Պատմության կեղծարարության դեմ պայքարը միանգամայն այլ հունով ենք տանում. Աշոտ Մելքոնյան
Հայապահպանության գործում իր ուրույն տեղն ու դերն ունի ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն՝ իր անաչառ գիտական գործունեությամբ, հատկապես այն պարագայում, երբ մեր հարևանների կողմից մշտապես անխղճորեն կեղծվում է պատմությունը: Այս ամենը հաշվի առնելով և հավատարիմ մնալով մեր որդեգրած քաղաքականությանը՝ gmpress.am-ը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացնում կարևորագույն արժեք ներկայացնող այս հաստատության առօրյան, նվաճումներն ու ձեռքբերումները՝ դրանով իսկ, ինչպես բարեխղճորեն իրականացնելով լրագրողական պարտականությունները, այնպես էլ սեփական փոքրիկ լուման ունենալով հայապահպանության այս սրբագույն գործում:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ:
Պարոն Մելքոնյան, մեր վերջին զրույցից անցել է գրեթե մեկ տարի, այս ընթացքում գիտական ի՞նչ նվաճումներ , ինչ ձեռքբերումներ եք ունեցել, խոսենք հատկապես տպագրություններից:
Նախ ասեմ, որ ինչպես գիտեք, մյուս տարվանից ԿԳՆ-ն, ավելի կոնկրետ, Գիտության պետական կոմիտեն գիտահետազոտական ինստիտուտները ռեյտինգավորելու կարգ է սահմանել, այսինքն՝ յուրաքանչյուր գիտահետազոտական ինստիտուտ որոշակի չափանիշներով պետք է միավորներ հավաքի, որի արդյունքում ինստիտուտների չորս կատեգորիաներ են լինելու, որոնցից առաջին կատեգորիայում հայտնվածի գիտական անձնակազմը, ըստ ԳՊԿ-ի հավաստիացումների, բարձր աշխատավարձ կստանա, երկրորդի կարգավիճակը գրեթե նույն է մնալու, երրորդի պարագայում ֆինանսավորումը զգալիորեն պակասելու է և չորրորդն արդեն լիկվիդացվելու է, իսկ արժանավոր գիտաշխատողները, եթե կան այդպիսիք, կտեղափոխվեն այլ հաստատություններ: Այս ամենից ելնելով, փորձեցինք վերջին հինգ տարվա կտրվածքով ի մի բերել մեր գիտական արդյունքները, ձեռքբերումները, պարզել մեր անելիքները, առավել ևս, որ մեր ինստիտուտի 75-ամյա հոբելյանը լրացավ վերջերս…արդյունքը հետևյալն է. վերջին հինգ տարվա կտրվածքով հրատարակել ենք 1300 գիտական աշխատանք, մոտավորապես 250-300-ի չափ մենագրություն՝ աշխարհի ավելի քան 15 լեզուներով և այս տվյալներն, իհարկե, խոսում են այն մասին, որ հետխորհրդային շրջանում ինստիտուտը ոչ միայն հետընթաց չի ապրել, այլ ընդհակառակը, ունի լրջագույն ձեռքբերումներ, առավել ևս, որ ունենք սեփական տպարան: Ամեն տարի, 30-35, երբեմն 40 մենագրություն, աշխատություն և հարյուրավոր հոդվածներ ենք տպագրում: Վերջին ընդհանուր ժողովի ժամանակ ԳԱԱ ակադեմիայի նախագահ Ռ.Մարտիրոսյանը նշեց, որ աշխարհի 10 հազար գիտահետազոտական ինստիտուտների մեջ մենք, որպես հայկական հաստատություն, առաջիններից ենք: Մի խոսքով, մեր գլխավոր գիտական արդյունքը հրատարակություններն են և դրա մեջ, անկասկած, իր ծանրակշիռ տեղն ու դերն ունի ‹‹Հայոց պատմության›› ակադեմիական հրատարակությունը, որի ութ գրքերից վեցն արդեն լույս են տեսել: Վերջերս լույս տեսավ վաղ միջնադարի ժամանակաշրջանի հատորը, որն ընդգրկում է Քրիստոնեության ընդունումից մինչև Բագրատունյաց Հայաստանի իշխանության գալը, այսինքն՝ պետականության վերականգնումը 301-885թթ., և այդ հատորը ևս հանձնեցինք ընթերցողի դատին, որով 301թ.-ից մինչև մեր օրերն ընկած ժամանակաշրջանի պատմությունն ակադեմիական, անաչառ աշխատանքի արդյունքում ավարտեցինք և հիմա արդեն աշխատում ենք առաջին հատորի երկրորդ գրքի վրա, որը հիմնականում պատրաստ է: Այն սկսվում է հայկական միասնական պետականության ձևավորումով՝ հայկական լեռնաշխարհով՝ Ուրարտու Արարատյան թագավորություն, Վանի թագավորություն, մ.թ.ա 9-րդ դարից մինչև մ.թ 298թ.-ը՝ Մծբինի հաշտության պայմանագրի ստորագրումը և դրանից հետո կմնա առաջին հատորը, որի հրատարակությունն իրականացնելու ենք Հնագիտության և ազգագագրության ինստիտուտի հետ համատեղ, քանզի վաղագույն շրջանը հիմնականում պեղումներ նյութերի հիման վրա է գրված: Այժմ նախնական որոշակի տեքստեր ունենք ստացած մեր գործընկերներից և այն հարստացնում ենք նաև սեփական ուժերով: Հիմա առաջին հատորի երկրոդ գիրքը մինչև տարեվերջ լուս կտեսնի. Երվանդական ժամանակաշրջանն էր պակասում, որն էլ համալասարանի պրոֆեսորներից Արտակ Մովսիսյանի ջանքերով իրականացվում է և այդ հատորը ևս կհանձնենք տպագրության: Պետք է ասեմ, որ շատ հաճախակի է դարձել մեր գործուղումների պրակտիկան, որը նախկինում, բնականաբար, այսպես չէր, իհարկե, դրանք հիմնականում հրավիրողների հաշվին են լինում, բայց, ամեն դեպքում, հատկապես ՌԴ-ում, Վրաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում բազմաթիվ գիտաժողովներ տեղի ունեցան: Խոսելով ինստիտուտի ռեյտինգային կարգավիճակի մասին, ասեմ նաև, որ 2015, 2018 թթ.-երին, կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայկական պետականության վերականգման 100-րդ տարեդարձի հետ, մասնակցություն ունեցանք բազմաթիվ գիտաժողովների, նույնիսկ կարող եմ նշել անցած տարվա մարտին տեղի ունեցած գիտաժողովը՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Վեհափառի հովանավորությամբ, որին Պատմության ինստիտուտի աշխատակիցներից 14 հոգի մասնակցեցին, այսինքն՝ հայկական 20 հոգանոց պատվիրակության մասնակիցներից 2/3-ը մեր ինստիտուտից էին: Մասնակցություն ունեցանք նաև Կանադայում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, Ֆրանասիայում տեղի ունեցած միջոցառումներին, Իրանում ևս գիտաժողովներ եղան, որոնք նվիրված էին Հայոց պետականության վերականգնման 100 ամյակին: Այս տարվա ընթացքում գիտաժողովներ եղան նաև ՝ ‹‹Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հռչակագրի 100 ամյակին›› նվիրված, իսկ մյուս տարի շատ ավելի կարևոր միջազգային գիտաժողովի ենք մասնակցելու՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-րդ տարեդարձի խնդիրներին նվիրված՝ Սևրի դաշնագրից մինչև նոյեմբերի 22՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Մինչև տարեվերջ մի քանի գիտաժողովներ ևս նախատեսված են: Մոտ ժամանակներս մասնակցելու ենք նաև Մոսկվայում կայանալիք գիտաժողովին ՝ նվիրված համաշխարհային պատերազմի սկսման 80-ամյակին, իսկ հոկտեմբերին գիտաժողով է նախապատասրատվում Բեյրութում, այնուհետև կաթողիկոսարանում հայոց պատմության դասընթացներ են լինելու:
Գիտությանը տրամադրվող ֆինանասավորումը տարեցտարի կրճատվում է՝ բերելով նաև մասնագետների կրճատման և հակառակ ֆոնին՝ Ալիևը շռայլորեն վարձատրում է իր պատմաբաններին՝ պատմություն կեղծելու և գրելու համար. չե՞ք կարծում, որ սա լուրջ վտանգ է, որ մի օր, ի վերջո, աշխահին կհամոզեն իրենց պատմության իսկության մեջ, քանզի մեզ մոտ արդեն համապատասխան մասնագետ գուցե և չլինի:
Շատ բարձր մակարդակով իրականացվող պետական ֆինանսավորումը հարևան հանրապետությունում հասցրել է նրան, որ ադրբեջանցի պատմաբաններն իրենց կեղծարարության մեջ անցել են բոլոր սահմանները: Մենք ժամանակին նեղվում էինք, որ մեր պատմությունը հատկապես արևելյան նահանգների՝ Արցախի, Ուտիքի, Փայտակարանի վերագրում են իրենց, բայց տեսեք, որ հիմա արդեն մեր հարևաններն այդքանով չեն բավարարվում. Արցախից անցան բուն Արևելյան Հայաստանի տարածքներին, ներկայիս Արարատյան դաշտն էլ ներառեցին դրա մեջ և եկավ մի պահ, որ ‹‹ստիպեց›› մեր նախկին իշխանություններին խելամիտ գտնվել ու չգնալ ակադեմիան փակելու ճանապարհով: Ցավոք սրտի, մի քանի տասնամյակ է այդ խնդիրը միշտ օրակարգում եղել է, զանազան ձևով ուզում են իրենից գիտական և ազգային արժեք ներկայացնող հաստատությունը, չգիտես ինչու, դնել հարվածի տակ և այդ իմաստով կես լուրջ, կես կատակ ասում եմ, որ Իլհամ Ալիևը պետական մակարդակով իրականացվող կեղծարարական քաղաքականության շնորհիվ ստիպեց, որ մեր ԳԱԱ-ն շարունակի գոյատևել, որի անհարժեշտությունը նման պայմաններում զգացվում է: Վերջերս արդեն ադրբեջանցիները գրպանել են լեզգիների պատմությունը, որովհետև, ինչպես հայտնի է, ուտիներին համարում են ադրբեջանցիներ, իսկ դրանք մի կողմով մեր, մյուսով՝ լեզգիների նախնիներն են և դրանից հետո անցել են արդեն Վրաստանին: Ինչպես գիտեք, Ադրբեջանի պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովը, ով նաև մեջլիսի պատգամավոր է և Ալիևի մտերիմներից մեկը, հայտարությամբ հանդես եկավ, որ ոչ միայն Արցախն է, Երևանն է ադրբեջանական տարածք, այլ նաև Վրաստանի ամբողջ արևելյան ու կենտրոնական նահանգները, դրանք վրացիների կողմից օկուպացված տարածքներ են և Թիֆլիսն էլ ադրբեջանական քաղաք է… Մարնեուլը, Բոլնիսը, Կարդաբանը, Դմանիսը ադրբեջանական տարածքներ են և ոչ ավել, ոչ պակաս հասան նաև իրենց ավագ եղբոր տարածքներին՝ Կարսի մարզը ևս համարելով իրենցը, հյուսիսային ամբողջ Իրանը ևս Ադրբեջանինն է և արդեն անցել են Կասպից ծովի արևելյան ափն ու Թուրքմենիայի արևմտյան հատվածը: Սա արդեն խելագարության մակարդակի է հասել, իսկ մյուս կողմից այս ամենն իմ ծիծաղն է շարժում, բայց ուզում եմ ասել, որ պատմության կեղծարարության դեմ պայքարը մենք միանգամայն այլ հունով ենք տանում, լրջագույն, ծանրակշիռ աշխատություններ ենք տպագրում: Զավեշտալին այն է, որ մեր հարևան վրացիները, որ ադրբեջանցիների հետ սերտ հարաբերությունների մեջ էին, նոր զգացին մեր ցավը. իրենք մեր պարագայում լռում էին , բայց կարծես թե մենք չենք ուզում լռել, որովհետև պատմական ճշմարտության կողմնակից ենք: Իմ գործընկեր Գեորգի Ճեիշվիլին՝ Վրաստանի Պատմության ինստիտուտի տնօրենը, ով շատ ջերմ հարաբերությունների մեջ է մեզ հետ, մի փառահեղ հոդված տպեց Մահմուդովի դեմ, որ սա պարզապես բացահայտ ոտնձգություն է վրացական տարածքների նկատամամբ և հետաքրքրական է, որ այդ հոդվածում անընդհատ օգտագործվել են հայկական միջնադարյան աղբյուրները, որոնցով նա ապացուցում էր, որ այդ տարածքները վրացական են:
Միջազգային գիտական հանրությունը քաջատեղյակ է ադրբեջանցիների կեղծարարություններին և առիթ եմ ունեցել ասելու, էլի կրկնեմ՝ 2015թ. օգոսոտոս ամսին, երբ Չինաստանում մասնակցում էի ‹‹Պատմական գիտությունների միջազգային կոնգրեսի 22-րդ համագումարին››, այնտեղ գլխավոր անսամբլեայի ղեկավար մարմնի անդամների առաջ հարց բարձրացրեցի ադրբեջանական կեղծարարությունների մասին. ‹‹ադրբեջան›› բառն իրրենց մոտ ծիծաղ առաջացրեց և վերջիններս ասացին, որ իրենք լուրջ չեն ընդունում այդ երկիրն ու նրա պատմագիտական միտքը, որովհետև այն թաղված է կեղծարարության մեջ և այդ երկիրն իր պատմաբաններով նման կազմակերպության անդամ երբեք չի կարող լինել:
Պարոն Մելքոնյան, վերջերս խոսակցություններ եղան, որ ԿԳՆ-ն կասեցրել է 9-րդ դասարանի դասագրքի երրորդ հանրապետության պատմության այն հատվածի հրատարակությունը, որը մարտի 1-ին էր վերաբերվում, իրականում ի՞նչ էր տեղի ունեցել և կամ ի՞նչ պետք է գրվեր:
Առիթ եմ ունեցել ասելու, նորից կրկնեմ, որ մենք ոչ դատավոր ենք, ոչ դատախազ, չենք կարող քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին, որովհետև այն դեռևս չի վերածվել պատմության, դա դեռ հրապարակախոսություն է, քաղաքագիտություն, ժուռնալիստիկա: Այն բանից հետո, երբ դատական ատյանները ինչ-որ որոշում կկայացնեն՝ մենք էլ կկարողանանք որոշակի գնահատական տալ և դա էլ կվերածվի պատմության: Մենք պարզապես արձանագրել ենք դեպքերի ընթացքը, թե ինչպես ընդդիմությունը չընդունեց փետրվարի 19-ի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը, ընդդիմությունը խաղաղ ցույցեր սկսեց Օպերայի բակում և մարտի 1-ին իշխանությունները ուժ գործադրեցին, տեղի ունեցավ բախում ցուցարարների ու ներքին զորքերի միջև, որի արդյունքում 10 զոհ եղավ: Դրանից հետո Ազատություն ռադիոկայանը մի հողորդում տվեց, որն ինձ ոչ միայն զարմացրեց, այն նաև զայրացրեց, որտեղ նրանք ասում էին, թե ինչու դասագրքում չի գրվել, որ Ղարաբաղից զորք է բերվել…Դուք պատկերացնու՞մ եք… նախ, դա դեռևս ապացուցված չէ, երկրորդն էլ, եթե ապացուցվի՝ դա գրելու բա՞ն է, այսինքն՝ աշակերտին մի կողմից հրամցնում ենք մի նյութ, որ Արցախը ազատագրեցինք, միացրեցինք մեր հայրենիքին և մյուս կողմից էլ գրենք, որ Արցախից եկած զորքերով խաղաղ ցույցը ճնշվե՞ց: Դա ի՞նչ դասագրքի նյութ է: Կարծում եմ, այս հարցերում պետք է զուսպ և համբերատար լինել, մինչև արխիվները կբացվեն և հնարավոր կլինի խորությամբ խնդիրն ուսումնասիրելու: Նույն հոկտենմբերի 27-ի դեպքերը, 1996թ.-ի ընտրությունների խնդիրը, 2003թ.-ի, 2008թ., 2012թ.… մի խոսքով : Տեսեք, դասագրքերում ընտրությունների կեղծման հետ կապված հետևյալ ձևակերպումն ենք տվել. ‹‹Ըստ ընտրական հանձնաժողովի հրապարակած նյութերի՝ նախագահ ընտրվեց այսինչը›› կամ ‹‹Ըստ այդ հրապարակած նյութերի՝ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմեց այսինչ ուժը››… և դա շատ ընդունելի տարբերակ է, որովհետև ժամանակաշրջանն այնպիսին է, որ գործող կուսակցությունների, քաղաքական գործիչների կենդանության պայմաններում լիարժեք անաչառ պատմություն գրել, որը կբավարարի բոլոր կողմերին՝ անհնար է:
Պատմության ինստիտուտն այն եզակի գիտական հաստատություններից է, որտեղ երիտասարդությունը մեծ թիվ է կազմել, վերոնշյալ ցածր ֆինանսավորման և կրճատումների արդյունքում արդյո՞ք գիտական անձնակազմում այս հարաբերակցությունը չի տուժի :
Եթե այսօր կես դրույքով աշխատակիցներ չպահենք, հավատացեք աղետալի, կլինի մեր վիճակը: Մեր երիտասարդ, խոստումնալից կադրերը, օրինակ՝ Հին դարի պատմության բաժնում Հարություն Խուդանյանը, ով Ուրարտուի խնդիրներով է զբաղվում, Վահե Սարգսյանը՝ դարձյալ նույն խնդիրներով, կես դրույքով սկսեցին աշխատել, որովհետև այլ տեղ բաժնի վարիչներ դարձան, բայց այս պայմաններում էլ դեռ չեն ուզում կտրվել գիտությունից: Եթե մենք կես դրույքով մարդկանց կրճատենք, ուրեմն, հավատացեք, ողբալի վիճակում կհայտնվենք և ամբողջ դարաշրջանների պատմության մասնագետներ կարող է չունենանք: Հիմա արդեն, երբ բոլորին բանակ են տանում, ակադեմիական համակարգում մի տարի չէ, որ անընդհատ կրկնվում է թափուր տեղերի պրակտիկան, որը հուշում է, որ երիտասարդությունը դեպի գիտություն չի ուզում գալ, որովհետև գիտությունը մարդկանց չի կշտացնում, հիմա տեխնոլոգիաներ, նորարարություններ կան, բայց հատկապես հայագիտական, հումանիտար հաստատությունների խնդիրը բավականաչափ ծանր է, դրա համար էլ կարծում եմ, որ այն պետք է լինի պետության հոգածության ներքո և, ամենակարևորը, հայագիտական առարկաների նկատմամբ պետական վերաբերմունքը ոչ թե պետք է օրեցօր անտարբեր դառնա, այլ հակառակը, որպես գաղափարական ուղղություն պետք է մշտապես ուշարության կենտրոնում լինի:
Հեղինակ՝Մերի Եղիազարյան