: Ստեղծվել են ինտերակտիվ բազմաթիվ առցանց դասընթացներ, մշակվել են ուսանողակենտրոն ժամանակակից ուսումնական ծրագրեր: Այս ամենի համատեքստում պետք է փաստել, որ Կենտրոնը պատրաստ էր առանց էական դժվարությունների կազմակերպել հեռավար ուսուցում՝ գրեթե բոլոր մասնագիտություններով: Իհարկե, լինում են ընթացիկ որոշ տեխնիկական խնդիրներ, որոնք շատ արագ կերպով  կարգավորվում են մեր տեխնիկական անձնակազմի կողմից:

Ուսանողների կողմից առաջարկներ եղա՞ն հետագայում ևս շարունակելու ուսումն այս եղանակով:

Դատելով ուսանողների շրջանում անցկացված հարցումներից և արձագանքներից՝ մեր ուսանողները բավական ոգևորված և մոտիվացված մասնակցում են հեռավար դասընթացներին և քննություններին: Իմ կարծիքով լավագույն տարբերակը կլինի առկա և հեռավար ուսուցման ձևաչափերի զուգակցումը:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response