ԱրժեքներԳլխավոր

Բեմը ինձ համար սրբավայր է . Լուսիա Աբրահամյան

5.6kviews

Դերասան Խորեն Աբրահամյանի և դերասանուհի Լուսյա Հովհաննիսյանի թոռնուհի , դերասանուհի Լուսիա Աբրահամյանի հետ զրուցում ենք , մեծ բեմում իր քայլերի, նախասիրությունների և ընդհանրապես թատրոնի մասին:

Որքանո՞վ եք Ձեզ ժառանգորդ համարում Խորեն և Լուսիա Աբրահամյանների, ի՞նչ եք հատկապես ժառանգել նրանցից:

— Ես հպարտ եմ, որ այդպիսի տատիկ, պապիկ եմ ունեցել, որ այդպիսի մարդկանց հետ եմ շփվել: Ես նստում էի անկյունում ու լսում, թե ինչպես են նրանք խոսում, ինչպես են պատրաստվում ինչ-որ մի ֆիլմի նկարահանման, հետո գնում էի նկարահանման հրապարակ ու դիտում…

Ես և պապիկս ամբողջ օրը միասին էինք , զրուցում էինք տարբեր թեմաներից: Մի անգամ ինչ-որ թեթև միջադեպ էր եղել բակում և ես հուզված պատմում էի, նա ասաց. ‹‹ Բալի՛կ, լսիր քեզ ինչ եմ ասում. Շեքսպիրն ասում է. թող ինձ երկինքը այնպիսի ուժ տա, որ ոչ թե վատից ես էլ վատանամ, այլ վատը տեսնեմ՝ ինքս լավանամ››:

Այ թե ինչ եմ ես սովորել, մասնագիտականից շատ ավելի կարևոր բաներ կան, մարդկային ավելի խորը արժեքներ կան: Պապիկս այն տեսակի մարդ էր, որ իրենից ամեն ինչ կարելի էր քաղել, սովորել: Կյանքում ինչի հասել եմ պարտական եմ միայն ու միայն իրեն: Ամեն քայլ անելուց առաջ միշտ մտածել եմ, թե արդյո՞ք նրան դուր կգա, արդյո՞ք ճիշտ եմ անում: Ցանկացած փոքրիկ հաղթանակ՝ աստիճան առ աստիճան իր շնորհիվ է:

Նույն կասեմ նաև տատիկիս մասին: Նա իմ մայրն էր, ես իրեն ‹‹ մամա›› եմ ասել: Այդ կնոջով չեմ հոգնում անդադար հիանալ, հզոր կին էր: Միշտ զարմանում էի, թե ոնց էր հասցնում ամեն ինչ այդքան իդելականորեն կատարել: Այդպիսի կին, մայր, տաղանդավոր մարդ չկար: Այդպիսի տաղանդը բնատուր է լինում:

Ես երջանիկ մարդ եմ:

Պատմեք մի փոքր Ձեր առաջին քայլերի մասին դեպի մեծ բեմ, դեպի կինո:

1979թ.-ին ես առաջին անգամ՝ 11 ամսականում նկարահանվել եմ ‹‹ Խոշոր շահում›› ֆիլմում: Կարեն Ջանիբեկյանի գրկի երեխան էի : Փայլուն ֆիլմ է, կարծում եմ մինչև այսօր էլ դիտում են: Իմ երեխան միշտ մեծ հաճույքով է նայում : Մի հետաքրքիր և զավեշտալի դեպք պատմեմ այդ ֆիլմի հետ կապված . կոմունիստների ժամանակ բոլորին 100 ռուբլի աշխատավարձ էին տալիս և դա բավականին մեծ գումար էր: Պապիկս գնում է այդ գումարը ստանալու և այդ ժամանակ երկու ռուբլի պահում են անում: Պապիկիս հարցին, թե ինչու են 11 ամսական երեխայի գումարից պահում ՝ պատասխանում են, թե անզավակության համար: Պատկերացնու՞մ եք՝ 11 ամսական երեխայից անզավակության համար պահում են անում……

Արդեն 35 տարի հումոր է դարձել այդ ‹‹ անզավակության›› հարցը:

Հաջորդեց ‹‹Գործուղում առողջարան›› ֆիլմը: 4-5 տարեկանում , մոտ երկու տարի, Հանրային Հեռուստաընկերությունում Արմեն Էլմասյանի մանկապատանեկան հաղորդումների շարքն էի վարում : Դրան հաջորդեց Արտաշես Քալանթարյանի ‹‹Իմ տունը քո տունն է ›› շատ հետաքրքիր ընտանեկան պատմություններով հաղորդաշարը: Տատիկիս հետ էի հանդես գալիս: Հետո հաջորդեց Սունդուկյան թատրոնը, որտեղ 11 տարեկանում արդեն լուրջ դեր ստացա ‹‹ Ռանչպարների կանչը›› ներկայացման մեջ, որը բեմադրել էր պապիկս՝ Խորեն Աբրահամյանը: Հանդես էի գալիս տղայի կերպարով՝ ‹‹ Զենոբի լաճ››: Ներկայացումը գնաց ԱՄՆ, մոտ մեկ ամիս հյուրախաղերի էինք: Կերպարը շատ հետաքրքիր էր. 10 տարեկան տղային թուրքերը հարցաքննում են և նա չիմանալով ինչ ասի, սկսում է այբբենարանը արտասանել ( այբ-բեն-գիմ- ել Հովակիմ….) և այդ արտասանությունը վերածվում է պարի. Տղան սկսում է պարել: Պատկերացրեք, թուրքերը հարցաքննում են, իսկ տղան պարում է… Ամեն անգամ շատ էի հուզվում այդ տեսարանից: Նրանից հետո արդեն

‹‹ Մեռնիլը որքան դժվար է››, ‹‹ Էդմուն Քին›› և հետևում է 14 տարվա ընդմիջումը՝ ընտանիք, երեխա…

14 տարի ընդմիջումից հետո առաջարկ ստացա նկարահանվել ‹‹Եզրագծից այն կողմ›› հեռուստասերիալում : Դրանից հետո սկսեց իմ , այսպես ասած, սերիալային կյանքը՝

‹‹ Ընտրյալները›› և այսպես մի քանի առաջարկներ: Բայց այս ամբողջը մի կողմ դրած. զգում էի, որ թատրոնն եմ ուզում, ինձ բեմն է պետք, չգիտեմ, միգուցե արյան կանչն էր դա: Եկա , ընդունվեցի Սունդուկյան թատրոն և հենց առաջին օրը դեր ստացա՝ Վիգեն Ստեփանյանի

‹‹Մադագասկար›› մանակական ներկայացման մեջ ՝ Ներվետտա կերպարով: Անմիջապես դեր ստացա նաև ‹‹Կովկասի կավճե շրջանը›› ներկայացման մեջ և մեկնեցինք հյուրախաղերի՝ Բաթումի: Առաջին բեմելս սունդուկյանցիների հետ եղավ Բաթումիում:

Վերադառնալուց հետո բեմ բարձրացա այստեղ՝ մեծ կարոտով ու սիրով ‹‹Մադագասկար›› ներկայացումով: Ի ուրախություն և ի երջանկություն ինձ, մեկը մյուսի հետևից հաջորդեցին դերերը ՝‹‹Ոտքի դատարանն է գալիս››՝ լրագրողուհու կերպարով, ‹‹Պատվի համար›› և այլն: Եկավ հասավ այն պահը երբ ես դեր ստացա ‹‹Ջոն արքա›› ներակայացման մեջ ՝ Բլանշի կերպարը: Մարտի 21-ին իմ ծննդյան 35 ամյակն է և մեր գեղարվեստական ղեկավարը ՝ պարոն Գասպարյանը, չէր կարող ինձ համար ավելի մեծ նվեր մատուցել, քան այդ օրը բեմի վրա նշելը՝ փայլուն մի կերպարով՝ Բլա՜նշ: Սա ինձ համար աննկարագրելի, գերագույն հաճույք է:

Ապրիլի մեկին պապիկիս ծննդյան տարեդարձն է և ես այս ներկայացումը նվիրում եմ իրեն:

Ո՞րն եք Ձեզ ավելի հոգեհարազատ համարում՝ թատրո՞նը, թե՞ կինոն:

Ես կինոն շատ եմ սիրում, ինձ համար հաճելի է նկարահանվելը, այս պահին էլ աշխատում եմ ‹‹ Կյանքի կարուսել›› նախագծում, բայց թատրոնը դա մի ուրիշ, գերագույն հաճույք է: Ինձ համար նշանակություն չունի, թե ինչ կերպար եմ մարմանվորում՝ Բլանշ, լրագրողուհի, թե պարզապես մասսայական տեսարաններում եմ հանդես գալիս, ես նույն զգացողությունն եմ ունենում. այս բեմն եմ վայելում, որովհետև այն ինձ համար սրբավայր է : Ամեն ինչով կապված եմ բեմին:

Եղե՞լ է այնպիսի իրավիճակ, երբ ներկայացումը տապալվի կամ անախորժ իրավիճակ ստեղծվի, ինչպե՞ս եք պահել Ձեզ այդ իրավիճակում և որքանո՞վ է օգնել Խորեն Աբրահամայնի թոռնուհին լինելը այդ պարագայում:

Խորեն Աբրահամյանի թոռնուհին լինելը այստեղ է (ցույց է տալիս գլուխը և սիրտը) և դա արդեն ելք է ցանակացած իրավիճակից:

Նման անախորժ իրավիճակներ չեն եղել և Աստված չանի այդպիսի բան լինի, բայց եղել են պահեր, ասենք տեքստ մոռանալը, որը բոլորի հետ էլ պատահում է, բայց ամեն նմանատիպ իրավիճակներում պետք է ինքներս մեզ հավաքենք, պիտի անենք, պարտավոր ենք: Պապիկս միշտ ասում էր ինձ. ‹‹ Բալիկ պիտի անես , բաներ կա, որ մենք պարտավոր ենք անել››:

Եթե դու բեմում կանգնած ես, ուրեմն կարող ես, պարտավոր ես, այլապես սա քո տեղը չէ:

Ի՞նչ կասեք սերունդների տարբերության մասին: Շա՞տ է տարբերությունը նախկին և ներկա սերունդների թատրոնում:

Այո, այդպիսի բան կա, բայց կոնկրետ այս թատրոնում շատ հետաքրքիր կոչում կա ‹‹սունդուկյանցի›› . դա կամ կա կամ չկա: Նշանակություն չունի դու որտեղից ես, ո՞վ ես , բեմը եթե սիրեց քեզ, ուրեմն դու ‹‹սունդուկյանցի›› ես և վերջ, դրանով ամեն ինչ ասված է : Ես մի քանի սերունդ եմ տեսել այս թատրոնում, բայց այդ օրինաչափությունը մինչև այսօր կա: Ինչ վերաբերվում է կինոյին, ապա սրտի ցավով պետք է ասեմ, որ մեր կինոն, մեղմ ասած, հոգեվարքի մեջ է: Հայֆիլմ կինոստուդիան այսօր, փաստորեն, գոյություն չունի: Ես տաղանդավոր մարդկանց մեջ եմ մեծացել՝ Խորեն Աբրահամյան, Ֆրունզե Դովլաթյան, Գոհար Գասպարյան, տեղյակ եմ եղել նրանց նիստուկացին: Լավը տեսնելուց հետո վատը միանգամից տարբերվում է: Այսօր ցավոք, նույնը չէ, ամեն ինչ շատ է արժեզրկվել:

Վերջում ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր սերնդին:

Չեմ ուզում ծեծված խոսքեր ասել, բայց միշտ մի բան եմ ցանկացել, քանի որ ես բալիկ ունեմ, որը մեր մատաղ սերունդն է , ուզում եմ, որ բոլոր երեխաները անհոգ մանկություն ունենան: Երեխան պիտի ունենա այնպիսի երջանիկ մանկություն, որը ես եմ ունեցել:

Երիտաարդությանը ցանկանում եմ ավելի խորը հոգևոր մտածողություն , իրական երջանկություն՝ զերծ նյութական տարրերից: Նյութականը, բնական է, կարևոր է, բայց միայն դրանով ապրել չի կարելի, կան շատ ավելի գեղեցիկ և կարևոր բաներ:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response