Կարևորելով գիտության դերը Հայաստանի զարգացման գործում՝ gmpress.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ-ում գործող գիտական հաստատությունների գործունեությունը՝ այս անգամ հանգրվանելով Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում:
Ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանի հետ զրուցում ենք ինստիտուտի գործունեության, միջազգային համագործակցության, կատարված ու կատարվելիք աշխատանքների, ծրագրերի, խնդիրների և ոլորտին վերաբերվող այլ թեմաների շուրջ:
Պարոն Զաքարյան, պատմեք մի փոքր ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գործունեության մասին՝ սկզբնավորման օրվանից առ այսօր, ի՞նչ գործունեություն եք ծավալում, ի՞նչ անձնակազմով եք իրականացնում գիտական աշխատանքները:
ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը հիմնվել է 1960թ.-ին Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի ռադիոաստղագիտության բաժնի հիման վրա, որը հետագայում տեղափոխվեց ներկայիս տարածք՝ Աշտարակ և սկսեց զարգանալ: Հիմնական ուղղությունը եղել է ռադիոաստղագիտությունը, հետագայում հետազոտությունների ուղղվածությունը հարստացավ. առաջատար գիտնականներից մեկը, ԳԱԱ այժմյան նախագահ՝ Ռադիկ Մարտիրոսյանը մեկնեց Մոսկվա՝ ՖԻԱՆ, ասպիրանտուրա, որտեղ ուսանեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Պրոխորովի մոտ և վերադառնալով հիմնեց նոր՝ քվանտային ռադիոֆիզիկայի ուղղությունը, ինչի շնորհիվ շատ լուրջ հետազոտություններ կատարվեցին ինստիտուտում, ստեղծվեցին զանազան մազերներ՝ քվանտային ուժեղարարներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ինչպես հիմնարար հետազոտությունների, այնպես էլ կիրառական նյութաբանության տեսակետից: Ուսումնասիրվել են զանազան թանկարժեք միներալների՝ զմրուխտի, ռուբինի էլեկտրոնային նուրբ կառուցվածքը: Հիմնադրման օրվանից ինստիտուտի առանձնահատկությունը եղել է կիրառական բնույթի հետազոտությունները, որոնք ուղղված են եղել դեպի հատուկ ծրագրեր. խոսքն, իհարկե երկրի պաշտպանությանն է վերաբերվում: Ես չեմ ուզում փակագծերն այստեղ բացել, բայց ակնհայտ է, որ ռադիոֆիզիկան, նախևառաջ, մեծ հետաքրքրություն է ներկայացնում պաշտպանական խնդիրների համար և հիմա էլ մեր ինստիտուտի նյութական հոսքերի մի զգալի մասը կազմում են հենց ՊՆ-ի հետ համագործակցության պայմանագրերը, հատուկ ծրագրերը:
Խորհրդային տարիներին ինստիտուտի անձնակազմը բավականին մեծ է եղել՝ հասնելով 400-ի: Ներկա դրությամբ այդ թիվը զգալիորեն նվազել է՝ մոտավորապես 130 հոգի, որոնցից 70-ը գիտաշխատողներ են, բայց կարծում եմ՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպման դեպքում դա փոքր թիվ չէ և կարելի է շատ լուրջ խնդիրներ լուծել: Մենք ունենք նաև փորձնական արտադրություն, ճիշտ է, հաստոցները գլխավորապես խորհրդային շրջանի արտադրության են, բայց ամեն դեպքում, մեր կարիքները հիմնականում կարողանում ենք հոգալ: Իհարկե, արդիականացման շատ լուրջ խնդիր կա. աշխատանքները կատարելիս ամեն անգամ ավելի և ավելի զգում ենք դրա կարիքը: Ես կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրը այսօր կայանում է կիրառական և հիմնարար խնդիրների համաչափության մեջ, որովհետև կիրառական խնդիրները շատ ջանքեր և մարդկային ռեսուրս են սպառում, բնական է, սահմանափակ մարդկային ռեսուրսների դեպքում քիչ ներուժ է մնում ուղղելու հիմնարար ուսումնասիրություններին: Ես հենց դրանում եմ տեսնում հիմնական խնդիրը. պետք է ռացիոնալ ձևով վերաբաշխվեն այդ ռեսուրսները, որովհետև եթե մինչև վերջ անկեղծ լինենք՝ ժամանակային առումով դրանց շատ դժվար է համատեղելը: Իհարկե՝ շեշտը դնելով կիրառական նշանակության ծրագրերին` տուժում է գիտությունը: Մենք փորձում ենք պահպանել այդ համաչափությունը, որը հենց մեր լաբորատորիաների ղեկավարների հիմնական խնդիրն է: Ի դեպ, նշեմ նաև, որ ինստիտուտում ունենք 5 հետազոտական լաբորատորիա:
Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են՝ Ռադիոֆիզիկական մեթոդների զարգացումը և ԳԲՀ սարքերի ու համակարգերի ստեղծումը՝ Երկրի և մթնոլորտի հեռազննման, բժշկական ախտորոշման և նյութերի հետազոտման համար, տերահերցային տիրույթի նոր ֆունկցիոնալ տարրերի և մետաղադիէլեկտրիկական ալիքատար կառուցվածքների մշակումը, կիսահաղորդչային նանոհետերակառուցվածքների և բարակթաղանթային բարդ նյութերի սինթեզը և հետազոտումը՝ ինֆրակարմիր տիրույթի օպտոէլեկտրոնիկայում կիրառման համար, նյութերի մեխանիկական և օպտիկական հատկությունների վրա բյուրեղային ցանցի դեֆեկտների ազդեցության հետազոտումը,
պլազմային միջավայրերում էլեկտրամագնիսական ալիքների գեներացիայի և տարածման, ինչպես նաև՝ մասնիկների շարժման տեսական հետազոտությունները։
Նյութատեխնիակական ի՞նչ բազայով են ինստիտուտում իրականացվում գիտական աշխատանքները. սարքավորումներն այստեղ շա՞տ են հնացած:
Հետխորհրդային տարիներին՝ մինչև 2000-ական թթ.-երը մենք ոչ մի նոր սարքավորում չէինք կարողանում ձեռքբերել, որովհետև միջոցները շատ սուղ էին, իհարկե ունեինք որոշ պայմանագրեր, բայց հասկանալի պատճառներով ստացված միջոցները հիմնականում ուղղվում էին աշխատավարձին: 2000-ականններին իրավիճակը մի փոքր փոխվեց, արդեն զգացինք, որ անհրաժեշտ է նորացնել սարքավորումները և որոշ գրանտային ծրագրերից սկսեցինք այդպիսի ձեռքբերումներ կատարել, օրինակ ՆԱՏՕ-ի գրանտների շնորհիվ ձեռք բերեցինք շատ ժամանակակից սարքավորումներ, որոնք մինչ այժմ էլ արդիական են և այդ իմաստով վիճակն այդքան վատ չէ: Հաջորդ փուլն այս առումով սկսվեց մոտավորապես 2010 թ.-ից, երբ Հայաստանի Հանրապետությունն ինքն էլ սկսեց պետբյուջեի հաշվին որոշակի միջոցներ հատկացնել՝ սարքավորումներ ձեռք բերելու համար, որի արդյունքում ունեցանք բավականին լուրջ սարքավորումներ, օրինակի համար նշեմ National instruments ընկերության ժամանակակից և ունիվերսալ չափումների հարթակը, այսինքն՝ այդ ներդրումը գիտության կողմից շահավետ է եղել՝ ծախսած գումարը հանգեցնելով նոր ծրագրերի: Ռադիոֆիզիկան ընդամենը ինստիտուտի ուղղություններից մեկն է: Մյուս ուղղությունը կիսահաղորդչային էլեկտրոնիկան է՝ կիսահաղորդչային նյութերի ուսումնասիրումը և դրանց հիման վրա զանազան կիսահաղորդչային սարքերի մշակումը: Այստեղ արդեն անհրաժեշտություն կա բավականին թանկարժեք տեխնոլոգիական սարքավորման: Եթե ռադիոֆիզիկական իմաստով մենք շատ թե քիչ արդիական սարքավորումներ ունենք, ապա կիսահաղորդչային էլեկտրոնիկայի ոլորտում դեռ անելիքներ շատ կան և այդ ոլորտի մեր առաջատար գիտնականների միջոցով փորձում ենք այնպիսի ծրագրերում մասնակցություն ունենալ, որը հնարավորություն կտա նաև որոշակի սարքավորումներ ձեռք բերել:
Խոսենք գիտության մեջ գերխնդիր համարվող երիտասարդ ու միջին տարիքի գիտաշխատողների մասին. թվային ի՞նչ հարաբերակցություն են նրանք կազմում ընդհանուր անձնակազմի հետ համեմատած, ինչպե՞ս է ընթանում սերնդափոխությունը գիտական այս կառույցում: Դուք ինքներդ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում երիտասարդներին գրավելու և պահելու ուղղությամբ:
Սերնդափոխության հարցը, թերևս, ամենակարևոր, թիվ մեկ խնդիրն է: Միջին տարիքը, եթե հաշվենք ըստ լաբորատորիաների, սկսում է մոտավորապես 45-ից և բարձր, իսկ մեզ մոտ միջինը մոտավորապես 55-ից է սկսվում, որն, իհարկե անթույլատրելի է, չնայած՝ կան ինստիտուտներ, որտեղ իրավիճակը շատ ավելի վատ է: Մեր երիտասարդների մուտքային հոսքը հիմնականում ապահովում են ասպիրանտները, տարեկան ունենում ենք միջինում 2 ասպիրանտ, որոնք աշխատում են 3, որոշ դեպքերում նաև 1-2 տարի էլ ավել, որից հետո հեռանում են՝ հասկանալի պատճառներով: Իհարկե, մեր համագործակցությունը ինչ-որ չափով իրենց հետ շարունակվում է, որովհետև շատ հաճախ ենք ունենում մեր աճեցրած կադրերի կարիքը, բայց դա արդեն երկարաժամկետ չէ: Եթե ասպիրանտները գալիս են 23 տարեկանում, մի 3 տարի էլ սովորում են՝ դառնալով 26, ենթադրենք 1-2 տարի էլ աշխատում են՝ հասնելով և հատելով բանակային տարիքը. ստացվում է՝ 23-27 տարեկանից հետո բացատ է, այնուհետև սկսում է 40 և ավելին: Եվ այդ ‹‹հետո››-ն անընդհատ ծերանում է: Այս առումով որոշակի քայլեր ենք ձեռնարկում՝ առաջնահերթ փորձելով անարդյունավետ աշխատողներին ազատելու հաշվին ինչ-որ ձևով երիտասարդներին ներգրավել: Մենք պատրաստ ենք ուսանողներին՝ մագիստրոսներին, ասպիրանտներին ընդունել աշխատանքի, բնական է ցածր աշխատավարձով, որը, թերևս, լավագույն տարբերակը կլինի, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել ինստիտուտի աշխատանքներին: Կարծում եմ, որ եթե տասը հոգուց 1-2-ը մնան՝ խնդիրը ինչ-որ չափով լուծված կլինի:
Պարոն Զաքարյան, որքա՞ն ժամանակ է, ինչ այս ինստիտուտի տնօրենն եք. Ձեր տնօրինության օրոք գլխավորապես ի՞նչ աշխատանքեր են կատարվել ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում:
Հրամանով տնօրեն եմ այս տարվա ապրիլ ամսից, հիմնական փոփոխությունները, որ տեղի են ունեցել՝ շարունակական բնույթի են, որովհետև այսօրվա վիճակը պայմանավորված է նաև նախորդ ընթացքով և տնօրինության փոփոխությունը շատ հարթ է ընթացել, նախորդ տնօրենը՝ ակադեմիայի թղթակից անդամ Արսեն Հախումյանը, շատ մեծ աշխատանք է կատարել իր տնօրինության օրոք և հիմա շարունակում ենք այդ գործը: Ներկա դրությամբ փորձում ենք վերանորոգել գոնե մեկ լաբորատոր շենք, որովհետև մեր շենքային պայմանները շատ անբավարար են, առաջին և վերջին վերանորոգումը եղել է 60-ական թթ.-երին: Ինստիտուտն ունի որոշակի շահույթ և պետք է կարողանանք դրանց հաշվին աշխատանքներ կատարել, կան նաև որոշ ներդումային ծրագրեր, կա վերարտադրվող էներգետիկայի հիմնադրամ, ի վերջո, որն անտոկոս վարկեր է տրամադրում գիտական ինստիտուտներին՝ հենց այդ նպատակով: Մենք ունենք լաբորատոր շատ մեծ տարածք՝ երեք մասնաշենք, որը օպտիմալ չի օգտագործվում. եթե հաջողությամբ ավարտենք վերանորոգման ծրագիրը՝ ջեռուցման խնդիրը կհեշտանա և, ինչու չէ, գիտական աշխատանքները ևս ավելի արդյունավետ կիրականցվեն:
Միջազգային ի՞նչ համագործակցություններ և գրանտային ծրագրեր ունեք՝ գիտության զարգացմանը միտված
Միջազգային համագործակցության մակարդակը միշտ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում եղել է կարևոր ցուցանիշներից մեկը:
ՌՖԷԻ-ն տարբեր տարիներին կատարել է մի շարք աշխատանքներ միջազգային գրանտների ֆինանսավորմամբ. ՄՏԿ-ի նախագիծ՝ ‹‹Բարձրազգայուն ԲՀ ընդունիչ համակարգերի ստեղծումը ռադիոաստղագիտության, օդերևութաբանության և սեյսմոլոգիայի խնդիրների լաուծման համար››, ԻՆՏԱՍ նախագիծ ‹‹Հոսանքի տեղափոխումը և ԲՀ փոխազդեցությունները բարձրջերմաստիճանային գերհաղորդիչ կառուցվածքներում››, ԻՆՏԱՍ նախագիծ՝ ‹‹Տերահերցային սպեկտրասկոպիա››, ՆԱՏՈ-ի նախագիծ ‹‹Գՙերզգայուն բարձրջերմաստիճանային Ջոզեֆսոնյան սարքեր՝ էկոլոգիական և բիոմագնիսական կիրառումների համար››:
Խորհրդային տարիներին ինտեգրված ենք եղել նաև Սովետական միության տարբեր նախագծերին, հիմա իհարկե, միջազգային համագործակցության տեսակարար կշիռը նվազել է և մեր ինստիտուտում այդ նվազման չափը ավելի շոշափելի է, քան այլ ինստիտուտներում: Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ արտաբյուջետային գործունեության շեշտը հիմնականում դրվում է պայմանագրային աշխատանքներին, բայց, ինչպես արդեն նշեցի, այդ շեշտը պետք է ուղղվի նաև միջազգային գրանտային ծրագրերին: Հիմա մեր կիսահաղորդչային լաբորատորիայի աշխատակիցների մի խումբ փորձում է կյանքի կոչել միջազգային կարևոր մի ծրագիր, որը լավագույն գիտնականների հետ համագործակցության հեռանկարներ է տալիս և միաժամանակ բավականին մեծ նյութական հոսքեր կարող է ապահովել: Նշեմ նաև, որ դա սարքավորումներից օգտվելու ամենալավ ուղիներից մեկն է. պարտադիր չէ ձեռք բերել ունիկալ սարքավորում, որը միլիոնավոր դոլարներ արժե, կարելի է այդ գիտական աշխատանքը համագործակցությամբ կատարել այն խմբերի հետ, որոնք արդեն իսկ ունեն այդ սարքավորումը:
Հայտնի է, որ տվյալ երկրի գիտական զարգացվածության աստիճանը որոշվում է համաշխարհային, բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում տպագրված հոդվածների և ցիտումների քանակով: Այս առումով Հայաստանն ի՞նչ դիրքեր է գրավում գիտական զարգացվածության ասպարեզում և Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտն ի՞նչ ներդրում ունի այս գործում:
Մեր գիտական հիմնական արտադրանքը գիտական հրապարակումներն են: Պետք է հպարտությամբ նշեմ, որ Հայաստանում զարգացող ակադեմիական գիտության բոլոր ուղղություններով միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում ունենք գիտական բազմաթիվ հրապարակումներ:
Դիրքեր զբաղեցնելու առումով չեմ ուզում որևէ պատասխանատու որակավորում անել, կարող եմ միայն ասել, որ փորձում ենք հետ չմնալ՝ քաջ գիտակցելով, որ դա զարգացման միակ ձևն է, և որը հնարավոր է անել միայն երիտասարդների օգնությամբ, այլ ճանապարհ չկա, որովհետև գիտությունը հիմա ‹‹կյանքի և մահվան կռիվ է տալիս››՝ գոյատևելու, հարատևելու իմաստով:
Ամփոփելով վերոնշյալը, այսօր գլխավորապես ի՞նչ խնդիրներ ունի գիտությունը և Դուք լուծման ի՞նչ տարբերակներ ունեք:
Եթե համամետենք այլ ինստիտուտների հետ՝ ասեմ, որ մեր ոլորտում, Հայաստանում կան բազմաթիվ խոշոր ընկերություններ, օրինակ՝ Synopsys, National Instruments-ը և այլն, որտեղ երիտասարդ մասնագետները ավարտելուց հետո ձգտում են բարձր աշխատավարձով աշխատել: Այլ ինստիտուտներն այդ խնդրին քիչ են առնչվում, որովհետև այլ ոլորտներում շատ քիչ են նման ձեռնարկությունները, որոնք կարող են առաջարկել ալտերանտիվ, բարձր վարձատրվող աշխատատեղեր: Հիմա մենք փորձում ենք մեր և նրանց միջև գոյացած անդունդը՝ աշխատավարձերի իմաստով, ինչ-որ չափով շտկել՝ երիտասարդներին պայմանագրային աշախատանքներին ներգրավելու միջոցով, որպեսզի նրանք կարողանան լրացուցիչ գումարներ ստանալ: Հիմնական խնդիրն այսօր երիտասարդների աշխատանքի համար պատշաճ պայմաններ ստեղծելն է: Երկրորդն էլ՝ ուզում նորից կրկնել՝ գիտական և կիրառական գործունեության համաչափությունն է, որովհետև մեկն առանց մյուսի տուժում է:
Լուծում տալով այս խնդիրներին՝ մենք զգալիորեն կբարելավենք գիտության ոլորտը Հայաստանում:
Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը