Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը շարունակում է իր բեղուն գործունեությունը գիտության զարգացման բնագավառում
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը ՀՀ ԳԱԱ-ի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ինստիտուտներից մեկն է, որը երկար տարիներ բազմաթիվ աշխատանքներ է կատարել հիմնարար հետազոտությունների այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են՝
· կոնդենսացված միջավայրերի ֆիզիկան,
· ակուստիկան,
· ակուստաֆիզիկան,
· պլազմայի ֆիզիկան,
· նյութագիտությունը և գիտական սարքաշինությունը:
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը հիմնադրվել է 1980թ.-ին Երևանում՝ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի ջանքերով: Գործում են նաև լաբորատորիաներ, որոնք տեղակայված են Մեղրիում, Կապանում, Ստեփանակերտում և Տոմսկում: Ինստիտուտում իրենց գործունեությունն են ծավալում ավելի քան 150 գիտաշխատողներ, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ-ի մեկակադեմիկոս, մեկ թղթակից անդամ, 42գիտության թեկնածուներ և 16 գիտության դոկտորներ:
Ինստիտուտում հիմնարար հետազոտությունների արդյունքների հիման վրա ձևավորվել է նոր գիտական ուղղություն՝ ակուստաֆիզիկան: Ֆիզիկայի այս բոլորովին նոր ուղղությունն ուսումնասիրում է ակուստիկ դաշտերի առկայության պայմաններում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները:
Ինստիտուտում կատարված հիմնարար հետազոտությունների արդյունքում մշակվել և ստեղծվել են գիտատար սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են պինդ մարմնի ֆիզիկայում, միջուկային ֆիզիկայում, ակուստիկայում, սեյսմալոգիայում, ջերմաֆիզիկայում և այլ բնագավառներում: Դրանցից նշենք` գամմա-ակուստիկ սպեկտրոմետրը (ԳԱՍ-1), ժամանակային գամմա-ակուստիկ սպեկտրոմետրը (ԳԱՍ-2), ակուստառենտգենյան մոդուլյատորը, տարբեր տիպի տաքացուցիչներ՝ նոր տիպի ռեզիստիվ կոմպոզիցիոն նյութերի հիման վրա, ջերմային ճառագայթման ընդունիչները (մմ, սմ և դմ երկարությամբ ալիքների տիրույթներում), ռենտգենյան տիրույթի ճառագայթման համար ‹‹օպտիկական›› էլեմենտներ (ոսպնյակներ, հայելիներ, մոդուլյատորներ և այլն), իոնիզացնող ճառագայթման գերզգայուն արագագործ գրանցիչներ, ակուստապլազմային լամպեր, հեղուկ բյուրեղների բազայի վրա խոնավաչափեր և այլն:
1980-ական թվականներից ինստիտուտի հիմնադիր, ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են պարբերական “Մոդուլյացիոն մյոսբաուէրյան սպեկտրասկոպիա” և “Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ” միջազգային գիտաժողովները, որոնք տեղի են ունեցել Երևանում, Սևանում և Մեղրիում: Այսօր էլ, շարունակելով ավանդույթը, դրանք տեղի են ունենում երկու տարի պարբերությամբ՝ որոշակի դադարից հետո՝ վերսկսվելով 2009թ.-ից ինստիտուտի ներկայիս տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանի օրոք:
2011թ.-ից սկսած գիտաժողովների հետ զուգահեռ կազմակերպվում է նաև ‹‹Երիտասարդ գիտնականների դպրոց››` նվիրված հայ հանճարեղ ֆիզիկոսներին (մասնավորապես` 2011թ.-ին նվիրված էր Գուրգեն Ասկարյանին): Դպրոցը բնույթով և կառուցվածքով միջազգային է, որին մասնակցում են երիտասարդներ տարբեր երկրներից: Դասավանդում են ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան հեղինակավոր գիտնականներ:
Անդրադառնալով հայաստանյան գիտության զարգացման աստիճանին, ինստիտուտի միջազգային համագործակցություններին և ծրագրերին ՖԿՊԻ-ի գիտքարտուղար Հրանտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց. ‹‹Հայաստանը մշտապես առանձնացել է գիտության զարգացվածության բարձր մակարդակով: Այսօր էլ, մեկ գիտաշխատողի հաշվարկով միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրված գիտական հոդվածների քանակով, ինչպես նաև` ցիտումներով, մեր հանրապետությունը շարունակում է բարձր դիրքեր գրավել: Կան շատ երիտասարդ ակտիվ գիտաշխատողներ, որոնք շարունակում են իրենց ուսուցիչների գործը և մեծ ավանդ ունեն գիտության զարգացման բնագավառում: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընդհանուր առմամբ ասպիրանտների քանակի նվազում է նկատվում, բայց, համենայնդեպս, այս պահի դրությամբ, կոնկրետ մեր ինստիտուտում երիտասարդ կադրերը, համեմատած մյուս գիտական ինստիտուտների հետ, բավականին շատ են, բայց, իհարկե, ցանկալի կլիներ, որ ավելի շատ լինեին:
ՖԿՊԻ-ը ակտիվ համագործակցում է բազմաթիվ արտասահմանյան գիտական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ 2009թ.-ին հիմնադրվել և գործում է ՛՛Ռենտգենյան Օպտիկա՛՛ առաջին հայ-ռուսական համատեղ լաբորատորիան, շարունակվում են համատեղ հետազոտությունները Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի, ՌԴ ԳԱ Կուրչատովի անվան ինստիտուտի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի (ՌԳԿ ԿԻ) “Ռադիո” գիտահետազոտական ինստիտուտի (ФГУП НИИР) և Պրոխորովի անվան ֆիզիկայի ինստիտուտի հետ:
Համագործակցում ենք նաև Գերմանիայի Ռոզեդորֆի միջուկային և հադրոնային ֆիզիկայի գիտահետազոտական կենտրոնի, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, օպտիկայի ինստիտուտի, բյուրեղագիտության ինստիտուտի հետ և այլն: Ինստիտուտի վերջին տարիների արտասահմանյան համագործակցության լավագույն արդյունքներից է հայ-իտալական նորաստեղծ համատեղ լաբորատորիան` Իտալիայի Ֆրասկատիի միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնի հետ:
Ինստիտուտը ակտիվորեն մասնակցում է մի շարք միջազգային գիտաժողովների կազմակերպմանը (“Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ”, “RREPS”, “Channeling”): Այս տարի նախատեսվում են “Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների և ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայությամբ” և “RREPS-2015” միջազգային կոնֆերանսները:
Հուսանք, որ մեր հանրապետության ընդհանուր տնտեսական վիճակը կբարելավվի և դա կնպաստի նաև գիտության զարգացմանը, և հակառակը ևս կարելի է պնդել, որ գիտության զարգացվածության բարձր մակարդակը կարող է նպաստել Հայաստանում ընդհանուր տնտեսության զարգացմանը և կենսամակարդակի աճին››, — իր խոսքը հույսով լի նոտայով ավարտեց ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտքարտուղարը:
Գիտական գծով փոխտնօրեն, ֆիզիկա-մաթեմատիակական գիտությունների թեկնածու Արմեն Աթանեսյանն էլ անդրադարձ կատարելով միջազգային գիտաժողովներին և դպրոցներին, նշեց, որ միջազգային գիտաժողովի նախագահը ամեն տարի եղել է ինստիտուտի հիմնադիրը՝ ակադեմիկոս Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանը, իսկ կազմկոմիտեի նախագահը ինքն է եղել: Պարոն Աթանեսյանը նաև նշեց, որ իր ղեկավարած՝ ցածրջերմաստիճանային ջրային լուծույթներից բյուրեղների աճի լաբորատորիան Հանրապետությունում այսօր միակն է, որ մնացել և շարունակում է իր գործունեությունը. ‹‹Նախկինում այս տիպի լաբորատորիաներ գործում էին նաև Ֆիզիկական հետզոտությունների ինստիտուտում, Ճարտարագիտական համալսարանում և Կիրովականում:
Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց մեծանում է բյուրեղների պահանջարկը և դրա հետ միասին բարձրանում է դրանց նկատմամբ ներկայացվող պահանջները: Այդ պահանջներին բավարարելու համար, մի կողմից հետազոտվում են ներկայումս կիրառվող բյուրեղների հատկությունների բարելավման ուղիները, իսկ մյուս կողմից որոնվում են ներկայացվող պահանջներին բավարարող նոր բյուրեղներ:
Վերջին տարիներին մեր լաբորատորիայում ակտիվորեն իրականացվում են ցածրջերմաստիճանային ջրային լուծույթներից, մայր լուծույթում ամինաթթուների խառնուրդային քանակությունների առկայության պայմաններում աճեցվող միաբյուրեղների ֆիզիկական հատկությունները բարելավելու ուղղությամբ աշխատանքներ: Բացի այդ՝ առաջին անգամ մեր կողմիցցածրջերմաստիճանային ջրային լուծույթներից աճեցվել են լիթիում յոդատի տրամատված (պրոֆիլային) միաբյուրեղներ, որոնք կարող են լայն կիրառություն գտնել գիտության և տեխնիկայի բազմաթիվ բնագավառներում: Ներկայումս ստանում, բյուրեղացնում և ուսումնասիրում ենք ամինաթթուներից ստացվող անօրգանական աղեր, որոնք ունեն ոչ գծային, օպտիկական հատկություններ››,-իր խոսքում նշեց պարոն Աթանեսյանը:
Իսկ Երիտասարդ գիտնականների հարցերի հետ կապված իր ծրագրերով և մտահոգություններով մեզ հետ կիսվեց ինստիտուտի ‹‹Երիտասարդ գիտնականների›› խորհրդի նախագահ Արթուր Մովսիսյանը. ‹‹Մեր ինստիտուտը մյուսներից տարբերվում է երիտասարդների մեծ թվով՝ ամբողջ կազմի մոտավորապես 40%-ը: Ինստիտուտում երիտասարդների հոսքը ապահովվելու նպատակով բակալավրիատում սովորող ուսանողներին ենք ընդունում աշխատանքի: Տեղում դասավանդում ենք ինստիտուտի հիմնարար ուղղություն հանդիսացող առարկաները (բուհերում ընդհանուր են սովորեցնում և շատ դեպքերում ուսանողները գալիս են՝ նորից ստիպված լինելով սովորելու նեղ մասնագիտական առարկաներ), որպեսզի կարողանան հնարավորինս արագ ներգրավվեն կատարվող գիտական աշխատանքներին: Բուհերի հետ համագործակցության արդյունքում ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում բացվել է “Ակուստաֆիզիկա” մասնագիտացումը, իսկ 2014թ.-ից Արցախի պետական համալսարանում հիմնադրվել է ակադեմիկոս Ա. Ռ. Մկրտչյանի անվան համատեղ լաբորատորիան:
Երիտասարդների հոսքը անընդհատ է փաստացի թվերով՝ երիտասարդների քանակի նվազումը փոքր է, բայց ուրիշ ցավալի փաստ էլ կա՝ պաշտպանելուց հետո երիտասարդ գիտնականները հեռանում են, ինչի հետևանքով միջին տարիքի (30-50 տարեկան) գիտնականների թիվը շատ փոքր է և սա ընդհանուր է Հայաստանի գիտության բանագավառում:
Նշեմ, որ ‹‹Երիտասարդ գիտնականների խորհուրդը›› շատ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ինստիտուտում կատարվող գիտական աշխատանքներին, գիտաժողովների և սեմինարների կազմակերպմանը:
Ուզում եմ նաև մի ընդհանուր խնդիր բաձրացնել. գիտության ֆինանսավորումը ՀՀ- ում ցածր է, այդ իսկ պատճառով գիտնականները (ոչ միայն երիտասարդ) լուրջ սոցիալական խնդիրներ ունեն: Գիտնականների միջին աշխատավարձը մոտ 2 անգամ ցածր է ՀՀ միջին աշխատավարձից: Գաղտնիք չէ, որ երիտասարդ ուղեղների արտահոսքի հիմնական պատճառներից մեկը սոցիալականն է: Իհարկե կատարվում են բազմաթիվ քայլեր ինստիտուտի, Գիտության պետական կոմիտեի, ‹‹Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի›› կողմից (որի ղեկավար մարմնի անդամ եմ հանդիսանում), որ հնարավորինս մեղմեն այդ իրավիճակը, սակայն քանի դեռ ֆինանսավորումը ցածր է՝ դրանք չեն կարող ապահովել անհրաժեշտ արդյունք:
Գիտության բնագավառը խնդիր ունի նաև սարքավորումների և նյութերի արդիականացման ոլորտում: Ինստիտուտներում առկա գիտական սարքավորումները և՛ բարոյապես և՛ ֆիզիկապես մաշված են, շատ դեպքերում լուրջ գիտական արդյունքներ ստանալու համար չեն բավարարում, սակայն ՖԿՊԻ-ում իրականացվող հետազոտությունների համար ինստիտուտի աշխատակիցների կողմից մշակվում և ստեղծվում են համապատասխան սարքավորումներ: Լավագույն օրինակ կարող է հանդիսանալ Ա. Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի հետ կնքած պայմանագիրը, որի արդյունքում 2014թ.-ին համատեղ ջանքերով վերաթողարկվել է “Արուս” էլեկտրոնների արագացուցչի ինժեկտորային մասը և ստեղծվել է մինչև 75 ՄէՎ էներգիայով էլեկտրոնների նոր հոսքագիծ››:
Ամփոփելով, թերևս ավելացնեմ, որ չնայած ցածր ֆինանսավորմանը, այդուհանդերձ, Հայաստանում գիտությունը շարունակում է համընթաց քայլել համաշխարհային գիտական զարգացումներին՝ շնորհիվ բարձրորակ գիտաշխատողների և գիտական ինստիտուտներում տարվող արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքի:
Մերի Եղիազարյան