ԱռողջապահությունԳլխավոր

«Ներքին Հիվանդությունների Բժշկության զարգացումը, որպես ինտերնոլոգիա,համապատասխանում է արդի բժշկության պահանջներին». Լամարա Մանուկյան

1.9kviews

Թերապևտները (Հուն.-Ներքին հիվանդությունների բժիշկ, բուժագետ, հիվանդների մասին հոգ տանող) առողջության պահպապանման առաջնային օղակի կարևորագույն մասնագետներն են, որոնք առաջինն են հանդիպում հիվանդի հետ, լսում նրա գանգատները, նշանակումներ կատարում՝ հոգ տանելով նրա առողջության մասին իր ողջ  կյանքի ընթացքում: Այսօր, ցավոք սրտի, մեզանում ավելացել է անվստահությունը թերապևտի հանդեպ, հատկապես տեղամասային, քանզի մարդիկ համարում են, որ վերջինիս գիտելիքները թերի են,և այդ իսկ պատճառով նա ուղղորդում է բուժառուին նեղ մասնագետի մոտ, և իրենք համապատասխան բուժում չեն ստանում պոլիկլինիկական ծառայությունում, որի համար էլ ստիպված դիմում են ստացիոնար բուժման, երբ շատ դեպքերում դրա անհրաժեշտությունը, նույնիսկ, չկա էլ:

Այս և ոլորտին վերաբերվող այլ հարցերի շուրջ զրուցում ենք  ‹‹Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի›› նախագահ,  Թիվ 2 Բուժ/Միավորման Թերապիայի Ծառայության Ղեկավար, «Թերապևտների Եվրասիական Ասոցիացիայի», «Տարեցների Առողջության Պահպանման և Խնամքի Ապահովման Ասոցիացիայի» և «Գերիատրիայի և Գերոնտոլոգիայի Հայկական Ասոցիացիայի»  պատվավոր անդամ, թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյանի հետ:

Թերապևտ, սրտաբան Լամարա Մանուկյան, Ձեր կաբինետի մոտ մշտապես բազմաթիվ մարդիկ են սպասում՝ տարբեր տարիքային խմբերի և ամենատարբեր գանգատներով։ Ի վերջո, ո՞րն է Ձեր մասնագիտացումը:

Ես մասնագիտությամբ թերապևտ եմ, այսինքն՝ ներքին հիվանդություների բժիշկ (ինտերնիստ), որը գործ ունի ներքին օրգանների տարբեր հիվանդությունների, ինչպես նաև՝ համակցված ախտաբանական վիճակների, նրանց փոխկապակցված արտահայտումների և բարդությունների հետ։ Օրինակ, եթե հիվանդն ունի շաքարային դիաբետ, ապա տարիների ընդացքում կարող են ի հայտ գալ մի շարք ախտահարումներ՝  սիրտ -անոթային պատահարներ, դիաբետիկ նեյրո- և նևրոպաթիաներ, դիաբետիկ ոտնաթաթ և այլն, և այս  փոխկապակցված ախտահարումների  բժշկությամբ զբաղվում է ինտերնիստը:  Այսինքն՝ սա ինտերնիստի (ներքին հիվանդությունների բժիշկի) գործառույթն է՝ մարդու օրգանիզմը դիտարկել որպես ամբողջական և ներդաշնակ համակարգ իր կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկություններով։ Այդ իսկ պատճառով թերապիան, որպես գիտություն, իր տեղը զիջեց ինտերնոլոգիային, որը ենթադրում է հիվանդությունների վաղ ախտորոշումը և կանխարգելումը, համակցված հիվանդությունների բուժումը և վարումը նվազեցնելով ռիսկի գործոնները և մահացություն, ապահովել բարձր կյանքի որակ և երկարակեցություն։

Այս ամենը նկատի ունենալով, ի կատար ածվեց իմ 25 տարվա երազանքը, վերջապես,  և 2019 թ. մարտի 5-ին ստեղծվեց  «Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիա» ՀԿ՝ Հայաստանում թերապևտի դերը, մասնագիտական որակավորումը, հարգանքն ու վստահությունը բարձրացնելու նպատակով ։

Հարգելի բժշկուհի Մանուկյան, խնդրում եմ խոսենք  ինտերնոլոգիայի զարգացման և «ՆՀԲՀԱ» ՀԿ ստեղծման կարևորության մասին:

Нет описания фото.

Ասեմ, որ ասոցիացիան արդեն իսկ մեծ արձագանք է ստացել ներքին հիվանդությունների և հատկապես առողջության առաջնային օղակի պահպանման բժիշկների՝ տեղամասային թերապևտների շրջանակներում, ովքեր, ինչպես գիտենք, ամենախոցելի խումբն են, որովհետև հիվանդի հետ հանդիպող առաջին օղակն են և բազմաթիվ խնդիրների հետ են առնչվում: Մինչ այսօր տեղամասային թերապևտի գործառույթը եղել է հիվանդի գանգատները լսելն ու համապատասխան նեղ մասնագետի մոտ ուղարկելը, բայց համայն աշխարհում դեռևս շատ վաղուց այդպես չի: Միջազգային բժշկությունը եկել է այն կարգավիճակի, որ ինտերնիստը պետք է կարողանա բուժել և վարել համակցված հիվանդությունները, հատկապես տարեց մարդկանց մոտ, որոնք ունեն 5 և ավելի հիվանդություններ։  Իսկ մեզանում, նա  ուղարկում է տարբեր նեղ մասնագետների մոտ խորհրդատվության, հետո կամ հիվանդը  երրորդ այցից հետո այլևս ոչ մի տեղ չի գնում, որովհետև իր առողջական խնդիրը, կարծես, դեռ լուծված չէ և իրեն թվում է, որ մի բժշկից մյուսի մոտ գնալով իր հիվանդությունն այդպես էլ չպարազաբանվեց ու ստիպված դիմում է ստացիոնարի բժշկի։  Կամ էլ թերապևտը հավաքում է այդ բոլոր եզրակացություններն ու մոլորվում, որովհետև չգիտի, թե որը այդ պահին նշանակի, որը ոչ` չհակասելով մեկը մյուսին։  Ի վերջո, թերապևտը գիտի, որ մեծ քանակով միաժամանակ նշանակվող դեղորայքը (5-ից ավելին ) վնասում է, հատկապես տարեցների առողջությանը: Ամբողջ խնդիրը նրանումն է, որ ստեղծվի ինտերնիստի ինստիտուտ, որպիսզի տեղամասային թերապևտը կարողանա ինքնուրույն բուժել և  վարել համակցված հիվանդություններով հիվանդին, և միայն խիստ անհրաժեշտության դեպքում կատարել համատեղ խորհրդատվություն նեղ մասնագետի հետ։ Ես միշտ կրկնում եմ, որ 21-րդ դարում բուժել տերմինը կարծես թե դուրս է եկել, մենք հիմա վարում ենք հիվանդին, այսինքն՝ հիվանդ-բժիշկ կապը շարունակական պետք է լինի, հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ։ Չկա զարկերակային գերճնշում կամ շաքարային դիաբետ, որը 10 օրում կբուժվի, դրանք ապրելակերպ են, և հիվանդը պետք է ամբողջ կյանքում կոնտակտի մեջ լինի իր բժշկի հետ, հսկվի  նրա կողմից, ով պետք է պարբերաբար նշանակումներ անի, կորեկցիայի ենթարկի դեղաչափերը, դեղորայքը՝ հաշվի առնելով սեզոնային սրացումները և այլն:

Այս նկատառումներով ՌԴ-ում 2 տարի առաջ փորձնական պրոյեկտ  իրականացվեց, ստեղծվեց  «Քրոնիկ հիվանդությունների բժիշկ» մասնագիտությունը և փորձ կատարվեց վերապատրաստելու 400 բժշկի: Պետք է ասեմ, որ գերազանց արդյունքներ գրանցվեցին՝ կանխարագելիչ աշխատանքներ կատարվեցին քրոնիկ հիվանդություններով հիվանդների սրացումների և բարդությունների նվազեցման նպատակով, ինչպես նաև՝ բուժող բժշկի հետ կապի դուրս գալը հեշտացավ: Խրոնիկ հիվանդությունների բժշկին բացատրեցին, որ նա պետք է  հոգեբանական կապ ստեղծի հիվանդների հետ, լինի միշտ հասանելի, ամեն անգամ երկար խոսի նրանց հետ, պատմի  դեղերի կարևոր բուժական և հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին։ ԵՎ կարճ ժամանակ անց պացիենտի ընկալման ոճը փոխվեց, լավանալու նոր հույսերով լցվեց՝ հասկանալով, որ ինքն ունի խրոնիկ հիվանդություն, բայց նաև  առողջ ապրելակերպ է վարում, այսինքն՝ ունի կյանքի որակ և հիվանդությունն իրեն չի խանգարում աշխատելու, արարելու, ընտանիք պահելու, ընկերություն անելու, ուրախանալու և վայելելու կյանքը:  Վարելը հենց սա է, երբ մենք չենք կարող խրոնիկ հիվանդությունը վերջնական բուժել, կանխելով կամ բուժելով միայն սրացումները, բայց կարող ենք կյանքի որակ ապահովել հիվանդին, երկարացնելով հիվանդության «լուսավոր» շրջանները, որ ապրի ավելի որակյալ կյանքով, առանց խիստ  սահմանափակումների և զրկանքների:

Բժշկուհի Մանուկյան, խնդրում եմ պատմեք «Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի» նպատակների, հիմնախնդիրների և անելիքների , ինչպես նաև՝ ապրիլի 25-ին կայանալիք առաջին ժողովի օրակարգի մասին:

Պետք է նշեմ, որ այսօր Հայաստանում ներքին հիվանդությունների բժիշկը ամենաանտեսված օղակ  է, որովհետև նեղ մասնագետները ավելացան և դուրս մղվեց ընդհանուր բժշկի կարևորությունը։ Հիմա ամբողջ աշխարհում ընդունված է հակառակը՝ իր ուրույն տեղն ունի արժանի հարգանքի  ինտերնիստը։

Վերադառնալով մեր ասոցիացիային ասեմ, որ առաջնահերթ պետք է մեծ թվով բժիշկների անդամագրենք, այնուհետև  նպատակ ունենք կազմակերպել բազմաթիվ գիտաժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ ՝ նաև դրսից մասնագետներ հրավիրելով: Ես ‹‹Թերապևտների Եվրասիական ասոցիացիայի›› պատվավոր անդամ եմ և Հայաստանի տարածքային մասնաճյուղի  նախագահը, նաև՝ ‹‹ՌԴ-ի թերապևտների ասոցիացիայի››, ‹‹Եվրոպական թերապևտների›› պատվավոր անդամն եմ, և այդ բոլոր միջազգային կառույցների հետ պատրաստվում ենք համագործակցել ու նրանց աշխատանքի ոճը, կրթության, ուսուցանելու, բուժելու, վարելու հմտությունները անպայման կներդնենք Հայաստանում, և ես հուսով եմ, որ կբարձրանա թերապևտի հանդեպ վստահությունն ու հարգանքը: Եթե պոլիկլինիկան այդ կերպ աշխատի՝ ստացիոնարը կբեռնաթափվի: Ինձ մոտ եկող հիվանդների 90%-ը կարիք չունեն ստացիոնար բուժման, բայց, քանի որ, թերահավատորեն են վերաբերվում պոլիկլինկիային՝ հիվանդանոց են գալիս բուժվելու։ Թերապևտներն էլ, իրենց հերթին, չտիրապետելով համակցված հիվանդությունների վարման հմտություններին՝ ուղեգրում են հիվանդանոց՝ առանց անհրաժեշտ ցուցումի:

Ինչպես արդեն նշեցիք, ‹‹Ներքին հիվանդությունների բժշկական ասոցիացիան›› իր առաջին ժողովը կկայանա սույն թվականի  ապրիլի 25-ին՝  Թիվ 2 բուժմիավորման մեծ լսարանում: Այն իր ֆորմատով գիտական չէ, հանդիպում է իմ շատ հարգելի և սիրելի թերապևտների հետ՝ ներկայացնելու ասոցիացիայի բացվելու կարևորությունը, նպատակները, հիմնախնդիրները,  կանոնադրությունը և ապագա անելիքները, լսելով նաև իրենց կողմից հնչեցված առաջարկները։ Որպիսզի հակիրճ լինեմ, ներկայացնեմ օրակարգը և սիրով հրավիրեմ իմ կոլեգաններին մասնակցելու ժողովին՝

«ՆՀԲՀԱ»ՀԿ ստեղծման նպատակը և կարևորությունը,

«ՆՀԲՀԿ»ՀԿ կանոնադրությունը և հիմնախնդիրները,

«ՆՀԲՀԱ»ՀԿ ակտիվ անդամագրությունը,

«ՆՀՎՀԱ»ՀԿ գործադիր խորհրդի և այլ պաշտոնների ընտրությունը,

«ՆՀԲՀԱ»ՀԿ առաջին վեհաժողովի կազմակերպումը,

«ՆՀԲՀԱ»ՀԿ և այլ բժշկական ՀԿ միջև համագործակցության պայմանագրերի կնքումը,

«ՆՀԲՀԱ»ՀԿ ծննդյան արարողություն և հյուրասիրություն։

Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը ժողովին և աջակցությունը Ներքին Հիվանդությունների Բժշկության զարգացմանը, որպես ինտերնոլոգիա, համապատասխան արդի բժշկության պահանջներին։ Շնորհակալություն։

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response