ԱրժեքներԳլխավոր

Չդերասանը խաղալով փչացնում է մարդկանց ճաշակը. Տիգրան Գասպարյան

7.6kviews

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի հետ զրուցում ենք թատրոնի առօրյայի, ձեռքբերումների, սերունդների տարբերության և առհասարակ թատերական իրականության մասին:

Պարոն Գասպարյան ներկայացրեք խնդրեմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի այսօրը, ի՞նչ նոր ներկայացումներ, պրեմիերաներ ունեք:

Վերջին պրեմիերան ‹‹Ռիչարդ երրորդն›› է՝ Արթուր Սահակյանի բեմադրությամբ, գլխավոր դերում՝ Տիգրան Ներսիսյան : Պրեմիերան եղավ ապրիլի 3-ին, հանդիսատեսը շատ լավ ընդունեց, շատ լավ խոսքեր լսեցինք, որն անչափ ուրախալի էր մեզ համար: Վարդուհի Վարդերեսյանն էլ ասաց, որ սա մայրաքաղաքային ներկայացում է:

2012թ.-ին մասնակեցել եք Շեքսպիրյան փառատոններին, կպատմե՞ք մի փոքր դրա մասին:

2012թ մենք գնացինք Շեքսպիրյան փառատոնի Լոնդոն ‹‹Globe to Globe ›› փառատոնին, մասնակցում էր 37 երկիր, շատ հայտնի թատրոններ կային, ասենք՝ Վախթանգովի թատրոնը, Մառջանշվիլիի անվան թատրոնը, և բազմաթիվ այլ երկրներների թատրոններ, որոնք բավականին հզոր են: Ափսոս, որ հաղթանակը հորիզոնականներով չէր որոշվում, ասենք՝ առաջին, երկրորդ, որովհետև այն, ինչ որ մեզ ասվեց, և այնպես, ինչպես ներկայացանք՝ անկասկած առաջինն էինք: Գլոբուսի գեղարվեստական ղեկավարը` ասաց, որ Գլոբ թատրոնը կարծես մեզ համար կառուցված լիներ: Եվ ասաց, որ այդ ներկայացումը դաս էր մեզ համար:

Մի քանի օր առաջ երբ ‹‹Ջոն արքան›› այստեղ խաղացին, եկել էին տարբեր երկրների շեքսպիրյան փառատոնների տնօրեններ և նույնպես շատ գոհ էին, գովեստի շատ խոսքեր լսեցինք: Այդ ժամանակ մեզ հետ էր նաև թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Վերջինս էլ հաջորդ օրն ինձ ասաց, որ այդ ներակայացումով իսկական ֆուրոր արեցինք:

Իսկապես այնպիսի բաներ ասվեցին, որ, լավ առումով, ամաչել կարելի է:

Այս տարի էլ սեպտեմբերին պետք է գնանք Բրեստ՝ փառատոնին մասնակցելու:

Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ ‹‹ ուղեղները լքում են Հայաստանը›› . այս առումով Սունդուկյան թատրոնը որքանո՞վ է տուժել:

Եթե տուժել է, ապա ոչ հիմա, դեռ շատ տարիներ առաջ թատրոնից դերասանները գնացին Ամերիկա, նույն Ալիկ Խաչատրյանը՝ իսկական Սունուկյանցի, Ալլա Թումանյանը, Թամար Հովհաննիսյանը (գնաց շատ երկար ժամանակ կորցրեց, հիմա նոր եկել է):

Իհարկե տաղանդավոր մարդկանց կորուստներ ունեցել է Սունդուկյան թատրոնը, բայց ոչ հիմա, շատ տարիներ առաջ:

Մի փոքր խոսենք սերունդների տարբերության մասին. ինչպիսի՞ն է տարբերությունը նախկին և ներկա սերունդների թատրոններում:

Ոնց որ մյուս ոլորտներում, արվեստում էլ, ցավոք սրտի համացանցն այսօր շատ մեծ տեղ է զբաղեցնում մարդու կյանքում, ավելին, քան անհրաժեշտ է: Իհարկե այն շատ կարևոր գործոն է՝ եթե ճիշտ է ծառայում իր նպատակին, այն է՝ ինֆորմացիայի լայնամասշատաբ աղբյուր: Մեր երիտասարդության համար այն իսկապես հիվանդություն է դարձել ՝ ամբողջովին գրավելով հոգևոր սննդի տեղը:

Բայց մեզ մոտ շատ լավ երիտասարդություն կա: Նույն ստուդիայում շատ լավ ուսանողներ կան, բայց այդ հոգևոր արժեքների հետաքրքրության պակասը, ցավոք սրտի, ամենուր է զգացվում :

Դուք նկարահանվել եք նաև սերիալներում, բայց, այնուամենայնիվ, լինելով թատրոնի մարդ ինչպե՞ս եք վերաբերվում այսօրվա մեր սերիալային իրականությանը :

Ես սերիալ փաստին դեմ չեմ կարող լինել, դա նույն է՝ երբ որ ասեմ, թե դեմ եմ բարձրահարկ շենքերին: Կարող է ես սիրեմ կամ չսիրեմ՝ դա ուրիշ հարց է , բայց ընդհանուր երևույթին չեմ կարող դեմ լինել: Հարցն այստեղ որակի մեջ է, որ եթե կառուցվում է բարձրահարկ շենք, ապա պետք է կառուցվի որակով, գեղեցիկ, նույնը վերաբերվում է սերիալներին՝ թող լինեն որակյալ, թող խաղան որակյալ դերասաններ, ոչ թե չդերասաններ, որովհետև չդերասանը խաղալով փչացնում է մարդկանց ճաշակը: Ջահել սերնդի թվում է ՝ դերասանությունը դա է:

Ի՞նչ է տալիս թատերական ստուդիան, որքանո՞վ արժանի հետևորդներ ունեք:

Թատերական ստուդիան շատ մեծ դեր ունի, որովհետև այդտեղ սովորողներից եթե գոնե 2-3-ը շնորհքով դերասաններ լինեն, դա արդեն մեծ թիվ է : Ստուդիայի առավելությունն այն է, որ սովորողները միանգամից թատրոնի մարդ, դերասան են դառնում, թատրոնի մեջ են արդեն:

Ի՞նչ եք կարծում ինչու՞ է այսօր թատրոն հաճախողների թիվը էապես նվազել, խոսքս առհասարակ բոլոր թատրոնների մասին է , ի՞նչն է պատճառը:

Դա հիմա ամբողջ աշխարհի խնդիրն է, միայն մերը չէ, այն ահռելի քաղաքներում, որտեղ բնակչությունը շատ է՝ նորից բախվում են այս խնդրին, թերևս նորից կրկնվեմ, որ սա հոգևոր արժեքների բացակայության պատճառով է:

Բայց մեր թատրոնում , բարեբախտաբար կա հանդիաստես, մարդիկ գալիս են, իհարկե, կուզենայինք , որ ավելի շատ լիներ հաճախողների թիվը:

Վերջում ի՞նչ կցանականայիք մաղթել մեր սերնդին, մեր երիտասարդությանը, որի խնդրով այսօր այդքան մտահոգ եք:

Կցանականայի, որ մի քիչ պահանջներն ավելանան, մի քիչ ‹‹թափ տան իրենց››, հետքրքրությունները համացանցային ոլորտից տեղափոխեն իրական արվեստի դաշտ, այդ վարակից հեռու մնան: Թող որ այդ տեղը լցվի կենդանի երևույթներով:

Զրուցեց Մերի Եղիազարյանը

Leave a Response