Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում մեկնարկեց «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման 75-ամյակին և ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Արամ Նալբանդյանի 110-ամյակին: Այն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի աջակցությամբ:
Գիտաժողովի բացումն ազդարարվեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Ալդոշինի, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանի ելույթներով: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Ավստրիայից, Բելառուսից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից և Ռուսաստանից: Գիտաժողովի ընթացքում կընդհանրացվեն քիմիական ֆիզիկայի բնագավառում վերջին տարիներին ստացված արդյունքները: Միջազգային գիտական հանրությունը կծանոթանա ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի մի շարք այլ գիտական կենտրոնների վերջին տարիների գիտական մշակումներին: Գիտաժողովի մասնակիցները կքննարկեն բնագավառի զարգացման հեռանկարներն ու կփոխանակեն ձեռք բերված փորձը:
Կանցկացվի 17 պլենար դասախոսություն, կներկայացվեն 33 բանավոր և 58 ստենդային զեկուցումներ: Գիտաժողովին մասնակցելու է մոտ 40 երիտասարդ գիտնական, որոնց համար կանցկացվի լավագույն զեկուցումների մրցույթ, հաղթողները կարժանանան պատվոգրերի և հուշանվերների:
«Կոնֆերանսը միջազգային է, ավանդական և ներկայացուցչական: Աշխարհի տարբեր երկրներից հրավիրված գիտնականները պլենար զեկուցումներ են կարդում հիմնական ուղղության վերաբերյալ, ընդ որում՝ պրոբլեմները ոչ միայն քիմիական ֆիզիկային են վերաբերվում, այլ նաև առնչվող հարցերին, որը հետաքրքիր է բոլորին. դա կյանքի մասին գիտությունն է, նանոտեխնոլոգիաներն են, էկոլոգիան և այլն: Կոնֆերանսները մշտապես կազմակերպված են լինում շատ բարձր մակարդակով, որն անչափ կարևոր է, որովհետև մտքերի փոխանակման ու ծանութությունից զատ նաև գիտնականները աշխատանքներ են կատարում համատեղ կոլաբարացիայի, համագործակցության միջոցով և այսպիսի կոնֆերանսները դրան նպաստում են: Գիտաժողովը հնարավորություն է տալիս երիտասարդներին հանդես գալ զեկուցումներով, ինչպես նաև՝ լսել այդ ուղղությամբ առաջատար գիտնականներին: Նշեմ, որ ամեն ինչ արված ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան, հայտարարվել է նաև լավագույն զեկուցումների մրցույթ, որի հանձնաժողովը միջազգային է, այսինքն՝ կազմը առաջադրվել է ոչ թե իմ կողմից, այլ ներկայացուցչական է: Դրա շրջանակներում շնորհվելու են համապատասխան վկայականներ, որը երիտասարդների համար շատ կարևոր է ու ոգևորիչ»,-gmpress.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը:
Հավելենք, որ գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 29-ը, իսկ արդյունքների մասին կանդրադառնանք մեր հետագա հրապարակումներում:
587
add a comment