ԱրժեքներԳլխավոր

Տեղի ունեցավ ‹‹Չարի վերջը›› մանկական ներկայացման հանձնումը (լուսանկարներ)

921views

Ապրիլի 10-ին Երևանի Խորեոգրաֆիայի պետական թատրոնում տեղի ունեցավ նոր, գունեղ, մանկական երաժշտական ներկայացման հանձնումը՝ ‹‹Չարի վերջը››՝ Հովհ. Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա՝ դերասանուհի Լուսիա Աբրահամյանի բեմադրությամբ:  Երաժշտության հեղինակն է Վահե Հայրապետյանը,  պարերը բեմադրել է Սարգիս Հակոբյանը, իսկ հագուստի ձևավորմամբ զբաղվել է Լուսիա Աբրահամյանը:

Նշենք, որ սա դերասանուհու առաջին փորձն էր որպես բեմադրող-ռեժիսոր, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծ հանդիսատեսի կողմից:

gmpress.am-ի հետ զրույցում ներկայացման մասին իրենց տպավորություններով՝ մտահղացման փուլից սկսած մինչ հանձնումը, ինչպես նաև մաղթանքներով ու շնորհավորանքներով՝ բեմադրության ասպարեզում իր առաջին փորձերն անող դերասանուհուն ուղղված, կիսվեցին մասնակից դերասանները.  ‹‹ Սա արդեն թվով երկրորդ ներկայացումն է, որ խաղում եմ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում,  երկուսն էլ մանկական են: Պետք է ասեմ, որ մանուկ հանդիսատեսի համար խաղալը շատ ավելի բարդ է, որովհետև երեխաները յուրաքանչյուր ֆալշ միանգամից զգում են և անմիջական ռեակցիա են տալիս, պետք է լինել մաքսիմալ ազնիվ: Անդրադառնալով մեր այսօրվա ‹‹Չարի վերջին›› ասեմ, որ երբ լսեցի այս ներկայացման երաժշտությունը՝ Վահե Հայրապետյանի գրած, այն ինձ միանգամից  գրավեց  իր ռոքային, շատ պրոֆեսիոնալ տարրերով: Մենք սկսեցինք ձայնագրման փուլից, որը շատ հետաքրքիր պրոցես էր, հետո սկսվեց բեմադրությունը՝ Լուսիա Աբրահամյանի նախաձեռնությամբ, նրա մոտ սա դեբյուտ է, առաջին բեմադրությունն է, որը շատ հաջող է ստացվել, որովհետև, իմ կարծիքով, յուրաքանչյուր անցում արդարացված է: Նրա հետ շատ հետաքրքիր էր աշխատելը, ճիշտ է, կոնֆլիկտներ էլ եղան, բայց արդյունքում ստացվեց այն, ինչ որ տեսաք, իսկ արդեն գնահատական պետք է տան երեխաները և դուք՝ լրագրողներդ: Ես կարծում եմ, որ հաջողվել է, որովհետև մենք բեմի վրա հաճույք էինք ստանում, իսկ եթե դերասանը հաճույք է ստանում, դա փոխադարձ է, ինչպես և սիրո մեջ. բեմ-հանդիսատես հարաբերություններ իրենց արտահայտմամբ և փոխադարձությամբ նման են սիրուն: Սա, այսպես ասած, հանձնում էր, վերջին փորձն էր և ինձ թվում է, անհամեստություն չթվա իհարկե, հաջողվել է››,- ասաց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և արդեն իսկ  Խորեոգարֆիայի պետական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը:

Խորեոգրաֆիայի պետական և Պետական Կամերային երաժշտական թատրոնների դերասան Կարապետ Քարաջյանն էլ նշեց, որ այս հրաշալի մտահղացման հեղինակ Լուսիա Աբրահամյանը տեքստից ընդհանրապես ոչինչ չի փոխել, չի շեղվել հեղինակից՝ Թումանյանից և բոլորի կողմից գաղափարը միանգամից հավանության է արժանացել. ‹‹Հետո երբ ասաց, որ մյուզիքլային ժանրում է լինելու՝ ավելի շատ ոգևորվեցինք, իսկ անձամբ ինձ համար դա հոգեհարազատ ժանր էր, որովհետև Կամերայինում հիմնականում այդ ֆորմատով եմ հանդես գալիս: Ներկայացումը, կարծում եմ, ստացված է: Այսպես ասեմ, ‹‹Չարի վերջ››- ը  իր բնույքով ողբերգական ստեղծագործություն է, բայց այստեղ ռեժիսորն աշխատել էր զերծ մնար դրանից, որ ճնշող մթնոլորտ  չստեղծվեր բեմում և փոխանցվեր հանդիսատեսին, թեթև ներակայացրեցինք հեքիաթը: ‹‹Չարի վերջ››- ի գաղափարի մասին բոլորն էլ գիտեն, թե ինչու է հենց կկուին ընտրել Թումանյանը, որովհետև նա բույն չի դնում, ավելի շատ ուրիշների բների մեջ է, այսինքն՝ տուն ստեղծող չէ կկուն և աղվեսները, օգտագործելով այդ հանգամանքը՝ օգտվելով առիթից տանում են ձագերին: Եթե  քաղաքականության վերածենք՝ նույնը կատարվում է այսօր և թեման շատ արդիական է, հենց գաղափարային  հիմքում դա էր ընկած, ուղղակի չի արտացոլվում. երեխաներն այդքանը չեն հասկանա, բայց մեծերը, ծնողները հաստատ կհասկանան ասելիքը.  սա, ըստ իս, որպես դերասան: Վերջին կտորը, եթե հիշում եք, համաձայնության են գալիս, ոնց որ մեր Հայաստանն ու իր հարևան պետությունները՝ ֆիկտիվ համաձայնության են գալիս, հետո Հայաստանին ‹‹դեմ են տալիս›› տարբեր պետությունների, հետո ստացվում է այսպես: Արդիականացնելով թեման ասեմ, որ բոլորս պետք է հիշենք՝  հայը մենակ է ու միշտ էլ մենակ է եղել, հույսը պետք է միայն մեզ վրա դնենք և վերջ:

 

Քանի որ ‹‹Չարի վերջ››- ը  Լուսիայի առաջին բեմադրությունն էր, այս առիթով մաղթում եմ նրան երկարատև բեմական կյանք, առաջին հերթին որպես դերասանուհի՝ հետո  նոր նաև ողջունելի է, որ նա փորձ է անում ռեժիսորական ասպարեզում: Միշտ այսպես ժրաջան, ուժեղ կամքի տեր լինի, համառորեն առաջ գնա: Ամենակարևորը դա է, որովհետև այսօր այս ասպարեզում կոտրող հանգամանքները շատ-շատ են, մանավանդ ֆինանսական առումով, և նմանատիպ այլ մանր-մունր կենցաղային խնդիրներով, որն անդրադառնում է ամբողջ խմբի և հենց առաջին հերթին ռեժիսորի աշխատանքի վրա: Կմաղթեմ, որ հաղթանակած գնա առաջ ու միշտ շարունակի իր հաղթարշավը››,- ասաց նա:

Ներկայացումը, ինչպես փաստում է դերասանուհի և նորաթուխ բեմադրող-ռեժիսոր Լուսիա Աբրահամյանը, մեկ անգամ արդեն փորձել են իրականացնել, բայց հնարավորություն չունենալու պատճառով չի ստացվել.  ‹‹Ես առաջին հերթին  դերասանուհի եմ, երբևիցե չեմ փորձել ինչ-որ բան բեմադրել, շատ պատահական ստացվեց, որովհետև գործն արդեն երկու-երեք տարի իմ մտքում կար. փորձեցինք մի անգամ իրականացնել՝ հնարավորություն չեղավ: Մի անգամ հանդիպեցինք բոլորով և հիշեցրեցի բեմադրության մասին՝ ասելով՝ եկեք բեմադրենք՝ այն հույսով, որ  թատրոնն ունի գլխավոր ռեժիսոր, և նա դա կանի: Թատրոնի տնօրենը՝ տիկին Գայանե Կարապետյանն ասաց, որ ինքս բեմադրեմ: Ես, իհարկե ասացի, որ չեմ կարող, բայց նա ասաց, որ ինձ վստահում է և  պետք է անեմ: Չորս տարի է արդեն աշխատում եմ այս խմբի հետ և նրանք կոլեգաներ լինելուց բացի նաև իմ ընկերներն են. ես նրանց հարցրեցի ՝ արդյո՞ք կվստահեն ինձ որպես ընկեր, ով իրենց հետ պետք է բեմադրի ներկայացումը, որովհետև ընկեր-կոլեգա կապը մի քիչ այլ է, քան ռեժիսոր և դերասանը: Բոլորը մեծ ուրախությամբ համաձայնվեցին և այսպես միահամուռ  լծվեցինք այս գործին:

Ուզում եմ շեշտել, որ բոլորն ինձ հետ հավասար բեմադրել և աշխատել են, որովհետև սա իմ դեբյուտն է և ընկերներս թև ու թիկունք եղան ինձ: Կարծում եմ ստացվեց, համենայնդեպս, հուսով եմ, որովհետև շատ քրտինք է թափվել այս ներկայացման վրա, շատ սիրով ենք աշխատել:

 

Ներկայացումը շատ հատկանշական է նախ այն առումով, որ առաջին հերթին  շատ եմ սիրում մեր Ամենայան հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանին, նա անփոխարինելի է ինձ համար և ինչու հենց ‹‹Չարի վերջ››ը՝ որովհետև համ երեխաների համար է, համ էլ  շատ արդիական. թաքնված քաղաքականություն կա մեջը, որն ինչքան էլ թաքցնես, միևնույնն է, մի տեղ պոռթկում է լինում: Մերօրյա խնդիր է այդ չարի վերջը, դավաճան հարևանները, որոնք մի ձեռքի շարժումով պարզապես փախան, մեղադրող հարևաններ, ինչ որ մի տեղ սա կարելի է կապել նաև վեջին օրերի իրադարձությունների հետ. մի ձեռքի շարժումով դավաճանեցին, հետո սկսեցին ամոթանք տալ, թե դու ես մեղավոր՝ ինչի եկար, հերիք չի եկար սարի վրա բույն դրեցիր՝ մեզ էլ հետը կրակը գցեցիր…մի խոսքով շատ արդի  և հանճարեղ գործ է›› անկեղծացավ Լուսիա Աբրահամյանը:

Այն հարցին, թե նման պրոեկտներն արդյոք շարունակական են լինելու՝ դերասանուհին պատասխանեց. ‹‹Կարծում եմ այո, որովհետև երեխաներն ամենաբարդ հանդիսատեսն են և ամենախիստ քննադատը իմ ութամյա դուստրն է, որի կարծիքն այս պարագայում առաջնահերթ է ինձ համար և այն դրական է››:

Լուսանկարներն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Leave a Response