Հայ գիտնականներն առաջարկել են ստեղծել համավարակների հետազոտման և դեղերի ստեղծման ենթակառուցվածք
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է միավորել հայ մասնագետների կարողությունները, ստեղծել գիտահետազոտական ենթակառուցվածք՝ համավարակային իրավիճակների հետ կապված հետազոտություններ անելու համար, որոնք հետագայում կարող են թույլ տալ նաև աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը՝ անդրադառնալով հարցին, թե թեստերի արտադրությունից բացի, արդյոք աշխատո՞ւմ են կորոնավիրուսի դեմ դեղերի, պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ:
«Մենք այդ ուղղությամբ չենք աշխատում, քանի որ դրանք ավելի ժամանակատար և գիտական ենթակառուցվածք պահանջող ուղղություններ են: Եվ այս պահին, ցավոք, Հայաստանում այս հնարավորությունները չունենք: Սակայն մենք ներկայացրել ենք ծրագիր՝ համավարակային իրավիճակների համար ստեղծելու գիտահետազոտական ենթակառուցվածք, որը թույլ կտա նաև զբաղվել այդ ուղղություններով: Այդ առաջարկն այս պահին քննարկվում է»,-ասաց Առաքելյանը:
Տնօրենի կարծիքով՝ առկա ինստիտուտների, համալսարանների, Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կառույցների կարողությունները միավորելով կարելի է ստեղծել ցանց, այդ ցանցում զարգացնել ենթակառուցվածքները, որոնք պետք կլինեն նմանատիպ հետազոտությունների համար: Այսպիսով առաջարկվում է ստեղծել ընդհանուր օգտագործման կենտրոն, որ հնարավոր լինի իրականացնել հետազոտություններ, որոնք հետագայում նաև թույլ կտան աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ:
Ատաքելյանի գնահատմամբ՝ իրենց ինստիտիտուտը ունի բավարար մասնագիտական ներուժ դրա համար: «Կեսից ավելին երիտասարդ գիտնականներ են, որոնք վերապատրաստվել են արտասահմանյան հայտնի կենտրոններում, ունեն բազմաթիվ գիտական հրապարակումներ: Եվ խնդիրը ոչ թե մարդկային ներուժն է, այլ նյութատեխնիկական ենթակառուցվածքի առկայությունը»,-ասաց նա:
Առաջարկը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Գիտության կոմիտեին:
Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը արդեն սկսել է տեղական արտադրության թեստերի նախատիպերի փորձարկումները: Մոտ երկու շաբաթից կորոնավիրուսը կախտորոշվի հայկական արտադրության թեստերով: