ԱրժեքներԳլխավոր

Լույս է տեսել Վաղարշակ Մադոյանի «Մեր սերնդի ճակատագիրը» ժողովածուն

918views

Յուրաքանչյուր ազգ, հատկապես Հայաստանի նման փոքրիկ երկիրը, որ շրջապատված է թշնամիներով, դարեր շարունակ գոյատևում և իր մասին աշխարհին հիշեցնում է միայն ու միայն պատմության շնորհիվ: Իմանալով սեփական պատմությունը՝ ճանաչում ենք ինքներս մեզ, մեր սխրանքները, ձեռքբերումները, սխալներն ու կորուստները: Հատկապես վերջինների պարագայում անցյալի սխալները չկրկնելու դեպքում միայն կարելի է խուսափել հետագայում ‹պատմությունը կրկնվում է›› հայտնի արտահայտության վատ հետևանքներից: Պատմական փաստերի մասին ընթերցանությունն առավել հաճելի և ուսուցանող է, երբ այն համեմված է լինում գեղարվեստական ժանրերով: Այս ենթատեքստում վերջերս լույս է տեսել Վաղարշակ Մադոյանի «Մեր սերնդի ճակատագիրը» ժողովածուն: Այն ընդգրկում է հեղինակի վեպ-ժամանակագրությունը, որը պատկերում է 1988թ.-ի Հայաստանի սերնդի ճակատագիրը:

‹‹Ծարավ աղբյուր›› վիպակում արտացոլվում է նույն գաղափարը՝ հայրենիքը փրկելու աննկուն կամքի և թալանով հարստացած մի փոքր ենթախավի ամենաթողության հակադրությունը: Պատմվածքներում նկարագրվում են Հայոց աշխարհի, հայ մարդու անցյալի, ներկայի և ապագայի շուրջ խոհերը, ինչպես նաև՝ առօրյա հոգսերի բեռը անկախ Հայաստանի իրականության թոհուբոհում: Մինչ բուն թեմային անդրադառնալը, նախ մի փոքր տեղեկատվական ակնարկ կատարենք հեղինակի բավականին հարուստ կենսագրությանը. Վաղարշակ Մադոյանը ծնվել է 1954 թվականին Ջավախքում` Բոգդանովկա ավանում: 1971 թ. գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 1976-ին` Մ.Վ.Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը. եղել է անվանական թոշակառու:

Նույն թվականին վերադարձել է Երևան ու աշխատանքի անցել բարձրագույն դպրոցում: Երեք տարի անց Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ դրանից տասը տարի անց` դոկտորական ատենախոսություն` Բելոռուսի պետական համալսարանում: 1991 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում:

Հետագայում հեռակա կարգով ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագիտության դոցենտ է:

Դասավանդել է տարբեր բուհերում, 1990թ.-ից Ան. Շիրակացու անվ. միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտորն է, 1992 թվականից առ այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի լեզուների ամբիոնի վարիչն է:

Շուրջ 170 գիտական աշխատությունների հեղինակ է: Վ.Մադոյանը մեծ աշխատանք է կատարում նաև՝ հայ գիտությունն արտասահմանում պրոպագանդելու ուղղությամբ:

«Գարուն», «Գրական թերթ», “Литературная Армения” պարբերականներում հանդես է գալիս որպես արձակագիր և բանաստեղծ: Գրում է երկու լեզվով` հայերեն և ռուսերեն: 2009 թվականի` ՀՀ Գրողների միության Մ.Սարգսյանի անվան մրցանակի դափնեկիր է: Թարգմանել է հայերեն Ա.Բլոկ, Բ.Պաստեռնակ, Մ.Ցվետաևա և այլն: Ռուսերեն է թարգմանել Ն.Քուչակի, Վ.Տերյանի, Ա.Իսահակյանի, Ե. Չարենցի և այլ հեղինակների գործեր:

На данном изображении может находиться: 2 человека, люди стоят
2015 թվականի նոյեմբերի 4-ին անձամբ ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինի կողմից պարգևատրվել է «Պուշկինի մեդալ» կառավարական պարգևով:

gmpress.am-ը զրուցել է հեղինակի հետ՝ ընթերցողին առավել ընդգրկուն տեղեկատվություն տալու գրքի մասին և մեր այն հարցին, թե որն է ժողովածուի ասելիքը, պարոն Մադոյանը բավականին հետաքրքիր և ժողովրդավարական պատասխան տվեց, որ սովորաբար երկրի տվյալ ժամանակահատվածի իրավիճակի գնահատականը տալիս են պետական մարմինները, լրատվամիջոցները, իսկ ժողովրդի կարծիքը մնում է, այսպես ասած, չգրանցված և որն էլ հաշվի առնելով փորձել է ներկայացնել ընթերցողին, թե ինչ կարծիք ուներ ժողովուրդը 90-ականներին. ‹‹Գրոտեսկային տեսքով ներկայացրել եմ հասարակության, այդ թվում նաև՝ հոգեբուժարանի հիվանդների, գժերի կարծիքը՝ ցույց տալով, որ գժերն ավելի սառն ու խելացի են դատում, քան մեր այն ժամանակվա ղեկավարների վարած քաղաքականությունն էր և, թե ինչպես էր ժողովուրդը ձգտում հաղթանակի՝ չափսոսալով ոչինչ դրա համար ու այդ քողի տակ ինչպես էր քայքայվում 70 տարվա ընթացքում հսկայական քայլերով աճած, զարգացրած տնտեսությունը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչով է գիրքը արդիական, որն է պատգամն ընթերցողին և համեմատության ինչ եզրեր կան (և կան արդյոք) այսօրվա քաղաքական իրավիճակի հետ, հեղինակն ասաց, որ գրքի ասելիքն արդիական է ու կլինի միշտ, որովհետև այն ժամանակվա ստեղծված իրավիճակը կարող է կրկնվել ցանկացած պահի. ‹‹Մենք ապրել ենք սոցիալիստական կարգերի ժամանակ…. Մարդը համարվում է մարդ, եթե նա կարդացած է, լեզուներ գիտի, ասենք ինչ-որ մի գիտությամբ է զբաղվում, բայց այդ չափանիշները փոխվում են և գրքում հենց ասվում, որ գլխավոր չափանիշը մարդն է, ոչ թե հարստությունը, փողը, ծանոթությունը: Իմ հերոսը չուներ ոչ մի պաշտոն, բայց նա մեր ժողովրդի կերպարն է, եթե այդպիսի մարդիկ չլինեն, Հայաստանը չի լինի, հենց նրա նմանների շնորհիվ ենք պահում երկիրը: Իհարկե, համեմատել մեր այսօրվա քաղաքական իրավիճակի հետ այն ժամանակվանը՝ պարզապես անհնար է. ժողովուրդը հավատաց իր ուժերին, հաղթեց և հիմա չի վախենում, որ ինչ-որ մեկի երեխան կամ, ասենք, եղբայրը կարող է գալ ու անել այն, ինչ ուզում է , այսինքն՝ օրենքը գործեց և քանի որ մենք հավատացինք դրան, ուրեմն այսօրվա և երեկվա իրավիճակները համեմատել չի կարելի, բայց, այնուամենայնիվ, առանձնապես դեռ տնտեսության մեջ մենք փոփոխությունները չենք տեսնում, ժողովրդին պետք է թույլ տալ աշխատել և դա է հենց գրքի պատգամը: Ես, իմ ընկերների հետ միասին (մոտ 25 հոգի, դոկտոր–պրոֆեսորներ), նամակ ենք գրել վարչապետին՝ փորձելով մեր օգնությունն առաջարկել՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար և դրան ուղղված տարբերակներից մեկն էլ այն է, որ փակելու փոխարեն բացել է պետք, ոչ թե պետք է կրճատել աշխատատեղերը՝ մեկին բարձր աշխատավարձ տալով, մյուսին՝ ոչինչ, այլ հակառակը: Մեր գերխնդիրն այսօր աշխատանքն է, գուցե պետք է կիսենք այդ հաստիքները և տանք երկու մարդու, որպեսզի հա′մ արդյունավետ լինի աշխատանքը, հա′մ էլ աշխատատեղ ապահովի, բացի այդ՝ գումարը պետք է նպատակային օգտագործել. ‹‹Ճապոնիայի հրաշքը›› սկսվել է նոր տեխնոլոգիաներից, ոչ թե հաստիքների միացումից, սկսվել է ուսուցիչներին, դասախոսներին բարձր աշխատավարձ տալով, այսինքն՝ նրանք հասկացել են, որ հասարակության ողնաշարը ուսուցիչն է, նա դաստիարակեց՝ մարդը մարդ կդառնա, չդաստաիարկեց՝ կդառանա այն, ինչ հիմնականում ունենք այժմ, իհարկե, մեր ժողովրդի մեջ միշտ էլ եղել են կան ու կլինեն ազնիվ մարդիկ, որոնց վրա էլ հենց հիմնված է հասարակությունը: Եթե նրանք չլինեն, կարելի է ասելՙ Հայաստանը չի լինի: «Մեր սերնդի ճակատագիրը» գիրքը, որը ժամանակագարություն է գեղարվեստական ոճով, արտացոլում է ժամանակը՝ ցույց տալով, թե ինչպես են կոնկրետ մարդիկ իրենց զգում այդ հասարակության մեջ, այդ իրավիճակում և, փաստորեն, իմ հերոսը՝ Կայծակ Հովհաննիսյանն իրեն մարդ չի զգում, որովհետև բոլոր օրենքներից դուրս է այն, թե ինչպես կարելի է մարդուն գիշերով կանգնեցնել, նամանավանդ, երբ նա հիվանդանոցից է դուրս գալիս և ատրճանակ պահել վրան. այդ ատրճանակը պահել են ինձ վրա, եթե ինչ որ մեկը կգա կասի, որ նման բան չի եղել, ես կապացուցեմ, որ այդպիսին է եղել հասարակությունը››,- եզրափակեց հեղինակը:

Ի դեպ, «Մեր սերնդի ճակատագիրը» պատմվածքների ժողովածուն կարելի է ձեռք բերել ‹‹Բուկինիստ›› և ‹‹Նոյյան տապան›› գրախանութների ցանցից:

Վերջում հավելենք, որ հեղինակը գրում է վեպի շարունակությունը, որն ընդգրկելու է 1988թ-ից մինչև մեր օրերը: Այս մասին կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response