Արժեքներ

Միակ տեղը Տիեզերքում առայժմ Երկիր մոլորակն է, ուր կյանք գոյություն ունի, և որը բավականին գեղեցիկ է ու արժեքավոր. Հայկ Հարությունյան

119kviews

Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին տեղակայված ՀՀԳԱԱ Բյուրականի Աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թվականին՝ Աստղադիտարանի առաջին տնօրեն Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ: 1946 թվականից ի վեր Բյուրականում են անցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային Աստղագիտական Միության (ՄԱՄ) չորս գիտաժողով և մեկ հերթական կոլոքվիում։ 1998 թվականից Բյուրականի Աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։
Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի բուն գործունեության մասին, սկզբնավորման օրվանից առ այսօր, մեզ հետ զրույցում պատմում է Աստղադիտարանի տնօրեն ֆ.- մ.գ.թ Հայկ Հարությունյանը. ‹‹Աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ.-ին հայտնի գիտնական ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով (կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի համալասարանում): Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ, 1-ին դիտաշտարակների շինարարությանը զուգահեռ ԵՊՀ-ի աստղաֆիզիկայի ամբիոնում, որի հիմնադիրը ևս Համբարձումյանն էր, սկսվեց մասնագետների ուսուցումը (այդպիսի ամբիոն կար միայն Սանկտ Պետերբուրգում, որն առաջինն էր Խորհրդային միությունում և նույնպես հիմնադրվել էր Համբարձումյանի կողմից): Այդ նույն ժամանակ՝ բաց երկնքի տակ տեղակայված շատ համեստ աստղադիտակներով կատարվեցին առաջին դիտումները: 1956 թ-ին, երբ տեղի ունեցավ Աստղադիտարանի պաշտոնական բացումը, ստացված կարևոր արդյունքների շնորհիվ այդ գիտական հաստատությունը հայտնի դարձավ ողջ աշխարհում: Հիմնադրման օրվանից մինչև 1988 թ. Աստղադիտարանի անփոփոխ տնօրենն էր Վիկտոր Համբարձումյանը: Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ գիտտավանից և ֆունկցիոնալ մասից, որը նաև բաղկացած է դիտաշտարակներից, վարչական և լաբորատորիայի շենքերից, ժողովների համար նախատեսված սրահից և հյուրերի տնից։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից առավել հայտնի են` Աստղադիտարանի խոշորագույն 2.6մ և Շմիդտի 1.0մ հանրահայտ դիտակները։
Աշխարհում գոյություն ունեն աստղագիտական և աստղաֆիզիկական դիտարաններ, որոնցից առաջինները հիմնականում ուսումնասիրում են երկնքում լուսատուների շարժումները, դիրքը և այլն, իսկ երկրորդները՝ այդ լուսատուների ֆիզիկան. Բյուրականինը հենց ֆիզիկա ուսումնասիրող Աստղադիտարան է: Պետք է նկատել, որ Տիեզերքն ինքը բավականին մեծ տարիք ունի, և, իմիջիայլոց, Համբարձումյանն է առաջինը 30 ական թթ.-երին ցույց տվել, որ տիեզերքը 10 մլրդ. տարեկան է, մինչդեռ այլ գիտնականների կողմից ենթադրվում էր, որ այն 10 մլրդ.-ից հազար անգամ ավելի է: Այսօրվա տվյալներով Տիեզերքի իրական տարիքը 13.76 մլրդ. է, այսինքն՝ Վիկտոր Համբարձումյանը դեռ այն ժամանակ էր այդքան ճշգրտորեն մոտ տիեզերական ստույգ տարիքին: Քանի որ Տիեզերքը շատ տարիքով է, և նրա օբյեկտները երկար են ապրում, ապա նրանց կյանքում տեղի ունեցող էվոլյուցիան բավականին բարդ է, դժվար է տեսնելը, թե դրանք ինչ ուղղությամբ են զարգանում: Եթե աստղը ապրում է մի քանի միլիարդ տարի, ապա մարդկությունը, աստղագետը իր գիտական գործունեության ընթացքում, որը շատ կարճ ժամանակահատված է, չի կարող պարզապես հետևելով տեսնել, թե ինչ է տեղի ունենում: Դրա համար Համբարձումյանը սովորեցնում էր , որ պետք է ուսումնասիրել արագ ընթացք ունեցող երևույթները, այսինքն՝ բռնկումներ, պայթյուններ և այլն: Այդ պատճառով Բյուրականի աստղադիտարանում հիմնականում սկսեցին զբաղվել անկայուն երևույթներով, իսկ դրա առաջին արդյունքը ի հայտ եկավ արդեն 1947թ.-ին, երբ ապացուցվեց, որ աստղերը ծնվում են նաև հիմա, որ կան նաև երիտասարդ աստղեր: Բանն այն է, որ մինչ այդ աստղագետներն այն կարծիքին էին, թե բոլոր աստղերը ծնվել են մի քանի միլիարդ տարի առաջ և դրանից հետո այլևս աստղ չի ծնվում, իսկ այսօր աշխարհում որևէ աստղագիտական հիմնարկ չեք գտնի, որտեղ երիտասարդ աստղերի ուսումնասիրությամբ չզբաղվեն: Նույնը վերաբերվում էր նաև գալակտիկաների միջուկների ակտիվությանը: Առաջին անգամ հենց Բյուրականում ցույց տրվեց, որ դրանք հանդիսանում են գալակտիկաների ամենակտիվ տիրույթները:
Դրանց հետագա հետազոտությունների հետ մեկտեղ շատ կարևոր աշխատանքներ կատարվեցին նաև բռնկվող աստղերի բնագավառում: Մեր Արեգակը նույնպես բռնկումներ է ունենում, բայց այդ բռնկումներն իրականում ընդհանուր արևի լուսատվության համեմատ փոքր են: Մյուս կողմից, գոյություն ունեն աստղեր, որոնք բռնկվում են և իրենց պայծառությունը կարող են մեծացնել տասնյակ, հարյուրավոր անգամ, եթե արևը հանկարծ այդպես ‹‹գժվեր››՝ մենք միանգամից կվերանայինք: Բարեբախտաբար Արեգակը ծեր աստղ է և իր էներգիան այդպիսի շռայլությամբ չի օգտագործում, այդ բռնկումները շատ ավելի փոքր մասշտաբի են: Իսկ Բյուրականում ցույց տրվեց նաև, որ բռնկումները թզուկ աստղերի առանձնահատկությունն են նրանց երիտասարդ տարիքում:
Բյուրականի աստղադիտարանում հետազոտվում են նաև շատ կարևոր տեսական հարցեր, որոնք կապված են լույսի ցրման հետ: Աստղագիտական ինֆորմացիայի մեծ մասը ստացվում է հենց սպեկտրալ հետազոտությունների միջոցով և, ահա, տեսական այդպիսի ուղղություն կա, որն ուսումնասիրում է լույսի ցրումը, այդ սպեկտրների առաջացումը, որը նույնպես շատ կարևոր է: Սպեկտրների հետազոտման միջոցով է ստացվում տիեզերական օբյեկտների մասին տվյալների մեծ մասը:
Հիմա մեզ մոտ ուսումնասիրում են տարբեր օբյեկտներ. ինչպե՞ս են առաջանում դրանք, ինչու՞ են այդպիսի պայթյուններ տեղի ունենում, ո՞րտեղից են գալիս…սրանք այն հավերժական հարցերն են, որոնք հետաքրքրում են մարդկությանը: Իսկ պրոֆեսիոնալ կերպով դրանց պարզաբանմամբ զբաղվում են աստղագետները: Կամ այսպիսի մեկ այլ հարց էլ կա, որ մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրվում է մեր աստղագետների կողմից. այսօր տիեզերքը լայնանում է, ընդարձակվում է… ո՞րտեղից է սկսվել ընդարձակումը, մինչև ու՞ր է գնալու: Եվ հանկարծ պարզ է դառնում, որ այն ոչ միայն ընդարձակվում է, այլև դրա հետ միասին այդ ընդարձակումը արագանում է, այսինքն՝ գոյություն ունի ինչ որ մի միջոց, որն անընդհատ էներգիա է տալիս այդ լայնացմանը: Այսօր համարվում է, որ տիեզերքի ամբողջ նյութի և էներգիայի 75 տոկոսը հենց այդ արագացող, լայնացող էներգիայի մեջ է: Դա ինչպե՞ս է կապված, ասենք, սովորական նյութի հետ, արդյո՞ք միմյանց հետ փոխազդում են, մեկից մյուսին փոխանցում կատարվու՞մ է, թե ոչ: Այդ հարցերն են, որոնք հետաքրքրություն են ներկայացնում մեր Աստղադիտարանի համար, հետազոտվում են և չնայած հատկապես վերջին տարիների՝ 90-ականներից սկսած գիտության և մասնավորապես աստղագիտության բնագավառում ստեղծված ծանր վիճակին՝ շարունակում են ակտիվորեն ուսումնասիրվել այստեղ: Այդ ամենը կատարվում է ինչպես տեսական հետազոտությունների, ինչպես ուրիշների ստացած արդյունքների մշակման, վերամշակման, վերագնահատման, այնպես էլ սեփական դիտումների միջոցով: Մեր ամենամեծ աստղադիտակը 2.6 մետրանոց է, որը շահագործման է հանձնվել 1976թ.ին և երկար ժամանակ՝ սկսած ութսունական թվականներից փորձում էինք վերջապես փոխել դրա հայելու անդրադարձնող շերտը: Դա մեզ վերջապես հաջողվեց երկու տարի առաջ, երբ Կառավարության որոշման համաձայն Բյուրականի աստղադիտարանը ստացավ Ազգային Արժեքի կարգավիճակ և գումարներ հատկացվեցին՝ հատկապես մեր հետազոտական ինֆրակառուցվածքը կարգի բերելու համար: Հիմա և այդ դիտակն է արդիականացվում և ունենք մեկ մետրանոց դիտակ ևս: Այսպիսի մի հետաքրքիր փաստ կա. մեկ մետրանոց դիտակը իր տեսակի մեջ աշխարհում մտնում է առաջին հնգյակի մեջ, իսկ 2.6 մետրանոցն իր նմանների մեջ հինգերորդ տասնյակի մեջ է, այսինքն՝ չնայած այն մետրանոց է սա 2.6, բայց իր տեսակի մեջ իսկապես լավագույն դիտակներից մեկն է, և ես կասեի, որ 20-րդ դարի բոլոր դիտակների մեջ եզակիներից ու ամենաարդյունավետ աշխատած դիտակներից մեկն է:
Այսօր Բյուրականի աստղադիտարանում իրականացվում է ինչպես տեխնիկական հնարավորությունների մեծացում, գոյություն ունեցող գործիքների արդիականացում, այնպես էլ նոր խնդիրների հետազոտություն››:
2175d2a5dc8b351956123942224fc251
Անդրադառնալով գիտության և, մասնավորապես, աստղագիտության բնագավառի խնդիրներին (ֆինանսավորում, գիտ.սարքավորումներ, երիտասարդ գիտաշխատողների բացակայություն և այլն) և դրա լուծմանն ուղղված բոլոր հնարավոր քայլերին՝ ներառյալ միջազգային համագործակցությունները, պարոն Հարությունյանն ասաց. ‹‹ Շատ կարևոր խնդիր կա՝ կապված սերնդափոխության, երիտասարդների հետ: Այն գերխնդիր է գիտության բնագավառում, քանի որ աստիճանաբար պակասում է տաղանդավոր երիտասարդների մուտքը գիտություն, այսինքն՝ նախընտրում են ուրիշ, եկամտաբեր, պրագմատիկ հեշտ ուղղություններով զբաղվելը, աշխատելը: Նրանք նախընտրում են գնալ այնտեղ, որտեղ ապրելն ավելի դյուրին է և աշխատավարձերն էլ բարձր են: Գիտության մեջ աշխատանքն ավելի ծանր է և վարձատրությունն էլ ցածր: Չնայած դրան այսօր մեր գիտաշխատողների մոտավորապես երեսուն տոկոսը մինչև 30-32 տարեկաններն են: Շատ կարևոր է կարողանալ նրանց հասցնել այնպիսի մակարդակի, որ հետագայում կարողանան հանձն առնել այն մեծ պատասխանատվությունը, որը մեր սերունդը ստանձնեց 90-ական թվականներին: Մեզանից առաջվա սերունդը ստեղծեց Աստղադիտարանը, մենք շարունակում ենք, բայց մեզանից հետո եկող սերունդը, երիտասարդները պետք է կարողանան վերցնել, պահել, պահպանել, ծաղկեցնել հայկական աստղագիտությունը: Հույս ունեմ, որ առաջիկայում պայմաններն ավելի կբարելավվեն՝ հատկապես Աստղադիտարանի նոր կարգավիճակից հետո, քանի որ ֆինանսապես հիմա շատ ավելի լավ վիճակում ենք, քան առաջ: Ամեն դեպքում իհարկե այն, որ կան երիտասարդները, ովքեր ունեն աշխատանքի գալու, հետազոտություններ կատարելու ցանկությունը՝ շատ կարևոր է: Այստեղ երևի երկրորդական հանգամանք չէ այն, որ Բյուրականի աստղադիտարանը ամուր թելերով կապված է համաշխարհային հռչակավոր կենտրոնների հետ և լավ աշխատել կարողացող երիտասարդները նաև հնարավորություն են ստանում այցելություններ կատարելու արտասահմանյան կենտրոններ, այնտեղ աշխատելու, նույնիսկ պաշտպանելու թեկնածուական թեզերը: Մեր ասպիրանտներից մեկը Ֆրանսիայում պաշտպանեց իր թեկնածուական թեզը, մյուս ասպիրանտն այսօր Նեապոլի աստղադիտարանում է, այս պահին մեր երիտասարդներից մի քանի հոգի գտնվում են Ֆրանսիայում և այլ երկրներում: Հնարավորություններն այս իմաստով բավականին շատ են, այսինքն՝ Աստղադիտարան գալ՝ նշանակում է միջազգային գիտական հանրությանը ինտեգրվել և եթե երիտասարդը իսկապես ցանկություն ունի աշխատելու, ապա այդ հնարավորությունները կարող է օգտագործել:
Իհարկե խնդիրներ կան կապված նաև ֆինանսավորման հետ, չնայած բավականին բան շտկվեց մեզ մոտ վերջին մի քանի տարիների ընթացքում, բայց դեռևս շատ բաներ պետք է վերականգնվեն՝ սկսած շենքներից վերջացրած սարքավորումներով: Հնարավորությունները բարեբախտաբար կան, բայց աստղագիտական լուրջ սարքավորումները բավականին թանկ են և որևէ առանձին հիմնարկի միջոցներով ձեռք բերելն ուղղակի անհնար է: Այսօր աշխարհում գոյություն ունեն 10, և նախագծվում են արդեն 30, 40 մետրանոց դիտակներ, բայց դրանցից ոչ մեկը առանձին երկրի ձեռքբերմանը հասու չէ: Մեծ դիտակաները սովորաբար դառնում են ‹‹միջազգային համատեղ ձեռքբերման արդյունք››, այսինքն՝ մի քանի երկրներ միանում են և ինչ որ մի բան են կառուցում կամ գնում: Այստեղ շատ կարևոր է, որ մենք և՛ մարդկային ռեսուրսներով և՛ տեխնիկական հնարավորություններով կարողանանք ինտեգրվել դրանցում, որը թույլ է տալիս միջազգային, մեծ երկրների հնարավորություններն օգտագործել: Ընդհանրապես փոքր երկրների ինտեգրումը մեծ նախագծերին միշտ ավելի շահեկան է, որովհետև այդ նույն փոքր երկիրը տալով քիչ մաս իրականում օգտվում է ամեն ինչից, շատն է ստանում: Կարևոր է, որ նման հնարավորությունները ձեռքից բաց չթողնվեն: Այս առումով մի ծրագիր ենք իրականացնում ՌԴ ‹‹Ռոսկոսմոս›› դաշնային գործակալության հետ՝ մերձերկրյա տիեզերական տարածքում մարդածին և բնական սպառնալիքները հայտնաբերելու, այդ թվում՝ հիմնական ուշադրությունը սևեռելով հին տիեզերանավերի բեկորների հայտնաբերման ու դրանց ուղեծրերի որոշման, նաև՝ արբանյակների անվտանգությունն ապահովելու ուղղություններով:
Այսօր առաջարկվել է մի ծրագիր ևս, որ եվրոպական մի քանի երկրներ և Հայաստանը միանան՝ համատեղ աշխատանքներ տանելու մթնոլորտի ուսումնասիրության համար: Փաստորեն այսօր մեր ունեցած բոլոր հնարավորություններով, մարդկային և նյութական ռեսուրսներով կարող ենք մտածել նաև մեծ ծրագրերի մասին: Ասեմ, որ այս ընթացքում հայտնի գիտական կենտրոնների ուշադրությունը Բյուրականի աստղադիտարանի նկատմամբ չի նվազել և միշտ էլ Բյուրականից գիտաշխատողները կարճ կամ երկարատև ժամանակով գնացել են տարբեր երկրներում աշխատելու, ըստ որում, երևի 90-95 տոկոսով այդ ուղևորությունները կատարվել են հրավիրող կողմի հաշվին, այսինքն՝ նրանք հետաքրքրված են եղել մեր մասնագետներով, մեծ ցանկություն են ունեցել նրանց հետ աշխատելու›› :
Բյուրականի աստղադիտարանում բուն գիտական գործունեությանը զուգահեռ զբաղվում են նաև գիտության տարածման գործընթացով: Թե ինչ աշխատանքներ են կատարվել այս առումով և կարելի՞ է արդյոք ասել, որ հայաստանյան գիտությունը համընթաց է համաշխարհային գիտական զարգացումներին՝ Աստղադիտարանի տնօրենը պատասխանեց. ‹‹Գիտության մասսայականացումը կամ տարածումը միշտ էլ եղել է: Դա արվում է առաջին հերթին ԶԼՄ-երի միջոցով, երկրորդը՝ տեղում կազմակերպվում է, այսպես ասած, գիտական տուրիզմի մի տեսակ, որը թույլ է տալիս այցելուներին ծանոթանալ գիտության նվաճումներին: Այս ընթացքում, առանձնացրել ենք հատուկ մի դիտակ, որը տրված է զուտ այցելությունների համար թե ցերեկվա ժամերին, և թե գիշերը՝ պարզ երկինքը դիտելու համար՝ նախօրոք պայմանավորվածության համաձայն: Ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից մարդիկ այցելում են Աստղադիտարան, ովքեր տեսողական և ճանաչողական էքսկուրսից բացի նաև դասախոսություններ են լսում: Այցելուների թիվը տարեկան հասնում է մի քանի հազարի: Մենք ժամանակին կազմակերպեցինք նույնիսկ տուրիստական, կազմակերպությունների, լրագրողների հավաք Աստղադիտարանում, որպեսզի նրանց ծանոթացնեինք գիտական տուրիզմի և գիտական լրագրության մեր հայեցակարգին, Աստղադիտարանի գիտական ձեռքբերումներին: Իրականում գիտությունը շատ կարևոր ոլորտ է և անհրաժեշտ է, որ հասարակությունը տեղեկացվի այդ ամենի մասին, իմանա, թե ինչի համար է ստեղծված Աստղադիտարանը կամ ցանկացած գիտական հիմնարկը, ինչու են դրանք ֆինանսավորվում պետական բյուջեի հաշվին: Այդ իմաստով իհարկե աստղագիտությունը շահեկան վիճակում է գտնվում, քանի որ գիտության մաս կազմելուց բացի այն նաև դիտարժան է, որն էլ իր հերթին ստեղծում է մարդկային հոսք դեպի Բյուրականի աստղադիտարան: Համբարձումյանի տուն-թանգարանը, նույնպես այն այցելավայրերից մեկն է, որ մարդիկ հաճույքով գալիս են՝ ծանոթանալու նրա գիտահետազոտական արդյունքներին:
Աստղադիտարանը այն եզակի կենտրոններից է, որտեղ գիտական գործընթացներից, հետազոտություններից զատ նաև կատարվում է գիտության հանրայինացում: Այն, ինչ արվել է վերջին տարիներին՝ էապես նոր մակարդակի վրա է տեղափոխել այդ գործընթացը: Հիմա նաև տուն-թանգարանում փորձում ենք մի քանի լեզվով թեմատիկ ֆիլմեր պատրաստել, որոնք կպատմեն այն ամենն, ինչ այցելուն տեսնում է այդտեղ (վերջերս մեծ հեռուստացույց ենք գնել այս նպատակով), գուցե առաջիկայում մենք նման բան պատրաստենք նաև զուտ աստղագիտական էքսկուրսիաների համար, այնտեղ հիմա միայն սլայդներ են ցուցադրվում, բայց ասենք, օրինակ, արեգակի կամ աստղի վրա բռնկումների փոփոխությունները սլայդով չենք կարող ցույց տալ, իսկ ֆիլմը լավագույնս կընձեռնի այդ հնարավորությունը:
Տեխնիկական զարգացվածության աստիճանով մենք չենք կարող մրցել ամենահայտնի գիտական կենտրոնների հետ, բայց գաղափարների և որակյալ մասնագետների տեսանկյունից ոչ միայն համահունչ ենք, այլ կարող ենք երբեմն նաև գերազանցել: Այն որ տարեկան մեծ թվով արտասահմանյան այցելուներ ենք ունենում՝ արդեն իսկ խոսում է համընթացության մասին››:
‹‹Հետագա ծրագրերի մասին ասեմ, որ երեք գիտաժողով ենք նախատեսել՝ հայ-իրանական գիտաժողովը, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբեր ամսին, նշելու ենք նաև մեր ‹‹Աստղաֆիզիկա›› հանդեսի 50 ամյակը (հրատարակվում է 1965թ.-ից, մի ժամանակ համամիութենական էր, այժմ միջազգային հանդես է, բոլոր համարները թարգմանվում և հրատարակվում են նաև ԱՄՆ-ում): Մյուս տարի նաև Աստղադիատարանի 70 ամյակի հետ կապված մեծ տոնակատարություն և գիտաժողովներ կան նախատեսված՝ հանրությանը ներկայացնելով նաև Աստղադիտարանի նվաճումները:
Աստղադիտարանում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, որպեսզի 70 ամյակը կարգին դիմավորենք:
Գիտաժողովների և միջազգային ծրագրերի հետ մեկտեղ հետագա ծրագրերի մեջ է մտնում նաև մեր դիտակների արդիականացումը և ընդհանրապես հիմնարկի հետ կապված ցանկացած աշխատանք: Ասեմ, որ արդեն հասցրել ենք մի շարք աշխատանքներ կատարել շենքի հետ կապված՝ մուտքի դուռն ենք փոխել՝ պահպանելով հնի տեսքը, երրորդ հարկի պատուհանները ևս փոխված են, երկրորդ հարկինը՝ ներառյալ իմ աշխատասենյակինը դեռևս չենք փոխել, սա ամենավերջում՝ բոլոր աշխատանքները կատարելուց հետո: Երբ ես դարձա տնօրեն՝ Աստղադիտարանում 15 տարուց ավելի ջեռուցում չէր եղել, պարիսպներ չկային: 2006թ.-ին ամբողջովին գազաֆիկացրեցինք շենքը: Այս ընթացքում գնել ենք նաև NISSAN և Գազել մակնիշի ավտոբուսներ՝ աշխատողներին հարմարավետ և անվտանգ տեղափոխելու համար, իսկ հին ավտոբուսն այժմ կապիտալ վերանորոգում ենք:
d7125aadbcf69ce15c937739d3d8fe02
Իմ երազանքը միշտ եղել է ունենալ Աստղադիտարան, որտեղ հավասարակշիռ էկոհամակարգ է, որի համար մինչ այսօր շարունակում ենք ակտիվորեն աշխատել, այսինքն՝ ունենք ժամանակակից տեխնոլոգիաներ և ինչպես տեսնում եք այգին մեզ մոտ պահպանված է՝ շարունակելով ավելի ու ավելի բարեկարգվել, ծաղկեցվել ՝ շնորհիվ աստղագետների անաչառ պաշտպանության: Այսօր գիտությունը և կրթությունը զարգանում է մեծ քաղաքներից հեռու, ստեղծվում են գիտական, համալսարանական քաղաքներ և այլն և այլն. ըստ էության Բյուրականի աստղադիտարանում ունենք բոլոր հնարավորությունները նման բան ստեղծելու համար, այսինքն՝ ցանկություն կա, որ մեր ուսանողների կրթությունը այստեղ լինի, այստեղ լինի նաև միջազգային գիտական-կրթական կենտրոն, որը, կրկնում եմ, լինելով բավականին գայթակղիչ՝ մյուս կողմից պահանջում է իհարկե նաև ֆինանսական ներդրումներ: Մենք կարող ենք դառնալ (սրա մասին ես շատ եմ խոսել) Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար աստղաֆիզիկայի գիտակրթական կենտրոն: Շուտով, ըստ երևույթին նոր տնօրեն կունենանք, բայց ծրագրերը կլինեն փոխանցումային, այդ ընթացքը կգնա և նոր տնօրինության ժամանակ էլ կշարունակվեն իրագործվել: Ժամանակն է, որ ավելի երիտասարդ սերունդը գա մեզ փոխարինելու՝ նոր ավյունով ու եռանդով: Ես Աստղադիտարանի տնօրինության անդամ եմ շատ վաղուց, եկող տարի կլրանա արդեն երեսուն տարին, իսկ վերջին տասնմեկ տարում տնօրեն եմ եղել: Ես այսօր այստեղ շատ բաներ եմ տեսնում, որ չկային և հիմա կան, և ամենակարևորն է, որ այդ զարգացումը շարունակական լինի, այնպես, որ սա կյանքի օրենքն է: Կան բազմաթիվ բաներ, որոնք պայմանավորում են ընդհանրապես հաջողակ աշխատանքի ընթացքը: Նույնը նաև էկոհավասարակշռությանն է վերաբերվում, որի աննշան խախտումը կարող է տանել դեպի կործանում, որովհետև մարդը որպես էակ ավելի շատ սպառող է, առանց մտածելու, թե ուր է տանում դա, որքանով այն կարող է ազդել մարդկային կյանքի գոյության վրա: Միակ տեղը տիզերքում առայժմ երկիր մոլորակն է, ուր կյանք գոյություն ունի, և որը բավականին գեղեցիկ է ու արժեքավոր››,- անդրադառնալով կատարվելիք հետագա ծրագրերին այսպիսի լավատեսական և խորիմաստ նոտայով էլ ավարտեց մեր այսքան բովանդակալից զրույցը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Վերջում հավելենք, որ Յունեսկոյի հրատարակմամբ ‹‹Աշխարհի հիշողությունը›› գրքում Հայաստանից հիշատակվում են երկու կարևորագույն պատմա-մշակութային և գիտական եզակի արժեքները՝ Մատենադարանը և Բյուրականի Աստղադիտարանը, որոնք իրենց մնայուն և անգնահատելի դերով ուրույն տեղ ունեն աշխարհի հիշողության մեջ:
Մերի Եղիազարյան

Leave a Response