ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.տ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ զրուցում ենք ինստիտուտի գործունեության, միջազգային համագործակցությունների, կատարված ու կատարվելիք աշխատանքների, ծրագրերի, խնդիրների և ոլորտին վերաբերվող այլ թեմաների շուրջ:
Պարոն Մելքոնյան, պատմեք մի փոքր Պատմության ինստիտուտի գործունեության մասին՝ սկզբնավորման օրվանից առ այսօր:
ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտը ստեղծվել է Գիտությունների Ակադեմիայի հետ մեկտեղ 1943թ.-ին և հպարտությամբ պետք է նշեմ, որ ԳԱԱ—ի առաջին նախագահը, աշխարհահռչակ գիտնական Հովսեփ Օրբելին 1943 թ. միաժամանակ նաև եղել է մեր ինստիտուտի տնօրենը: Օրբելուց հետո այս հաստատությունը ղեկավարել են այնպիսի հռչակավոր գիտնականներ, ինչպիսիք են՝ Աբգար Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը, Գալուստ Գալոյանը, Հրանտ Ավետիսյանը և այլոք: Ես այս ինստիտուտի տնօրենն եմ 2003 թ.-ից սկսած՝ թվով յոթերորդը:
Պատմության ինստիտուտը հանդիսացել է հայագիտական մայր ինստիտուտներից մեկը և պատահական չէ, որ հետագայում մեզնից են անջատվել Փիլիսոփայության, Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի և մյուս ինստիտուտները: Ինստիտուտի հիմնական մասնագիտական ուղղվածությունը հայոց պատմության ուսումնասիրությունն է՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ինստիտուտն ունի 7 բաժին, դրանցից չորսը՝ Հին, Միջին, Նոր և Նորագույն պատմության բաժիններն ուսումնասիրում են համապատասխան ժամանակաշրջանի պատմությունները: Հաշվի առնելով, որ հայ մամուլը և հասարակական միտքը մեզանում շատ կարևոր դեր են ունեցել՝ ունենք առանձին Հայ մամուլի և հասարակական մտքի պատմության, ինչպես նաև Հայկական հարցի և հայոց ցեղասպանության, Հայ գաղթավայրերի և սփյուռքի պատմության բաժինները: Պատմության ինստիտուտն աչքի է ընկնում բավականին հարուստ գրադարանով, որի մի մասն է կազմում նաև Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի նվիրած գրականությունը: Մենք ակադեմիական շուրջ 40 ինստիտուտներից թերևս միակն ենք, որ ունենք սեփական տպարան և 2005 թվականից մինչև հիմա բարեգործական սկզբունքներով տպագրում ենք ինստիտուտի, ինչպես նաև հայագիտական, մասնավորապես՝ պատմագիտական բնույթի այլ հաստատությունների աշխատակիցնեերի աշխատություններ: Տպագրության քանակներն այնքան էլ շատ չեն, բայց գիտական աշխատությունների համար 250-500, առավելագույնը՝ մինչև 1000 տպաքանակով մասնագիտական գրականություն ենք տպագրում՝ տարեկան մինչև 30 աշխատություն:
Իմ տնօրեն դառնալուց առաջ մեր ինստիտուտի առջև ծառացած դժվարագույն խնդիրներից մեկը հենց այդ տպարանի հարցն էր, որովհետև տարիներ շարունակ գիտահետազոտական ծրագրերը կատարելուց հետո մարդ չէր տեսնում իր աշխատանքի արդյունքը՝ տպագրված տարբերակով: Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի մահվանից հետո ԱՄՆ-ի Համազգային հայ կրթական և մշակութային միությունը դրամահավաք կազմակերպեց՝ շուրջ 20000 ԱՄՆ դոլլարի չափով, այնուհետև ավելացվեց ևս 10000-ը և, փառք Աստծո, կարողացանք ստեղծել այս փոքրիկ տպարանը, ապա այն հարստացնել արդեն իսկ մեր հնարավորություններով՝ զանազան նվիրատվությունների, ԵՊՀ-ի և «Զանգակ» հրատարակչության միջոցներով: Այսօր կարող եմ վստահաբար ասել, որ ոչ միայն մեր, այլ նաև այլ հասատատությունների աշխատակիցների հայագիտական բնույթի աշխատությունները հրատարակելու բոլոր հնարավորություններն ունենք:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ԱՊՀ պատմության ինստիտուտների միջազգային ընկերակցության անդամ է, որը հիմնադրվել է ԱՊՀ ակադեմիական պատմության ինստիտուտների կողմից ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ 2005թ. դեկտեմբերին: Նախագահը ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանն է: Այս տարվանից անդամակցելու ենք նաև համաշխարհային մի կարևոր պատմագիտական կառույցի, որպիսին Պատմական գիտությունների միջազգային կոմիտեն է, որը ստեղծվել է 1900 թ. և նրա հերթական նիստը, որ հինգ տարին մեկ է տեղի ունենում, լինելու է Չինաստանում՝ օգոստոսի 22-30-ը, և առաջին անգամ մեր ինստիտուտը ևս այնտեղ ներկայացվելու է:
Ձեր խոսքում նշեցիք Պատմության ինստիտուտի նախկին տնօրեններին՝ արդեն իսկ հասկանալի կերպով ընգծելով նրանց դերակատարությունը, եթե կարելի է, մի փոքր մանարամասնենք, կոնկրետ Ձեր տնօրինության օրոք ի՞նչ աշխատանքներ են կատարվել այստեղ:
Խորհրդային շրջանում մեր ինստիտուտի կատարած կարևորագույն աշխատանքներից մեկն, անկասկած, «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյակի հրատարակությունն է 1967-1981 թթ. ընթացքում: Ես կարող եմ վստահաբար ասել, որ որքան էլ խորհրդային տարիներին՝ քաղաքական կապանքների պայմաններում, անաչառ պատմություն ներկայացնելու հնարավորություն չունեինք, այդուհանդերձ, այդ հատորներում հայեցակարգային առումով շատ կարևոր խնդիրներ լուծվեցին և հատկապես հին ու միջնադարյան Հայաստանի պատմության վերաբերյալ, Հայոց ցեղասպանության խնդրով և այլն: Իհարկե, նորագույն շրջանի պատմությունը հիմնականում քաղաքական կապանքների և, այսպես ասած, «կաղապարների» շրջանակներում էին ներկայացվում և, բնականաբար, հետխորհրդային տարիներին արդեն անհրաժեշտություն առաջացավ թարմացնելու այդ հատորները: Եվ ահա, արժանանալով պետական մրցանակի, մենք հենց 2004թ.-ից ձեռնամուխ եղանք պետական պատվերի շրջանակներում «Հայոց պատմություն» բազամահատորյակը տպագրելու գործին՝ ակադեմիական մակարդակով: Ասեմ, որ այն բաղկացած է չորս հատորից, յուրաքանչյուր հատորը՝ երկու գրքից. աշխատանքները հիմնականում ավարտվել են: Ամեն հատորն ընդգրկում է Հայոց պատմության մի դարաշրջանը, այսինքն՝ առաջին հատորը՝ հին դարը, երկրորդը՝ միջնադարը, երրորդ հատորը նոր և չորրորդը՝ նորագույն պատմությունները: Արդեն լույս են տեսել չորս գրքեր՝ երկու հատորը լիարժեք՝ երրորդ հատորի երկու գրքերը, չորրորդի մեկը և երկրոդի դարձյալ մեկ գիրքը: Այսինքն՝ զարգացած միջնադարից՝ 885թ.-ից մինչև 1945 թվականներն ընկած հատվածն ամբողջապես տպագիր վիճակում արդեն ունենք և բավական պատկառելի՝ 4000 տպաքանակով: Ցավալիորեն պետք է նշեմ, որ, ի տարբերություն խորհրդային ժամանակների, այդ ծավալներով գրքերը չեն վաճառվում և մենք այս առումով խնդիրներ ունենք, բայց, իհարկե, դա մեկ օրվա համար չի ստեղծված, այն պատկանում է մեր գալիք սերունդներին և կարծում եմ, որ չենք սխալվել հատորներն այդ քանակներով տպագրելով:
Այս տարվա ընթացքում երկու գիրք ևս լույս կտեսնի, մյուս տարվա մեջ մեկը և, հավանաբար, 2017թ.-ին կավարտենք բոլոր հատորների տպագրությունը: Զուգահեռաբար իրականացնում ենք մեկ այլ կոլեկտիվ աշխատանք ևս՝ «Հայոց պատմություն» ակադեմիական հրատարակությունը ռուսերեն լեզվով: Պատրաստ է արդեն հնագույն ժամանակներից մինչև վաղ միջնադարի ժամանակաշրջանը ներառյալ՝ մինչև 885թ. և հույս ունենք, որ այն մինչև տարվա վերջ՝ ֆինանսական միջոցներ գտնելու պարագայում անպայման կտպագրենք, հետո կշարունակենք նաև զուգահեռաբար նման աշխատանքներ տանել մյուս հատորների համար: Ասեմ, որ կոլեկտիվ աշխատանքները մեր գիտական հետազոտությունների հիմքը, ողնաշարն են կազմում: Այդպիսի աշխատանքերից է նաև «Հայ գաղթաշխարհի պատմություն»-ը ՝ տպագրված երեք հատորով՝ ընդգրկելով հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Արդեն տպագրության փուլում է գտնվում «Հայ պարբերական մամուլի» երկրորդ հատորը, առաջինն արդեն լույս է տեսել և հույս ունենք, որ առաջիկա տարիներին կավարտենք նաև երրորդ հատորը:
Պատմագրությանը նվիրված աշխատություններ ևս ունենք՝ «Հայոց պատմության աղբյուրագիտություն»-ը, որը շատ կարևոր է, մեր ինստիտուտը միշտ դրանով աչքի է ընկել: Հունահռոմեկան, արաբական, թուրքական աղբյուրների հրատարակությունների շարքը այսօր էլ շարունակվում է. վերջերս լույս տեսավ «Ատալիատես»-ի հատորը: Հեղինակը լուսահոգի ակադեմիկոս, բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանն է։ Այս ողջ տպագրական գործընթացը, ինչպես արդեն նշեցի, կատարվել է վերջին 10-12 տարիներին:
Ինստիտուտի Հայկական հարցի և ցեղասպանության բաժնի աշխատակիցների կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված ի՞նչ աշխատանքներ կատարվեցին, միջոցառումներ, գուցե նաև գիտաժողովներ անցկացվեցին:
Պետք է հպարտությամբ նշեմ, որ այդ բաժնի երիտասարդ վարիչ պատմագիտության թեկնածու, դոցենտ Արեմն Մարուքյանը շատ արդյունավետ է աշխատում և հայեցակարգային առումով, Հայոց ցեղասպանության խնդիրը ձևակերպելու տեսանկյունից մեր ինստիտուտը, մասնավորապես այդ բաժինը, շատ ծանրակշիռ աշխատանք տարավ: Տարիներ առաջ Հայոց ցեղասպանության խնդրին մեզանում վերաբերվում էին ավելի շատ ճանաչման տեսանկյունից: Հիմա, բարեբախտաբար, խնդրին մոտենում ենք նաև պահանջատիրության իրավունքով և շատ ուրախալի է, երբ պետական մակարդակով զանազան պաշտոնյաների շուրթերից է դա հնչում և անհամեստ չթվա, եթե ասեմ, որ մեր ինստիտուտը, հատկապես՝ Հայկական հարցի և հայոց ցեղասպանության բաժինն այստեղ շատ ծանրակշիռ դեր ունեցավ: Նշեմ Մարուքյանի կարևորագույն աշխատանքներից մեկը, որը նա հրատարակեց հենց այս առումով՝ ‹‹Հայոց ցեղասպանության խնդիրը միջազգային դատարան տանելու տեսանկյունից››… ծանրակշիռ աշխատանք, որի առանձին, սեղմ տարբերակները պետական ֆինանսավորմամբ տպագրվեցին նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով: Սա նախագահի հատուկ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխատանք է, որը ես շատ եմ կարևորում:
Շարունակելով թեման ասեմ, որ պահանջատիրության տեսանկյունից մեզանում հայեցակարգային մոտեցումները գնալով հստակեցվեցին և մեր այլ հաստատությունների գործընկերների ջանքերով կարծես թե ուրվագծվում է այն հարցը, որ դա զուտ ճանաչման խնդիր չէ. տեղի է ունեցել ոչ միայն ցեղասպանություն, այլ նաև հայրենազրկում և, բնականաբար, ի տարբերություն հրեական Հոլոքոստի, որի պարագայում հատուցումը եղավ նյութական տարբերակով, որովհետև հրեա ժողովուրդը 1933-1945թթ. նաև նյութական կորուստներ ունեցավ, բայց հայրենիքից զրկվելու հանգամանք չեղավ, մի բան, որ մեզանում կար: Դրա համար կարողացանք հրեական Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության խնդիրների մեջ հստակ ջրբաժան անցկացնել՝ ցույց տալով ինչպես ընդհանրությունը, այնպես էլ տարբերությունը, որը կայանում էր հայրենազրկման հանգամանքի առկայությամբ, և հետևաբար, հատուցումը պետք է լիներ և’ նյութական և’ տարածքային, որովհետև գոյություն ունի միջազգային իրավունքի շրջանակներում կարևորագույն փաստաթուղթ, որպիսին 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի դաշնագիրն է, որի տակ տասնյակ երկրներ են ստորագրել: Բնականաբար, Հայկական հարցն այսօր լուծված չենք համարում, և հարցի լուծումը պատկերացնում ենք նաև տարածքային հատուցման տեսքով, որը նախատեսված էր աշխարհի կողմից վերոնշյալ Սևրի պայմանագրով և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի տարբերակով, որը ներկայացրել է 1920 թ. նոյեմբերի 22-ին՝ որպես հայ-թուրքական սահմանի վերաբերյալ միջազգային իրավունքի ճանաչված նորմ:
Այս բաժնում ունենք ևս մի շատ կարևոր աշխատակից, իմ ասպիրանտ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Խոսրոևան, ով տարիներ շարունակ Չիկագոյի, Նյու Յորքի, ԱՄՆ-ի այլ համալսարաններում կարդում է ցեղասպանագիտության դասընթացներ, բազմիցս հրավիրվել է ԱՄՆ, Հարավային Ամերիկա, այժմ գործուղման է Ավստրալիայում. նրա աշխատանքները շատ կարևոր են: Խոսրոևայի թեկնածուական ատենախոսությունը նվիրված էր ասորիների ցեղասպանությանը, որտեղ հեղինակը ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանությանը զուգընթաց Օսմանյան կայսրության մեջ Առաջին աշխարհամարտի տարիներին սկսեցին զուգահեռաբար իրականացվել ազգային այլ փոքրամասնությունների բնաջնջման քաղաքականություն և ցեղասպանական անիվը, որ պտտվեց հայերի վրա՝ աստիճանաբար անցավ նաև ասորիներին և պոնտական հույներին: Այդ տեսանկյունից ընդգծվում է մի շատ կարևորագույն հանգամանք՝ պետության ցեղասպան բնույթը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Մենք հիմա ավելի շատ հաջողություններ ենք արձանագրում, քան նախկինում, երբ ընդհանուր ճակատ ունեինք թուրքերի դեմ՝ ի դեմս ասորիների և պոնտական հույների:
Այս և այլ թեմաներով մասնակցել ենք բազմաթիվ կոնֆերանսների, ես ինքս այս տարի եղել եմ շուրջ տասը երկրներում: Ցեղասպանության հարցերին նվիրված գիտաժողովների եմ մասնակցել ԱՄՆ-ում, Իրաքում՝ Բաղդադում, Բեյրութում, ՌԴ-ում, մասնավորապես՝ Մոսկվայում և Ստավրոպոլում, ինչպես նաև Պյատիգորսկում, ունեցանք դասախոսություններ ու զեկուցումներ Ուկրաինայում և այլուր:
Այս տարվա հոկտեմբերին նախատեսված է նաև Հայաստանում գիտաժողով անցկացնել: Նշեմ նաև, որ ապրիլին՝ Ցեղասպանության 100-ամյակի նախօրյակին Մոսկվայում կազմակերպված երկու միջազգային գիտաժողովներին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև մեր ինստիտուտը:
Այսօր գիտության բնագավառում գերխնդիր է երիտասարդ գիտաշխատողների բացակայությունը, ինչպիսի՞ն է վիճակն այս ինստիտուտում, երիտասարդ պատմագետների պակաս զգացվու՞մ է:
Իհարկե, մեզանում այդ խնդիրն ամեն օր կա, որովհետև, ցավալի է իհարկե, բայց գիտությամբ զբաղվողը զուգահեռաբար չի կարող ընտանիք պահել, սակայն կա, այսպես ասած, «հոգևոր աշխարհը», որը մեզ պահում է այս բնագավառում: Բոլոր այն երիտասարդները, ովքեր անցնում են մեզ մոտ աշխատանքի՝ ես իրենց հեռանկարային առումով ներկայացնում եմ ողջ իրական պատկերը և հստակ ակնկալում համապատասխան վերաբերմունք՝ ասելով, որ իմացեք, մեծ ակնկալիքներ չունենաք, ինչպես ասում են, սա է մեր խաչը: Այդուհանդերձ, մենք իրավունք չունենք այս ոլորտը թողնելու բարձիթողի վիճակում, որովհետև կա քաղաքական գիտություն, որպիսին պատմագիտությունն է, ունենք երկու կողմից հարևաններ՝ արևելքից ու արևմուտքից, ովքեր ամեն վայրկյան կեղծում են մեր պատմությունը. նման պայմաններում պետք է անպայման մտածենք գիտության շարունակականության մասին՝ փորձելով հնարավորություն սահմաններում բարելավել մեր գիտաշխատողների վիճակը և, հավատացեք, մարդիկ կան, ովքեր «ոչ միայն հացիվ» կարգախոսով շարունակում են մեզ մոտ մնալ ու աշխատել: Վերջերս, երբ կադրային հաշվառում էինք կատարում մեզ մոտ, նկատեցինք, որ մինչև 33 տարեկան աշխատողների, գիտաշխատողների 36-38 տոկոսը կազմում են երիտասարդները, այսինքն՝ այդ շարունակականության խնդիրը մեզանում, այնուամենայնիվ, կկարողանանք պահպանել: Բայց, իհարկե, վստահաբար ասել, որ սա շատ երկար կարող է տևել՝ դժվար է: Հիմնական խնդիրն աշխատավարձի ցածր լինելու մեջ է, երիտասարդները գերադասում են աշխատել այնպիսի համակարգերում, որտեղ գումարը շատ է:
Համենայնդեպս կարծում եմ, որ երիտասարդների առումով մեզ մոտ ահազանգող վիճակ չէ, մեր շարքերը համալրողներ կան:
Գլխավորապես ի՞նչ խնդիրներ կան Պատմության ինստիտուտում:
Հարցերի հարցը աշխատավարձն է: Մեզանում աշխատավարձն իրականության մեջ սիմվոլիկ է և պետք է ասել, որ միջին աշխատավարձը մոտավորապես 60-70 հազար դրամ է, պատկերացրեք, որ ուսուցիչները, որոնց հանդեպ ես խորագույն հարգանք եմ տածում, ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան գիտությունների թեկնածուն: Այս պայմաններում էլ մենք շարունակում ենք աշխատել, նորից եմ կրկնում, հասկանալով, որ սա մեր կոչումն է, խաչը:
Երկրորդը՝ երիտասարդ գիտաշխատողների համար կարծես մեկընդմիշտ մոռացության տրված բնակարանային խնդիրն է: Խորհրդային տարիներին գոյություն ուներ «երիտասարադ մասնագետ» հասկացությունը, երբ հինգ տարվա ընթացքում պետությունը պարտավոր էր նրան բնակարանով ապահովել, իսկ դա ամբողջապես մոռացվեց, էլ չեմ ասում, որ այն ժամանակ կար հանրակացարան, հիմա այն գոյություն չունի, դրանք ամբողջապես վաճառվել են և, եթե չեմ սխալվում, մնացել է միայն Զեյթունի հանրակացարանը, որը սպասարկում է արտասահմանցիներին: Հայաստանցին փաստորեն հանրակացարանից օգտվելու իրավունք չունի, էլ չեմ ասում բնակարանի մասին: Սա խայտառակ պրոբլեմ է, առաջնային խնդիրներից է, որի մասին պետք է անպայման մտածել, նույնիսկ երբեմն ավելի սուր դրված, քան աշխատավարձն է, որովհետև աշխատավարձով մարդն այսպես թե այնպես կարողանում է իր գլուխը պահել, բայց ապրելու տեղ չունենալով այդ ստացած գումարը չի բավականացնի նույնիսկ բնակարանի վարձը վճարելուն: Ունենք գիտության դոկտոր, ով Հայաստանի հեռավոր մարզերից մեկից ամեն օր գալիս, գնում է. պատկերացրեք նրա վիճակը:
Ինչ վերաբերվում է տպագրությանը, արդեն ասացի, որ դա, բարեբախտաբար լուծված է: Եթե խոսենք տեխնիկական միջոցների մասին՝ թարմացնելու դրանք, համենայնդեպս Գիտության պետական կոմիտեի հատկացված միջոցներով կարողանում ենք այս կամ այն կերպ իրականացնել: Բարեբախտաբար, տասը տարվա ընթացքում մաս-մաս մեր ինստիտուտի այս չորս հարկերը կարողացանք վերանորոգել, այս տարի ավարտում ենք և, փառք Աստծո, ինստիտուտն արդեն տեսքի է եկել:
Պարոն Մելքոնյան, մի փոքր էլ անդրադարձ կատարենք հետագա ծրագրերին:
Մեր թիվ մեկ ծրագիրն է ավարտել «Հայոց պատմություն» ակադեմիական հրատարակությունը հայերեն, ռուսերեն լեզուներով և անցնել անգլերենին, թեպետ արդեն ունենք հրատարակած առանձին հատորներով, սեղմ տարբերակներով: Պետք է ավարտել նաև «Հայ պարբերական մամուլ»-ի երրորդ հատորի հրատարակությունը, որով կավարտենք կոլեկտիվ աշխատանքների մի մասը:
Կարևորագույն խնդիր է նաև այլ հաստատությունների հետ համագործակցությունը: Բազմաթիվ պայմանագրեր ունենք Ռուսաստանի Համաշխարհային պատմության ինստիտուտի, Վենետիկի և Լոս Անջելեսի համալսարանների հայագիտության ամբիոնների, Ստավրոպոլում Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի հետ, որն ի դեպ, կնքվել է վերջերս: Շատ արդյունավետ աշխատում ենք, պետք է ասեմ, որ արդեն ութ հոդված են մեզնից տպագրել, որոնք մեծամասամբ նվիրված են Հայոց ցեղասպանությանը և շնորհիվ խմբագրական խորհրդի՝ ադրբեջանցիների կողմից առաջադրված մի քանի կեղտոտ, հակահայկական հոդվածներ մերժվեցին, հանվեցին՝ թողնելով միայն մերը:
Այս տարի Պատմաբանների միջազգային կոմիտեին ենք անդամակցելու (արդեն ընթացքի մեջ է), որը մեզ հնարավորություն կտա նաև ֆինանսական առումով որոշակի հարցեր լուծել:
Վերջինը, որ կցանականայի նշել, կարևորել՝ դա մեր ինստիտուտի կապն է հանրության հետ: Գիտությունը՝ գիտություն, բայց այն չի կարող մնալ միայն գիտնականների շրջանակում, դրա համար մենք շատ ակտիվ աշխատում ենք նաև հանրության հետ, օրինակ՝ դպրոցական դասագրքերի ստեղծման գործընթացին 90-ականներից մինչ այսօր ինստիտուտը մասնակից է եղել, նշեմ, որ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի գլխավորությամբ հրատարակվեցին 90-ականների դպրոցական դասագրքերը: Հիմա ես Արամ Սիմոնյանի հետ միասին խմբագիրներից մեկն եմ արդեն 6-9-րդ և 10-12-րդ դասարանների բոլոր դասագրքերի:
Ակտիվորեն համագործակցում ենք Պաշտպանության և Սփյուռքի նախարարությունների հետ: Սփյուռքի նախարարության պատվերով, արդեն 4-5 տարի է, յուրաքանչյուր տարի մեկ կամ երկու աշխատություն ենք հրատարակում՝ նվիրված սփյուռքի այս կամ այն գաղութի պատմությանը: Պաշտպանության նախարարության հետ ակտիվորեն աշխատում ենք զորամասերում և կարող ենք վստահաբար ասել, որ մեր աշխատակիցներին շատ լավ ճանաչում են զինվորականները, հատկապես դաշտային հրամանատարները՝ Մռավից սկսած մինչև Արաքս: Մեր դասախոսությունների իմաստը հետևյալն է. զինվորին ներկայացնել այն տարածաշրջանը, որի պաշտպանությանը կոչված է, այսինքն՝ երբ նա կանգնած է Ամարասից ոչ հեռու, դու բացատրում ես, որ այստեղ Մեսրոպ Մաշտոցն է եղել, այստեղ դպրոց է բացվել, այստեղ հայոց գրերն են տարածվել, սա Գանձասարն է, սա Ծիծեռանավանքն է, սա Մռավի լեռնաշղթան է և այլն, մարդ արդեն հասկանում է ինչի համար է այստեղ՝ լցվելով մեծ պատասխանատվությամբ ու հայրենասիրական պաթոսով: Մարդկանց հայրենասիրական ոգով դաստիարակելու և այդ առաքելությունը իմաստավորելու տեսանկյունից շատ կարևոր եմ համարում այս ծրագիրը, որին ակտիվորեն մասնակցում են նաև ԵՊՀ-ն, Մանկավարժական համալսարանը և ակադեմիական մյուս ինստիտուտները: Վերջերս ենք Արցախից եկել և դարձյալ շատ լավ ընդունելության արժանացանք Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից: Այս ծրագրի իրականացման գործում իր մեծ ավանդն ու դերակատարումն ունի Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Մերի Եղիազարյան