ԱրժեքներԳլխավոր

Մի բուռ հողում մեծ տիեզերք. Թատրոնային Երևանը

5.4kviews

Հայկական մշակութային արմատներն իր բոլոր ճյուղավորումներով խորն է, անգերազանցելի և անկրկնելի: Աշխարհում չկա մի այնպիսի երկիր, ազգ, անհատ, որ չիմանա ստեղծագործ հայի փայլուն մտքի արգասիքները, հանճարեղությունն ու զորությունը, մարդկային աննկարագրելի տաղանդավորությունը, որը շատերի կարծիքով այս Սուրբ հող ու ջրից է, իզուր չէ, որ Նոյի տապանը Արարատի գագաթին մնալով է փրկվել ջրհեղեղից: Թող սա անհամեստություն և անհարկի գովեստ չթվա, բայց Հայաստանը Աստծո կողմից ընտրյալ երկիր է: Հայկական մշակութային արժեքներից այսօր խոսելու ենք թատրոնների մասին, քանի որ սա արվեստի այն յուրօրինակ ճյուղն է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով գործողությունների միջոցով ներկայացնելով դերասանական հնարքները՝ հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Հարկ է նշել նաև, որ որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա: Իսկ եթե, ի վերջո, կարողանում են հուզել հանդիսատեսին, ներթափանցելով հոգու խորքերը՝ տեղ հասցնել ասելիքը, ապա դա կարող է բերել կատարսիսի՝ ինքնամաքրման, որը արդյունք է մարդու՝ այս կամ այն կերպարի հետ նույնացման : Իր ժանրում թատրոնը յուրահատուկ է, քանզի այն, ամենաանկեղծ երկխոսությունն է հանդիսատեսի հետ, և այդ իսկ պարզ պատճառով էլ այն երբեք չի կորցնի իր արդիականությունն ու հմայքը: Ի դեպ, հայկական թատրոնն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Այսօր էլ բավականին մեծ եռանդով ու պատասխանատվությամբ շարունակվում են պահպանվել թատրոնային ավանդույթները: Թերևս աշխարհում չկա այնպիսի մարդ, որ չճանաչի մեծ երախտավոր, նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու, տխուր աչքերով տաղանդավոր հային՝ Մհեր Մկրտչյանին, ով շատերին է ժպիտով փորձել լուրջ բաներ ասել, ում արտասանած ամեն մի բառը խորիմաստ փիլիսոփայություն է, ում ապրած կյանքն անմահ է: Իր մարմանավորած կերպարներին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունն ու հանդիսատեսին հուզելու, գրավելու յուրօրինակ շնորհը, ճշմարիտ զգացողությունը Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու մշակութային արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Խորեն Աբրահամյան, Ազատ Գասպարյան, Գուժ Մանուկյան, Ռաֆայել Քոթանջյան, Մետաքսյա Սիմոնյան, Գալյա Նովենց, Կարեն Ջանիբեկյան, Կարպ Խաչվանքյան, Ազատ Շերենց, Սոս Սարգսյան, Երվանդ Մանարյան, Արմեն Ջիգարխանյան, Ալլա Թումանյան, Արմեն Խոստիկյան… և այլոք, անուններ, որոնք կարելի է անվերջ թվել: Նրանցից շատերն այսօր չկան, բայց սրբորեն անմահ է այն ուղին, որ անցել են, այն փառքն ու համբավը, որ իրենք ունեն՝ այսօր մերն է, մեր հպարտությունն ու պարծանքը: Նրանցից շատերն իրենց հետևից անկրկնելի մշակութային ժառանգությունից բացի՝ մեր հայ ազգին ժառանգներ են պարգևել, որոնք ևս իրենց յուրօրինակ տաղանդով, մարդկային ու արվեստի բարձր արժեքներով շարունակում են արժեստեղծման ու պահպանման՝ իրենց հայրերի և պապերի առաքելությունը (այս թեմային դեռ կանդրադառնանք հարգելի ընթերցողներ): Հայասատանի սիրտը հանդիսացող քաղաքամայր Երևանում են այսօր հիմնականում կենտրոնացած մշակութային այդ հնագույն կոթողները: Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Հ. Մալյանի անվան կինոդերասանների թատրոն-ստուդիան, Համազգային, Խամաճիկների , Կամերային , Երիտասարդական փորձարարական, Փոքր, Մետրո թատրոնները, Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը, «Էդգար Էլբակյան» թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան իրենց հյուրընկալ դռներն են բացում արվեստասեր, մշակութային արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուր անհատի առջև՝ յուրօրինակ կամուրջ հանդիսանալով՝ մարդ-բեմ, բեմ-կյանք անքակտելի փոխհարաբերությունների: Բացի գեղագիտական գործառույթ կատարելուց, թատրոնն իր էությամբ կոչված է նաև քաղաքացիական լուրջ հարցեր բարձրացնելու, ժամանակի ցավոտ թեմաներ արծարծելու: Եվ սա շատ կարևոր հանգամանք է մերօրյա բարդացող սոցիալ-տնտեսական պայմաններում, այսինքն՝ ժամանցից բացի այն նաև արվեստորեն զուգակցված լուծման յուրօրինակ տարբերակներ կարող է տալ: Երևանյան թատրոններում այսօր մեծ սերնդին փոխարինելու են եկել երիտասարդ դերասաններն ու արվեստագետները, որոնք իրենց յուրօրինակ ասելիքն ունեն մեզ և աշխարհին: Երիտասարդ բեմադրողների արդիական թեմաներն այսօր շատերին են ‹‹դարի հիվանդություն›› կոչվող համացանցից կտրելով բերում թատրոններ՝ երբեք ու երբեք մոռացության չտալով կարևորագույն արժեհամակարգերի մասին: Երեկոյան Երևանի անբաժանելի ուղեկիցներն են իրենց ազատ ժամանակը արվեստով լցնելու մեծ ցանկությամբ օժտված երիտասարդները: Սա, պետք է խոստովանեմ, որ այսօրվա սոցիալ-տնտեսկան բարդ պայմաններում բավականին գովելի և ինչ որ տեղ նաև զարմանալի փաստ է: Բայց դրան զուգահեռ նաև, ինչ խոսք, թատրոնների դահլիճներում այսօր, այո, թափուր տեղեր շատ կան, սակայն այդ ամենի հետ մեկտեղ երբեք ու երբեք չի դադարում երիտասարդների հոսքը, այսինքն՝ արժեքներ կան, որոնք միշտ իրենց երկրպագուներն ունեն և ունենալու են, քանի դեռ այդ նույն արժեքներն ու դրանք հանրությանը փոխանցողները չեն կորցրել իրնց հմայքն ու առաքելության ուժը: Իսկ այդ նույն առաքելության ճյուղերից է նաև այսպես ասած, ոչ միայն արվեստասեր հասարակությանը մատուցելով բարձր մշակույթ՝ կրթել նոր սերունդ, այլ նաև ժամանակ առ ժամանակ նոր ներկայացումների և արդիական թեմաների հետ զուգընթաց հիշել մեր մեծերին՝ մատաղ սերնդի ինքնագիտակցության մեջ մշտապես արժեքներն ու դրանց կրողների հիշատակը, մեծության գիտակցումը բարձր պահելու համար: Բավական է նշել թերևս այն, որ դեկտեմբերի 14-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվեց մեծանուն օպերայի երգչուհի, ԽՍՀՄ Ժողորվրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի 90-ամյակը: Չի կարելի չնշել նաև այն մեծ ազդեցությունը, որ Տիկնիկային թատրոնում հեքիաթի և կերպարների միջոցով ունենում են աճող սերնդի, մեր ապագայի՝ երեխաների գիտակցության վրա: Բազմաթիվ օրինակներից, թերևս, նշեմ այն, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրած ներկայացումները դաստիարակչական մեծ ուժ ունեն, նաև հզորագույն հայկական կոլորիտ: Կամ հենց նույն «Փոքրիկ Իշխանը», որը կյանքի յուրօրինակ արտահայտություն է, դաստիարակման ուրույն, ճշմարիտ տարբերակ: Մեծերի համար ևս դաստիարակաչական, ուղղություն ցույց տրվող ներկայացումներ կան, որոնք հիմնականում կատակերգություններ են՝ սոցիալական բնույթի՝ գերազանցապես կին-տղամարդ հարաբերությունների մասին: Բավական է նշել Համազգային թատրոնում բեմադրվող «Ախ, կանայք, կանայք…» ներկայացումը: Կարծում եմ վերնագիրն արդեն ամեն ինչ պատմեց բովանդակության մասին: Վերջերս Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ուենցավ «Դեպք Մետրոյում» ներկայացման պրեմիերան՝ ըստ Նիկոլաս Բաեռի համանուն կինոսցենարի: Ներկայացումը հանդիսականների կողմից բավականին ոգևորությամբ ընդունվեց, քանզի այն գլխավոր իմաստը, որ իր մեջ պարունակում էր բեմադրությունը՝ որն է՝ հարգանքը և առավելապես երիտասարդների հարգանքը դիմացինի նկատմամբ, ինչպես նաև մարդ մնալու կարևորագույն առավելությունը՝ բավականին արդիական է այսօր և դասվում է հրատապ լուծում պահանջող հարցերի շարքում: Մի խոսքով, հետաքրքիր, ուրիշ աշխարհ է թատրոնային կյանքը, առավել ևս մշակութային մայրաքաղաքինը՝ երևանյանը, կարելի է ասել՝ մի բուռ հողում մեծ տիեզերք: Եվ այս մեծ տիեզերքում որքա՜ն շատ ասելիք կա հարգելի ընթերցողներ: Այդ իսկ պարզ պատճառով, հաջորդ հրապարակումների ժամանակ պարբերաբար կանդրադառնանաք այսօրվա թատրոնի երախտավորներին, երիտասարդ դերասաններին, բեմադրիչներին, գեղարվեստական ղեկավարներին, կզրուցենք նրանց հետ, կներկայացնենք նոր ծրագրերի, ասելիքների, կատարված աշխատանքների մասին հագեցված և շատ հետաքրքիր տեղեկատվություն:
Մերի Եղիազարյան

Leave a Response